14  26.09.15 - Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի 6-րդ նիստը

ՀՀ նախագահ. Կստիպենք Ադրբեջանին հաշվետու լինել իր ժողովրդին՝ պատճառված նորանոր տառապանքների համար

ՀՀ նախագահ. Կստիպենք Ադրբեջանին հաշվետու լինել իր ժողովրդին՝ պատճառված նորանոր տառապանքների համար

PanARMENIAN.Net - ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի 6-րդ նիստի օրակարգի հարցերի քննարկմանն անցնելուց առաջ անդրադարձել է սեպտեմբերի 24-ից սկսած Ադրբեջանի կողմից հրադադարի կոպիտ խախտման դեպքերին:

ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության հաղորդմամբ, նախագահը նշել է, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 70-րդ նստաշրջանի նախօրեին և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հերթական խաղարար ջանքերի ընթացքում Ադրբեջանն ամբողջ աշխարհի աչքի առջև, իր անպատժելիությանը վստահ, միջազգային բազմաթիվ դերակատարների կողմից հակամարտության մեջ ներգրավված կողմերի գործողությունների միջև հավասարության նշան դնելու պրակտիկայից ոգևորված, հերթական անգամ լկտիաբար խախտեց հրադադարի պահպանման՝ իր իսկ ստանձնած պարտավորությունները։

«Հրադադարի խախտման արդյունքում ցավալի կորուստներ ունեցանք. զոհվեցին 4 հայ երիտասարդներ` սեփական հայրենիքի անդորրը հսկող մեր զինվորները, զինվորներ, ովքեր անմիջական վտանգից շատ հեռու էին և առաջին գծից 5 կմ հեռավորության վրա զբաղված էին իրենց առօրյա գործունեությամբ: Իսկ մեկ օր առաջ էլ իրենց տանը, իրենց այգում, իրենց սիրելիների աչքի առջև զոհվեցին խաղաղ աշխատանքով իրենց ընտանիքի հոգսերը հոգացող երեք կին՝ մայր, քույր, դուստր: Նրանք զոհվեցին, որովհետև մի ամբողջ աշխարհ չի կարողանում Ադրբեջանին հասկացնել, որ մարդկային կյանքի, արյան, զրկանքների ու կտտանքների, սեփական քաղաքացիների ձայնը բանտերում խեղդելու ճանապարհը չի տանում դեպի խաղաղություն, չի տանում դեպի բարօրություն, չի տանում դեպի կայունություն և անվտանգություն։ Ինչպես բազմիցս ապացուցել է մարդկության ժամանակակից պատմությունը, Ադրբեջանի իշխանությունների որդեգրած ուղին, մարդկության դեմ հանցագործությունների ուղին կա՛մ հասցնում է միջազգային պատժի, կա՛մ տանում է դեպի համբերության բաժակը մինչև վերջ լցված սեփական ժողովրդի կանգնեցրած կառափնարան» - նշել է Սերժ Սարգսյանը:

ՀՀ ղեկավարի խոսքով, հակամարտության խաղաղ կարգավորման ուղուց շեղվելով` Ադրբեջանն օր օրի շեղվում է նաև միջազգային իրավունքի այլ սկզբունքների ճանապարհից, «օր օրի Ադրբեջանի հանցագործ ռեժիմն ավելի ու ավելի է խրվում մարդկության դեմ հանցագործությունների ճահիճը»: Սերժ Սարգսյանը նշել է, որ քաղաքակիրթ աշխարհի օրենքը կոչ է անում մարդկությանը վերջ դնել մարդկության հանդեպ հանցագործությունների անպատժելիությանը։ Հայաստանը հաստատակամ է այս խնդրում և «հետևողականորեն բացահայտելու, հայտնաբերելու և հետապնդելու է նման հանցագործությունների յուրաքանչյուր մեղավորի՝ հրաման կատարող շարքայինից, մինչև նման հրաման արձակող հրամանատարություն»։

