ՊՆ. Այսուհետ հրետանին և հրթիռները խոցման տակ են պահելու ադրբեջանական ցանկացած ստորաբաժանման տեղակայման վայրերը

ՊՆ. Այսուհետ հրետանին և հրթիռները խոցման տակ են պահելու ադրբեջանական ցանկացած ստորաբաժանման տեղակայման վայրերը

PanARMENIAN.Net - ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել Ադրբեջանի զինուժի կողմից խաղաղ գյուղերի ու ԼՂ ՊԲ թիկունքային ստորաբաժանումների հրետանակոծման վերաբերյալ:

Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է. «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և միջազգային կառույցների ուշադրությունն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ հրադադարի ռեժիմի խախտման ընթացքում ադրբեջանական կողմից հրետանու կիրառումը շփման գծում նոր իրադրություն է ստեղծում, ինչը լայնածավալ ռազմական գործողությունների անցման հերթական քայլն է: Հակամարտության կարգավորման քաղաքական գործընթացին աջակցելու նպատակով մինչ այժմ ՀՀ զինված ուժերի զուսպ պահվածքը, ԵԱՀԿ ՄԽ համանախագահների և միջագային կառույցների արձագանքը որևէ կերպ չեն ազգում հակառակորդի վրա հրադադարի ռեժիմի պահպանման հարցում, դեռ ավելին, նրա մոտ սեփական զինված ուժերի գերազանցության պատրանք են ստեղծում` հրահրելով անպատժելիության մթնոլորտում դիմելու նորանոր արկածախնդրությունների»: «ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ հակառակորդի կողմից իրադրության հետևողական լարումը, որը պարբերաբար հանգեցնում է մարդկային կորուստների, ինչպես նաև միջազգային հանրության անհասցե քննադատությունը և մտահոգություններն անընդունելի են: Ուստի հակառակորդին լռեցնելու, նրա գործողությունները կանխարգելելու և դրանով իսկ բանակցային գործընթացին աջակցելու նպատակով ՀՀ զինված ուժերի կողմից այսուհետ օգտագործվելու են հրետանային և հրթիռային խոցման համարժեք միջոցներ` մշտական խոցման տակ պահելով ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումների տեղակայման վայրերը, բոլոր զորաշարժերը, զինտեխնիկան և կենդանի ուժը», - ընդգծվում է հայտարարության մեջ:

Սեպտեմբերի 25-ին` ժամը 17:30-ի սահմաններում, ադրբեջանական զինուժի կողմից թուրքական արտադրության TR-107 կայանքներից հրթիռահրետանային արկակոծման է ենթարկվել ԼՂՀ ՊԲ-ի հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասը, որի հետևանքով բեկորային մահացու վիրավորում են ստացել ՊԲ զինծառայողներ Նորայր Միքայելի Խաչատրյանը (ծնված 1995թ.), Ռոբերտ Սուրենի Մկրտչյանը (ծնված 1995թ.), Հարութ Մաքսիմի Հակոբյանը (ծնված 1997թ.) և Կարեն Գևորգի Շահինյանը (ծնված 1997թ.):

Սեպտեմբերի 24-ի երեկոյան Ադրբեջանի կողմից Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի գնդակոծության հետևանքով զոհվել էր երեք կին, ևս չորս գյուղացի վիրավորվել էին: Զոհվածներն են 83-ամյա Պայծառ Աղաջանյանը, 94-ամյա Շուշան Ասատրյանը, 41-ամյա Սոնա Ռևազյանը:Սեպտեմբերի 23-ին Ադրբեջանը գնդակոծել էր Տավուշի մարզի Դովեղ և Բարեկամավան գյուղերը: Զոհեր և վիրավորներ չկային, սակայն գյուղերը կրել են նյութական վնաս:Իսկ սեպտեմբերի սկզբին Ադրբեջանը մի քանի օր ինտենսիվ գնդակոծության է ենթարկել հայկական գյուղերը՝ կիրառելով խոշոր տրամաչափի գնդացիրներ, զենիթային թնդանոթներ, նռնականետներ, ականանետներ, 107-մմ ռեակտիվ հրետանային կայանքներ: Բացի զինծառայողներից, գնդակոծությունների ընթացքում վիրավորվել է նաև հինգ խաղաղ բնակիչ: Բացի այդ, զգալի վնաս է հասցվել բազմաթիվ բնակելի տներին ու համայնքային նշանակության շինություններին: Սեպտեմբերի 24-ին հայկական բանակի պատասխան գործողություններում ոչնչացվել է Պառավաքար գյուղի հարևանությամբ տեղակայված ադրբեջանական մարտական հենակետը, զոհվել էր հինգ ադրբեջանական զինվոր:

ՀՀ Քննչական կոմիտեն, իր հերթին, հայտնում է հրեետակոծման առիթով քրգործ հարուցելու մասին : Զոհերից բացի, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել և զինհոսպիտալ տեղափոխվել 16 ժամկետային զինծառայող՝ Արկադի Արմենի Մուրադյանը, Հարություն Նորիկի Թովմասյանը, Կարեն Սասունի Վարդանյանը, Վանիկ Ավետիքի Մարտիրոսյան, Թաթուլ Աշոտի Պողոսյանը, Սերգեյ Հարությունի Էլոյանը, Խաչատուր Հայրիկի Պապիկյանը, Յաշա Արկադիի Բաղդասարովը, Արման Արմենակի Ստեփանյանը, Նարեկ Սարմենի Թառումյանը, Կարեն Անատոլիի Երեմյանը, Սաֆար Արսենի Սաֆարյանը, Վուրգ Աղասու Գալստյանը, Ռազմիկ Նորիկի Խաչատրյանը, Սեդրակ Հովսեփի Ղարիբյանը, Հայկ Հովհաննեսի Հովհաննիսյանը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---