ՀՀ նախագահը` Նյու-Յորքում. Կարևոր է Իտալիայի և Շվեդիայի հավասարակշիռ մոտեցումը ԼՂՀ կարգավորմանը

ՀՀ նախագահը` Նյու-Յորքում. Կարևոր է Իտալիայի և Շվեդիայի հավասարակշիռ մոտեցումը ԼՂՀ կարգավորմանը

PanARMENIAN.Net - Աշխատանքային այցով ԱՄՆ-ում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 28-ին Նյու Յորքում հանդիպում է ունեցել Իտալիայի Հանրապետության վարչապետ Մատեո Ռենցիի հետ: Այս մասին տեղեկացնում էՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 70-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով Ամերիկայի Միացյալ Նահանգներում գտնվող ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 28-ին Նյու Յորքում մասնակցել է ՄԱԿ-ի խաղաղապահությանը նվիրված գագաթնաժողովին, որտեղ նաև ելույթ է ունեցել:

ՀՀ նախագահը և Իտալիայի վարչապետն անդրադարձել են տարածաշրջանային խնդիրներին և մարտահրավերներին, այդ թվում` ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի ներկա փուլին և առկա խնդիրներին:

Նախագահն ընդգծել է, որ որպես բարեկամ երկիր՝ Հայաստանի համար կարևոր է Իտալիայի շարունակական հավասարակշռված դիրքորոշումը ԼՂ հիմնահարցում։

Սարգսյանը և Ռենցին քննարկել են հայ-իտալական քաղաքական երկխոսության և առևտրատնտեսական փոխգործակցության օրակարգի հարցերի լայն շրջանակ, անդրադարձել նաև միջազգային կազմակերպությունների շրջանակում երկու երկրների գործակցությանը:

Զրուցակիցներն ընդգծել են, որ Հայաստանի և Իտալիայի միջպետական կապերը մշտապես զարգացել են փոխըմբռնման ոգով, սակայն, նրանց կարծիքով, երկու երկրների ներուժը թույլ է տալիս առավել սերտացնել երկկողմ հարաբերությունները: ՀՀ նախագահը և Իտալիայի վարչապետը կարևորել են երկու երկրների միջև կայուն քաղաքական երկխոսության ակտիվացումը, որին, զրուցակիցների համոզմամբ, կարող են զգալիորեն նպաստել հաճախակի փոխայցերը:

Այդ համատեքստում Սարգսյանը հիշել ապրիլին Իտալիա կատարած իր պաշտոնական այցը և դրա ընթացքում նախագահ Սերջո Մատարելայի հետ ունեցած բովանդակալից ու հետաքրքիր հանդիպումը:

Նախագահն ընդգծել է, թե համատեղ ջանքերով երկու երկրները կարող են որակական նոր մակարդակի բարձրացնել հայ-իտալական միջպետական հարաբերությունները, ինչպես նաև` գործակցությունը Եվրոպական Միության շրջանակում: Նա հույս է հայտնել, որ Իտալիան կշարունակի աջակցել ՀՀ-ԵՄ ընթացիկ օրակարգի իրականացմանը:

Սարգսյանը կարևորել է 2012թ-ից հայ-իտալական երկկողմ հարաբերությունների օրակարգում իր ուրույն տեղն զբաղեցնող ռազմական փոխգործակցությունը` ընդգծելով, որ ռազմական ոլորտում գործակցությունը չի սահմանափակվում երկկողմ ձևաչափով․ 2014-ի նոյեմբերից 32 հայ խաղաղապահ ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերի իտալական հրամանատարության ներքո ծառայություն է իրականացնում Լիբանանում, ինչը, ըստ նախագահի, հիրավի, կարելի է համարել հայ-իտալական գործակցության հաջողված օրինակ։

2014-ի նոյեմբերի 26-ին Իտալիայի ռազմաօդային ուժերի ինքնաթիռով Լիբանան է մեկնել հայ խաղաղապահների 32 հոգանոց ստորաբաժանումը:Հայկական խաղաղապահ ստորաբաժանումն իտալական զորախմբի կազմում մասնակցում է ՄԱԿ-ի հովանու ներքո իրականացվող «Լիբանանում Միացյալ Ազգերի Կազմակերպության ժամանակավոր ուժեր» (ՅՈՒՆԻՖԻԼ) առաքելությանը և իրականացնում է ՄԱԿ-ի զինավանի անվտանգության ապահովում:Այն մասին, որ հայ խաղաղապահներ կտեղակայվեն նաև Լիբանանում, ասել էր Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերին իտալական Corriere della Serra թերթին տված հարցազրույցում: Նախագահն այն ժամանակ նշել է, որ ՀՀ կառավարությունը մշտապես սատարել է տարածաշրջանային կայունացմանն ուղղված խոշոր կոալիցիաների ջանքերին:

