Պերմյակովը դատահոգեբանական ու դատահոգեբուժական փորձաքննություն կանցնի

Պերմյակովը դատահոգեբանական ու դատահոգեբուժական փորձաքննություն կանցնի

PanARMENIAN.Net - Ավետիսյանների ընտանիքի սպանության մեջ մեղադրվող Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմակայանի զինծառայող Վալերի Պերմյակովը սեպտեմբերի 17-ին դատահոգեբանական ու դատահոգեբուժական փորձաքննության կենթարկվի։ Ինչպես հայտնել է տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Երվանդ Վարոսյանը, փորձաքննությունն անցկացվելու է Գյումրիում տեղակայված ռուսական ռազմակայանի տարածքում:

Պերմյակովի դատահոգեբանական ու դատահոգեբուժական փորձաքննություն նշանակելու միջնորդությամբ նախաքննական մարմնին դիմել էին տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչները։ Նրանք ներկա են լինելու փորձաքննությանը, հայտնում է Armenia Today-ը:

Օգոստոսին հայտնի դարձավ, որ տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչները միջնորդելու են, որպեսզի Պերմյակովը ենթարկվի դատահոգեբուժական փորձաքննության հայկական կողմում: «Մեծ հույսեր չունենք, որ հայկական կողմը ռուս փորձագետի եզրակացության պարագայում հակառակ արդյունք կտա, բայց հետևողական ենք լինելու, որ նշանակվի այդ փորձաքննությունը», -ասել էր փաստաբան Սահակյանը:

102-րդ ռուսական ռազմակայանի զինծառայող Վալերի Պերմյակովը դատապարտվել է10 տարվա ազատազրկման՝ զենքով դասալքության, զենք և զինամթերք գողանալու և դրա անօրինական ձեռքբերման, փոխանցման, պահպանման, տեղափոխության և կրման հանցագործությունների համար նախատեսված ՌԴ քրեական օրենսգրքի երեք հոդվածով: Դատապարտյալը պատիժը կկրի խիստ ռեժիմով գաղութում: Այսպիսի դատավճիռ է կայացրել Հայաստանում տեղակայված Ռուսաստանի 5-րդ կայազորային զինդատարանը օգոստոսի 12-ի նիստում:

Հունվարի 12-ին Գյումրիում հայտնաբերվել էին Ավետիսյանների ընտանիքի 6 անդամի դիերը: Ընտանիքի մյուս երեխան՝ 6-ամսական Սերյոժա Ավետիսյանը, ծանր մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց, որտեղ հունվարի 19-ին մահացել էր: Հայ-թուրքական սահմանը հատելու փորձի ժամանակ հայտնաբերված կասկածյալ Վալերի Պերմյակովին մեղադրանք էր առաջադրվել, նա ընդունել էր կատարած հանցանքը: Նրան տեղափոխել էին ռուսական ռազմակայան, ինչը բողոքի մեծ ալիք էր բարձրացրել հասարակության շրջանում:

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունը վարույթ է ընդունել հունվարի 12-ին Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի՝ 7 անձի սպանության դեպքի առթիվ հարուցված քրգործը։ Կազմվել է քննչական խումբ, որում ընդգրկվել են ՀԿԳ քննության գլխավոր վարչության և Շիրակի մարզային քննչական վարչության քննիչները։ Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են ինքնաձիգ, ինքնաձիգից արձակված պարկուճներ, պահունակ՝ փամփուշտներով, ՌԴ զինծառայողի տարբերանշանով զինվորական համազգեստ, կոշիկներ:

Ըստ Պերմյակովի ցուցմունքի, նա Ավետիսյանների տանը մնացել է 10-15 րոպե, տեղանքին ծանոթ չի եղել: Զինծառայողը ցանկացել է անցնել հայ-թուրքական սահամնը, սակայն սահմանապահները ձերբակալել են: Ըստ սղագրության, «Պերմյակովը հայտարարել է, որ սկզբում սպանելու մտադրություն չի ունեցել, այլ ուղղակի վախեցնելու համար օդ է կրակել»: Ավետիսյանների տանից նա ուզում էր միայն փող վերցնել, իսկ մեկ այլ տնից հագուստ` Թուրքիա, հետո Ռուսաստան հեռանալու նպատակով: Ինքնաձիգը վերցրել է, որպեսզի շներին քշի, հետագայում մտադիր է եղել վաճառել զենքը: Պատահական տուն է մտել, մարդիկ քնած են եղել, բայց արթնացել են: Նա վախեցել է և սպանել նրանց, թողել ամեն ինչ և փախել: Պերմյակովն ասել է, որ ուզում էր ընդհանրապես խուսափել ծառայությունից: Նա ասել է, որ մեղսակից չունի, ինքն է որոշել փախչել պահակակետից դրանից մի քանի օր առաջ: Ըստ նրա, հասկանում էր, որ կողոպուտ է կատարում, երբ զենքով լքում էր զորամասը:

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---