ԵԱՀԿ ՄԽ-ն անկարող է հասկանալ, թե որտեղից է ծագել բռնությունը և կոչ է անում պահպանել քաղաքացիական անձանց անվտանգությունը

ԵԱՀԿ ՄԽ-ն անկարող է հասկանալ, թե որտեղից է ծագել բռնությունը և կոչ է անում պահպանել քաղաքացիական անձանց անվտանգությունը

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ), Իգոր Պոպովը (Ռուսաստան) և Պիեր Անդրյուն (Ֆրանսիա), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կարպշիկը սեպտեմբերի 25-ին հայտարարություն են տարածել, որում իրենց լուրջ մտահոգությունն են հայտնել քաղաքացիական բնակավայրերի ուղղությամբ ականանետների և ծանր զրահատեխնիկայի օգտագործման առնչությամբ:

«Նման զենքերի կիրառումը հակամարտությունում անընդունելի լարվածություն է առաջացնում: Մենք մեր խորագին վշտակցությունն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին` միջազգային սահմանի և շփման գծի երկու կողմերում կորուստների առնչությամբ: Մենք կողմերին հնարավոր ամենաազդեցիկ խոսքերով դիմում ենք` խուսափելու քաղաքացիական անձանց հետ տեղի ունեցող դժբախտ դեպքերից: Կողմերը Ժնևյան կոնվենցիայով պարտավորված են պահպանել ոչ զինծառայողների անվտանգությունը», - նշվում է հայտարարության մեջ:

Համանախագահներն ափսոսանք են հայտնել, որ դեպքերը տեղի են ունեցել Նյու Յորքում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների ծրագրավորված հանդիպման նախօրեին:

«Մենք ակնկալում ենք նախարարներից լուրջ քննարկումներ բռնության ավելացման, ինչպես նաև խնդրի բանակցային կարգավորման շուրջ խնդիրների վերաբերյալ: Մենք անկարող ենք հստակորեն հասկանալ, թե որտեղից է ծագել բռնությունը, քանի որ ամեն կողմը մեղադրում է մյուսին», - նշել են համանախագահները՝ ընդգծելով, որ կողմերը պետք է աշխատեն ԵԱՀԿ հետաքննության մեխանիզմի շուրջ, ինչպես քննարկել էին նախագահները:

Միաժամանակ, ԵԱՀԿ ՄԽ-ն շեշտում է, որ շարունակելու է աշխատել կողմերի հետ ամենաբարձր մակարդակով` թուլացնելու լարվածությունը և առաջընթաց գրանցելու տևական և խաղաղ կարգավորման հարցում:

Սեպտեմբերի 24-ին և լույս 25-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ամբողջ երկայնքով հակառակորդը շարունակել է ինտենսիվորեն խախտել հրադադարի պահպանման ռեժիմը: Հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է մոտ 260 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 և 82 մմ-ոց ականանետերից ու ՌՊԳ-7, ՀԱՆ-17 և ՍՊԳ-9 տիպի նռնականետերից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 4.000 կրակոց: Վերոնշված զինատեսակներից բացի հայկական դիրքերի ուղղությամբ հակառակորդը կիրառել է նաև թուրքական արտադրության TR-107 տիպի ռեակտիվ հրթիռահրետանային կայանք:

ՊԲ առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված պատասխան գործողությունների արդյունքում` հակառակորդի ակտիվությունը ճնշվել է:

Սեպտեմբերի 24-ի երեկոյան Ադրբեջանի կողմից Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի գնդակոծության հետևանքով զոհվել էր երեք կին, ևս երկու գյուղացի վիրավորվել էին: Զոհվածներն են 83-ամյա Պայծառ Աղաջանյանը, 94-ամյա Շուշան Ասատրյանը, 41-ամյա Սոնա Ռևազյանը:

Սեպտեմբերի 23-ին Ադրբեջանը գնդակոծել էր Տավուշի մարզի Դովեղ և Բարեկամավան գյուղերը: Զոհեր և վիրավորներ չկային, սակայն գյուղերը կրել են նյութական վնաս:Իսկ սեպտեմբերի սկզբին Ադրբեջանը մի քանի օր ինտենսիվ գնդակոծության է ենթարկել հայկական գյուղերը՝ կիրառելով խոշոր տրամաչափի գնդացիրներ, զենիթային թնդանոթներ, նռնականետներ, ականանետներ, 107-մմ ռեակտիվ հրետանային կայանքներ: Բացի զինծառայողներից, գնդակոծությունների ընթացքում վիրավորվել է նաև հինգ խաղաղ բնակիչ: Բացի այդ, զգալի վնաս է հասցվել բազմաթիվ բնակելի տներին ու համայնքային նշանակության շինություններին:

Սեպտեմբերի 24-ի երեկոյան աշխատանքային այցելությամբ Նյու Յորք ժամանելուն պես ԱԳ նախարար Էդվարդ Նալաբանդյանը հանդիպում ունեցավ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ջեյմս Ուորլիքի և Պիեռ Անդյոյի հետ։ Հանդիպմանը մասնակցում էր ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը։ ՀՀ ԱԳՆ հաղորդմամբ, նախարարն իր վրդովմունքը հայտնեց Ադրբեջանի կողմից զինադադարի կոպիտ խախտումների կապակցությամբ, որոնք հանգեցրել են խաղաղ բնակչության շրջանում մարդկային կորուստների։

«Ադրբեջանը վատ ավանդույթ է դարձրել տարածաշրջան կարևոր այցելություններից, բարձր մակարդակի հանդիպումներից առաջ Արցախի հետ շփման գծում և Հայաստանի հետ սահմանին ամեն՝ նույնիսկ մարդկային զոհերի գնով իրավիճակը սրումը՝ դրանով իսկ կասկածի տակ դնելով հանդիպումների նպատակահարմարությունը, խոչընդոտելով բանակցային գործընթացը»,_-շեշտեց Նալբանդյանը։

Խստորեն դատապարտելով Ադրբեջանի կողմից հրադադարի խախտման հետևանքով ՀՀ երեք քաղաքացիների սպանությունը` նախարար Նալբանդյանն ասաց. «Այս հերթական սադրանքը դարձավ Ադրբեջանի արձագանքը Մինսկի խմբի համանախագահների հնչեցրած` Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև Նյու Յորքում արդյունավետ բանակցություններ ունենալու ակնկալիքին»։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---