ՎիվաՍել-ՄՏՍ-ի ֆինանսավորմամբ Սյունիքի Դարբաս գյուղում տուն է կառուցվում

ՎիվաՍել-ՄՏՍ-ի ֆինանսավորմամբ Սյունիքի Դարբաս գյուղում տուն է կառուցվում

PanARMENIAN.Net - ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, ընկերության աշխատակիցները և Հայաստանի «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» թիմը Սյունիքի մարզի Դարբաս համայնքում մասնակցել են Կարապետյանների կիսակառույց տան շինարարությանը:

Կարապետյանների ընտանիքը փոքր է. երեք եղբայր են: Նրանք որբացել են, երբ մեծը՝ Վրեժն, ընդամենը տասնչորս, իսկ կրտսերը՝ Հայկը, տասը տարեկան էր: Ծնողների ողբերգական մահից երկու տարի անց վախճանվել են նաև տատն ու պապը, ում խնամակալության տակ էին մնացել եղբայրները:

Չնայած կյանքի դժվարություններին, Վրեժը՝ մեծ եղբայրը, կարողացել է հոգ տանել կրտսեր եղբայրների համար` կազմակերպելով նրանց խնամքը: Զուգահեռաբար՝ սկսել է կիսակառույց տան շինարարությունը:

«Մեր ընտանիքի համար խորհրդանշական են դարձել հին Հռոմի մեծագույն բանաստեղծ Վերգիլիոսի խոսքերը՝ «ճակատագիրը սիրում է քաջերին» (fortes fortuna (ad)iuvat): Փորձում ենք քաջ լինել: Իմ ամենամեծ երազանքն է եղել տուն կառուցել եղբայրներիս և ինձ համար: Տուն, որտեղ կապրենք իսկական ընտանիքի պես: Այսօր այդ երազանքն իրականություն է դառնում»,- ասել է Կարապետյան եղբայրներից ավագը:

Նա, ի դեպ, դեռ կիսակառույց շինության պատին գրել էր այդ խոսքերը՝ այն կարգախոս դարձնելով իր ու եղբայրների համար: «Այս տղաների ուսերին կյանքը հիրավի անասելի բեռ է դրել. դժբախտություն՝ դժբախտության հետևից: Այս երիտասարդները, սակայն, չեն հուսահատվել և այսօր տուն են կառուցում: Կառուցում են ապագա: Հուսով եմ, որ շուտով այս տան անդամների թիվն էլ կավելանա և ամուր այս երեք սյունի վրա կկառուցվի հայկական մի նոր օջախ»,- ասել է Հայաստանի «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի ֆինանսավորմամբ և «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» կողմից իրականացվող ծրագրի շնորհիվ՝ այս տարի վերանորոգվել և/կամ կառուցվել է 40 բնակարան՝ 40 ընտանիքի համար:

«Յուրաքանչյուրի ամենաոխերիմ թշնամին իր ներսում է: Մենք այն անվանում ենք անտարբերություն: Կարապետյանների տան շինարարության գործում մեր կազմակերպության, ինչպես նաև բոլորիս անհատական ներդրումը բխում է մեր ներքին համոզմունքից. անհրաժեշտ է օգնության ձեռք մեկնել հեռավոր գյուղի ընտանիքին, որն այս դժվարին պայմաններում վճռել է հայրենի հողում տուն կառուցել՝ խորհրդանշելով կյանքի նոր սկիզբը: Պետք է ուշադրության կենտրոնում պահել հավասարապես թե՛ գյուղական համայնքները, թե՛ մայրաքաղաքը»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրենը:

Ծրագրի իրականացման համար ընթացիկ տարում ՎիվաՍել-ՄՏՍ-ը 100 մլն դրամի ներդրում է կատարել (2014-ին՝ 55 մլն դրամ), իսկ ծրագիրն իրականացնում է Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնը»: Այս գործակցության շնորհիվ՝ 2007-ից մինչև օրս, հանրապետության տարբեր համայնքների 53 ընտանիք ապահովվել է կացարանով: Տարեվերջին բարեկարգված կամ կիսակառույց տան շինարարությունը ավարտին հասցրած ընտանիքների թիվը կհասնի 93-ի:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---