Նշելով, որ հայ-իտալական օրակարգի կարևորագույն բաղկացուցիչներից մեկն առևտրատնտեսական հարաբերություններն են` զրուցակիցները գոհունակությամբ են արձանագրել, որ վերջին 4 տարվա ընթացքում, չնայած գլոբալ ֆինանսատնտեսական ճգնաժամին, երկու երկրների միջև առևտրաշրջանառությունն զգալիորեն մեծացել է: Ավելին՝ 2014-ի ցուցանիշով, Իտալիան ԵՄ երկրների շարքում Հայաստանի 2-րդ առևտրային գործընկերն է (Գերմանիայից հետո): Սա, կողմերի համոզմամբ, վկայում է, որ ավելի լավ արդյունքների հասնելու լուրջ ներուժ կա, որի ուղղությամբ անհրաժեշտ է ակտիվ ջանքեր ներդնել:

ՀՀ նախագահը նույն օրը Նյու Յորքում հանդիպել է նաև Շվեդիայի Թագավորության վարչապետ Ստեֆան Լյովենի հետ:

Հանդիպմանը Սարգսյանը կարևորել է Շվեդիայի հավասարակշռված մոտեցումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցում:

Կողմերն անդրադարձել են նաև միջազգային կազմակերպությունների շրջանակում գործակցությանը վերաբերող հարցերի:

Նախագահը բարձր է գնահատել հայ-շվեդական գործակցությունը, որը, ըստ նրա, վերջին տարիներին նկատելի զարգացում է արձանագրել՝ նշանավորվելով արտաքին գերատեսչությունների ղեկավարների ակտիվ երկխոսությամբ, դեսպանությունների բացմամբ, բազմաբնույթ փոխայցերի իրականացմամբ:

ՀՀ նախագահը և Շվեդիայի վարչապետը հայ-շվեդական գործակցության օրակարգում կարևոր տեղ են վերապահել Հայաստան-ԵՄ հարաբերություններին և փոխգործակցությանը: Սարգսյանն ընդգծել է Շվեդիայի՝ որպես Արևելյան գործընկերության համահեղինակ երկրի դերակատարումը Հայաստան-ԵՄ հարաբերությունների ամրապնդման գործում:

Զրուցակիցները նշել են երկկողմ առևտրատնտեսական կապերի զարգացման անհրաժեշտությունը, ընդգծելով, որ այդ ոլորտում արձանագրված ցուցանիշներն այսօր, ցավոք, դեռևս չեն համապատասխանում Հայաստանի և Շվեդիայի տնտեսական փոխգործակցության առկա մեծ ներուժին, որի ամբողջական բացահայտման համար, կողմերի համոզմամբ, անհրաժեշտ է պետական մակարդակով խթանել փոխադարձ շփումները, տեղեկատվության փոխանակումը, ձևավորել իրավական լիարժեք բազա, կազմակերպել գործարար համաժողովներ։

Սարգսյանը և Լյովենը կարևորել են բարեկամ երկու երկրների միջև խորհրդարանական համագործակցության ակտիվացումը:

Սեպտեմբերի 24-ի երեկոյան Ադրբեջանի կողմից Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի գնդակոծության հետևանքով զոհվել էր երեք կին, ևս չորս գյուղացի վիրավորվել էին: Զոհվածներն են 83-ամյա Պայծառ Աղաջանյանը, 94-ամյա Շուշան Ասատրյանը, 41-ամյա Սոնա Ռևազյանը: Սեպտեմբերի 23-ին Ադրբեջանը գնդակոծել էր Տավուշի մարզի Դովեղ և Բարեկամավան գյուղերը: Զոհեր և վիրավորներ չկային, սակայն գյուղերը կրել են նյութական վնաս:Իսկ սեպտեմբերի սկզբին Ադրբեջանը մի քանի օր ինտենսիվ գնդակոծության է ենթարկել հայկական գյուղերը՝ կիրառելով խոշոր տրամաչափի գնդացիրներ, զենիթային թնդանոթներ, նռնականետներ, ականանետներ, 107-մմ ռեակտիվ հրետանային կայանքներ: Բացի զինծառայողներից, գնդակոծությունների ընթացքում վիրավորվել է նաև հինգ խաղաղ բնակիչ: Բացի այդ, զգալի վնաս է հասցվել բազմաթիվ բնակելի տներին ու համայնքային նշանակության շինություններին: Նույն օրը հայկական բանակի պատասխան գործողություններում ոչնչացվել է Պառավաքար գյուղի հարևանությամբ տեղակայված ադրբեջանական մարտական հենակետը, զոհվել էր հինգ ադրբեջանական զինվոր: Ավելի ուշ ադրբեջանական կողմը հայտարարեց ևս մեկ զոհի և 3 վիրավորի մասին:

