ԱԶԲ-ն $89,3 մլն կտրամադրի ՀՀ-ում սեյսմակայուն դպրոցների կառուցմանը

ԱԶԲ-ն $89,3 մլն կտրամադրի ՀՀ-ում սեյսմակայուն դպրոցների կառուցմանը

PanARMENIAN.Net - Ասիական զարգացման բանկը (ԱԶԲ) $89,3 միլիոնի աջակցություն կցուցաբերի Հայաստանին՝ ուղղված սեյսմակայուն դպրոցների կառուցմանը և աշխարհի ամենաակտիվ սեյսմիկ տարածաշրջաններից մեկում բնական աղետներին արձագանքելու կարողության զարգացմանը:

ԱԶԲ-ի տրամադրած վարկն ու դրամաշնորհը կաջակցեն առնվազն 46 առաջնահերթ դպրոցի: Տրամադրված միջոցները կօժանդակեն նաև համապատասխան դպրոցներում աղետներին նախապատրաստման և արձագանքման պլանների մշակմանը: Համայնքներում յուրաքանչյուր դպրոցի համար կկազմակերպվեն իրազեկման արշավներ սեյսմիկ իրավիճակներին արձագանքելու վերաբերյալ:

Ներկայումս Հայաստանում գործող մոտ 1.400 դպրոցից մոտ 1000-ը սեյսմիկ ամրացման և վերակառուցման կարիք ունի: Աշխատանքների գնահատված ծախսերը կազմում են մոտ $1.2 միլիարդ:

ԱԶԲ-ի օժանդակությունը կազմում է $88.5 միլիոնի վարկ ԱԶԲ-ի արտոնյալ ֆոնդից և 800.000-ի չափով տեխնիկական աջակցության դրամաշնորհ: Կառավարությունն իր կողմից կտրամադրի 18.5 միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք աջակցություն: Ծրագրի տևողությունը 5 տարի է, ակնկալվող ավարտը 2020-ի նոյեմբերն է:

«1988-ի Սպիտակի ավերիչ երկրաշարժից ի վեր ՀՀ իշխանությունները բազում քայլեր են ձեռնարկել՝ ուղղված արտակարգ իրավիճակների կառավարման և արձագանքման համակարգերի մշակմանը, ինչպես նաև սեյսմակայուն ճարտարապետական նախագծման և շինարարության բարելավմանը», - նշել է ԱԶԲ-ի Կենտրոնական և Արևմտյան Ասիայի տարածաշրջանային վարչության քաղաքաշինության գլխավոր տնտեսագետ Յոնգ Յեն:

Նրա խոսքով՝ Ծրագիրը կաջակցի Կառավարությանը դպրոցները վերակառուցելու և ամրացնելու գործում՝ համապատասխանեցնելով դրանք սեյսմակայունության ավելի բարձր չափանիշների: Այն կօժանդակի Կառավարությանը զարգացնելու սեյսմիկ ռիսկերը կառավարելու կարողությունն ու նախաձեռնությունները:

Աջակցության այս ծրագրի համար հիմք է ծառայում ԱԶԲ-ի՝ աղետներին արձագանքման փորձը այլ երկրներում, այդ թվում 2015-ի Նեպալի երկրաշարժի ժամանակ: Ծրագրի շահառուներն են մոտ 58.700 աշակերտ, ուսուցիչ և դպրոցի անձնակազմը, ինչպես նաև ընտրված դպրոցների հարակից համայնքների ավելի քան 87.000 բնակիչ, ովքեր երկրաշարժի դեպքում կկարողանան օգտվել բարելավված ժամանակավոր ապաստաններից:

Սա ԱԶԲ-ի արդյունքների վրա հիմնված առաջին վարկավորումն է Կենտրոնական և Արևմտյան Ասիայի տարածաշրջանում: Վարկավորման այս նոր ձևը հաստատվել է ԱԶԲ-ի խորհրդի կողմից 2013-ին՝ նպաստելու հաշվետվողականության բարելավմանը, արդյունքների և ծրագրերի շարունակականության ապահովմանը, ինչպես նաև բարելավելու պետական ոլորտային ծրագրերի արդյունավետությունը՝ դրանով խթանելով ինստիտուցիոնալ զարգացումն ու կառավարման արդյունավետությունը:

ԱԶԲ-ն, որի կենտրոնակայանը գտնվում է Մանիլայում, նպատակ ունի նվազեցնելու աղքատությունը Ասիայում և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում՝ ներառական տնտեսական աճի, բնապահպանական կայուն աճի, ինչպես նաև տարածաշրջանային ինտեգրման միջոցով: ԱԶԲ-ն հիմնադրվել է 1966-ին և պատկանում է իր 67 անդամին, որոնցից 48-ը Ասիական տարածաշրջանից են: 2014-ին ԱԶԲ-ի աջակցությունը կազմել է $22.9 միլիարդ՝ ներառյալ $9.2 միլիարդի չափով համաֆինանսավորում:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---