«Եթե այլընտրանք չլինի, ուրեմն հենց մենք ենք լինելու մարդկության պատժիչ սուրը այս հանցագործությունները կատարողների նկատմամբ։ Մենք ենք լինելու, քանի դեռ քաղաքակիրթ աշխարհը ավելի գործուն մեխանիզմ չի կարողանում գտնել: Երբ մենք ասում ենք, որ պատերազմից վախենում ենք, բայց կռվելուց չենք վախենում, դատարկ խոսքեր չեն: Հայաստանը, իսկ երբ ես ասում եմ Հայաստանը՝ Լեռնային Ղարաբաղը նրա անբաժան մասն է, երկրագնդի ամենառազմականացված տարածքներից են:

Գիտեք, որ դեռ մեր պապերն են ասել՝ կռվի մեջ փլավ չեն բաժանում: Եվ պարտադրված հրադադարի ավելի քան 20 տարվա ընթացքում, որը, Բաքվի իշխանավորների կամոք, այդպես էլ հնարավոր չեղավ վերածել խաղաղության, մենք ամեն ինչ արել ենք ՝ խուսափելու համար նոր առճակատումից: Այժմ էլ անելու ենք ու դրա մեջ պատժիչ գործողություններն էլ են մտնում, որպեսզի հակառակորդը չմտածի, թե մարսեց իր լկտի պահվածքը: Մենք կստիպենք, վստահաբար կստիպենք Ադրբեջանի կառավարությանը հաշվետու լինել իր ժողովրդին՝ նրան պատճառած նորանոր տառապանքների համար», - ընդգծել է նախագահը:

Սեպտեմբերի 25-ին` ժամը 17:30-ի սահմաններում, ադրբեջանական զինուժի կողմից թուրքական արտադրության TR-107 կայանքներից հրթիռահրետանային արկակոծման է ենթարկվել ԼՂՀ ՊԲ-ի հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասը, որի հետևանքով բեկորային մահացու վիրավորում են ստացել ՊԲ զինծառայողներ Նորայր Միքայելի Խաչատրյանը (ծնված 1995թ.), Ռոբերտ Սուրենի Մկրտչյանը (ծնված 1995թ.), Հարութ Մաքսիմի Հակոբյանը (ծնված 1997թ.) և Կարեն Գևորգի Շահինյանը (ծնված 1997թ.): Սեպտեմբերի 24-ի երեկոյան Ադրբեջանի կողմից Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի գնդակոծության հետևանքով զոհվել էր երեք կին, ևս չորս գյուղացի վիրավորվել էին: Զոհվածներն են 83-ամյա Պայծառ Աղաջանյանը, 94-ամյա Շուշան Ասատրյանը, 41-ամյա Սոնա Ռևազյանը:Սեպտեմբերի 23-ին Ադրբեջանը գնդակոծել էր Տավուշի մարզի Դովեղ և Բարեկամավան գյուղերը: Զոհեր և վիրավորներ չկային, սակայն գյուղերը կրել են նյութական վնաս:Իսկ սեպտեմբերի սկզբին Ադրբեջանը մի քանի օր ինտենսիվ գնդակոծության է ենթարկել հայկական գյուղերը՝ կիրառելով խոշոր տրամաչափի գնդացիրներ, զենիթային թնդանոթներ, նռնականետներ, ականանետներ, 107-մմ ռեակտիվ հրետանային կայանքներ: Բացի զինծառայողներից, գնդակոծությունների ընթացքում վիրավորվել է նաև հինգ խաղաղ բնակիչ: Բացի այդ, զգալի վնաս է հասցվել բազմաթիվ բնակելի տներին ու համայնքային նշանակության շինություններին: Սեպտեմբերի 24-ին հայկական բանակի պատասխան գործողություններում ոչնչացվել է Պառավաքար գյուղի հարևանությամբ տեղակայված ադրբեջանական մարտական հենակետը, զոհվել էր հինգ ադրբեջանական զինվոր: Ավելի ուշ ադրբեջանական կողմը հայտարարեց ևս մեկ զոհի և 3 վիրավորի մասին:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---