Սեպտեմբերի 25-ին ադրբեջանական զինուժի կողմից թուրքական արտադրության TR-107 կայանքներից հրթիռահրետանային արկակոծման է ենթարկվել ԼՂՀ ՊԲ-ի հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասը, որի հետևանքով բեկորային մահացու վիրավորում են ստացել ՊԲ զինծառայողներ Նորայր Խաչատրյանը, Ռոբերտ Մկրտչյանը, Հարութ Հակոբյանը և Կարեն Շահինյանը: ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, սեպտեմբերի 20-ից 26-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հայկական դիրքերի ուղղությամբ հակառակորդը կիրառել է նաև թուրքական արտադրության TR-107 տիպի ռեակտիվ հրթիռահրետանային կայանք (51 արկ) և կրակի դադարեցման համաձայնագրի ստորագրումից ի վեր առաջին անգամ` 122 միլիմետրանոց Դ-30 հաուբից հրանոթ (30 արկ):

Սեպտեմբերի 27-ին ՀՀ ԱԳ նախարարը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վիկտորիա Նուլանդի հետ։

Հանդիպման ընթացքում նախարարը և ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը մտքեր են փոխանակել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի վերաբերյալ։ Նալբանդյանը ներկայացրել է վերջին օրերին Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի կոպիտ խախտումների հետևանքով ստեղծված իրավիճակը։Նուլանդը խորը մտահոգություն է հայտնել լարվածության աճի կապակցությամբ և ընդգծել հրադադարի պահպանման անհրաժեշտությունը։

Սեպտեմբերի 27-ին ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հավատարիմ են ղարաբաղյան հակամարտության կարգավորման նոր ուղիների որոնմանն ու արդեն ձեռք բերված որոշումների իրականացմանը ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում:

Ավելի վաղ ԵԱՀԿ Մինսկի խումբը հանդես էր եկել ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի կտրուկ սրման վերաբերյալ հայտարարությամբ: Դրանում նշվում էր, որ համանախագահներ Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ), Պիեր Անդրիեն (Ֆրանսիա), Իգոր Պոպովը (Ռուսաստան), ինչպես նաև ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը առանձին ու համատեղ հանդիպումներ անցկացրին Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հետ: Նալբանդյանն ու Մամեդյարովը համաձայնվեցին աշխատել մինչև տարեվերջ պլանավորված երկու նախագահների հանդիպման կազմակերպման ուղղությամբ: Համանախագահները կոչ արեցին երկու երկրի նախագահներին ընդունել ԵԱՀԿ առաջարկած շփման ռեժիմի խախտման միջադեպերի քննության մեխանիզմը, այլապես կողմերը շարունակելու են մեղադրել իրար իրավիճակի սրման պատասխանատվության համար:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 26-ին հայտարարել է, որ այլընտրանքի բացակայության դեպքում Ադրբեջանի «պատժիչ սուրը» հայկական կողմն է լինելու: «Երբ ասում ենք, որ պատերազմից վախենում ենք, բայց կռվելուց չենք վախենում, դատարկ խոսքեր չեն: Հայաստանը, իսկ երբ ես ասում եմ Հայաստանը՝ Լեռնային Ղարաբաղը նրա անբաժան մասն է, երկրագնդի ամենառազմականացված տարածքներից են», - նշել է նա: Նախագահը վստահեցրել է, որ նման իրավիճակում հայկական կողմը կստիպի Ադրբեջանի կառավարությանը հաշվետու լինել իր ժողովրդին՝ նրան պատճառած նորանոր տառապանքների համար:

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---