Նախագահ. Ցեղասպանության ճանաչման և դատապարտման գործընթացը նոր ավելի բարձր մակարդակ է արձանագրել

Նախագահ. Ցեղասպանության ճանաչման և դատապարտման գործընթացը նոր ավելի բարձր մակարդակ  է արձանագրել

PanARMENIAN.Net - ՀՀ նախագահի նստավայրում սեպտեմբերի 26-ին մեկնարկել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի 6-րդ նիստը, որը վարում է հանձնաժողովի նախագահ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

Նիստի սկզբում նախագահի աշխատակազմի ղեկավար, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների գլխավոր համակարգող Վիգեն Սարգսյանը ներկայացրել է Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների վերաբերյալ միջանկյալ զեկույց, որից հետո տեղի է ունեցել պարգևատրման արարողություն:

Սարգսյանի հրամանագրերով, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների կազմակերպման և անցկացման աշխատանքներին ցուցաբերած գործուն աջակցության համար Հայաստանի և Սփյուռքի մի խումբ բարերարներ, գործարարներ պարգևատրվել են ՀՀ պետական բարձր պարգևներով, արժանացել՝ շնորհակալագրերի: Նախագահը հանձնել է պարգևները, շնորհավորել պարգևատրվածներին և մաղթել հաջողություններ:

«Ձեզնից յուրաքանչյուրի ներդրումը համազգային նշանակության այս գործում, իրոք, մեծ է: Շնորհակալ եմ ձեզ մեր կոչին անսալու ամբողջ աշխարհին հասանելի դարձած միջոցառումներին սատարելու համար: 2015-ը բացառիկ տարի է բոլորիս համար: Մեծ եղեռնի 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովը նախանշել և իրականացրել է միջոցառումների հսկայական շարք ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում: Այդ միջոցառումների աշխարհագրության, ընդգրկուն ծավալի և որակի մասին, կարծում եմ, կարիք չկա մեկ անգամ ևս խոսելու», - ասել նախագահը:

Նրա խոսքով՝ մենք՝ որպես պետություն և որպես աշխարհասփյուռ հայություն, պատվով ենք հանձնել այս քննությունը: «Պատշաճ մակարդակով և իրապես բարձր հնչեղությամբ տեղ հասցրեցինք մեր ուղերձը: Նաև աշխարհին ներկայացանք որպես վերածնված և մեծ ներուժ ունեցող ազգ, որ քայլում է քաղաքակրթությանը համընթաց: Համաշխարհային հանրությունը վկան եղավ հայության արժանապատիվ ու բացառիկ միասնական կեցվածքին: Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման գործընթացն արձանագրեց նոր՝ ավելի բարձր մակարդակ», - նշել է նախագահը:

Սարգսյանի խոսքով՝ դա հնարավոր եղավ ՀՀ և համայն հայության ուժերի և հնարավորությունների համախմբման շնորհիվ:

«Մենք բոլորս միասին մեր գործով վերահաստատեցինք այն հավերժական ճշմարտությունը, որ հայերի միասնականությունը կարող է լուծել շատ բարդ խնդիրներ: Իսկ եթե բոլորս համախմբենք, մենք որևէ անլուծելի խնդիր չենք կարող ունենալ: Անձամբ ես այնպիսի տպավորություն ունեմ, որ աշխարհում չգտնվեց մի հայ, որ անմասն մնար այս միջոցառումներին սատարելուց՝ լինի բարերար կամ արվեստագետ, նվիրատու կամ լրագրող, ցուցարար կամ դիվանագետ, կամավոր կամ պաշտոնյա, գիտնական կամ հոգևորական: Մենք արեցինք այն, ինչը մեր պարտքն էր: Եվ անելու ենք այնքան, քանի դեռ մենք մեր պարտքերը չենք վերադարձրել մեր Սբ նահատակների հիշատակի առջև», - ընդգծել է Սարգսյանը:

Սեպտեմբերի 25-26-ին Երևանում ընթանում է «Հիշում եմ և պահանջում» փորձագիտական համաժողովի` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ծրագրի ընթացքի վերաբերյալ քննարկումը և կայացած միջոցառումների արդյունքների ամփոփումը:

Հայոց ցեղասպանություն

Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին:

Դեռևս Ցեղասպանության իրագործման տարիներին` 1915-23թթ. տերությունները ընդունեցին հայերի կոտորածը դատապարտող բանաձևեր: ԱՄՆ-ն երեք անգամ (1916, 1919, 1920) նմանատիպ բանաձևեր է ընդունել, սակայն դա չկասեցրեց Օսմանյան կայսրության գործողությունները: 1915թ. Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Ռուսաստանը հանդես եկան համատեղ հռչակագրով` դատապարտելով հայերի բնաջնջումը:

Աշխարհի շատ երկրներ և ազդեցիկ միջազգային կազմակերպություններ ճանաչել և դատապարտել են Հայոց ցեղասպանությունը: Պաշտոնապես առաջինը Հայոց ցեղասպանությունն ընդունել և դատապարտել է Ուրուգվայը 1965թ-ին: Հայոց ցեղասպանությունը ճանաչել են նաև Եվրոպայի Խորհուրդը, Եվրախորհրդարանը, ՄԱԿ-ի խտրականության կասեցման և փոքրամասնությունների պաշտպանության կանխարգելման ենթահանձնաժողովը, ՄԱԿ-ի ռազմական հանցագործությունների գծով հանձնաժողովը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը: Հայերի ոչնչացումը պաշտոնապես ցեղասպանություն են ճանաչել Ֆրանսիան, Ավստրիան, Իտալիան, Գերմանիան, Բելգիան, Լյուքսեմբուրգը, Շվեդիան, Նիդերլանդները, Շվեյցարիան, Ռուսաստանը, Լեհաստանը, Լիտվան, Հունաստանը, Սլովակիան, Կիպրոսի Հանրապետությունը, Լիբանանը, Ուրուգվայը, Արգենտինան, Վենեսուելան, Չիլին, Բոլիվիան, Կանադան, Վատիկանը, Բրազիլիան, Լյուքսեմբուրգը, Գերմանիան, Պարագվայը, Սիրիան և ԱՄՆ-ի 45 նահանգ:

Բելգիայում և Շվեդիայում Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվություն է սահմանված (45 հազար եվրո տուգանքից մինչև 1 տարվա ազատազրկում): 2006թ. հոկտեմբերի 12-ին Ֆրանսիայի խորհրդարանն օրինագիծ ընդունեց, որի համաձայն Հայոց ցեղասպանության ժխտումը կքրեականացվի, ինչպես Հոլոքոսթը:

Ժամանակակից Թուրքիան ժխտում է Հայոց ցեղասպանության պատմական փաստը և վարում է այդ փաստի ժխտման ներքին և արտաքին քաղաքականություն: Թուրքական պետության գործողությունները ներկայացվում են որպես «բռնագաղթ»` հայերի անվտանգությունն ապահովելու նպատակով: Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին խոսում են միայն առանձին թուրք մտավորականներ, որոնց թվում են պատմաբան Թաներ Աքչամն ու Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկը:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---