Նաղդալյանը՝ ԵԽԽՎ-ում. Ընդունում եք, թե ոչ՝ աշխարհում կա ԼՂՀ, որի քաղաքացիների իրավունքը պետք է հարգել

Նաղդալյանը՝ ԵԽԽՎ-ում. Ընդունում եք, թե ոչ՝ աշխարհում կա ԼՂՀ, որի քաղաքացիների իրավունքը պետք է հարգել

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 1-ին ԵԽԽՎ ազատ բանավեճի հարթակում հայկական պատվիրակության ղեկավար, ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը ելույթ է ունեցել, որտեղ անդրադարձել է ԼՂՀ հիմնախնդրին:

«Հայաստանի ու Ադրբեջանի պատվիրակությունների հակասությունների պատճառները բոլորիդ հայտնի են, վստահ եմ՝ բոլորդ ուզում եք հակամարտության լուծումը և տարածաշրջանին խաղաղություն ու տնտեսական զարգացման հնարավորություններ տալը: Իբրև ՀՀ պատվիրակության ղեկավար վկայում եմ, որ ամենից շատ ենք դա ուզում և կարծում եմ՝ նույնը կասի Ադրբեջանի պատվիրակության ղեկավարը: Ուրեմն ՝ ինչո՞ւ այս հարթակը դարձնել առճակատման դաշտ, այս հարթակում բանավիճել հարցերի մասին, որոնց լուծման մանդատ ԵԽԽՎ-ն չունի: Բայց ԵԽԽՎ-ն ունի վստահության ու փոխըմբռնումի մթնոլորտ ձևավորելու պարտավորություն, իր հեղինակությունն ու ազդեցությունը ի շահ խաղաղության գործադրելու հնարավորություն, որը չի օգտագործվում », - ասել է Նաղդալյանը:

Նրա խոսքով՝ յուրաքանչյուր նստաշրջանում շարունակվող քաղաքական պատերազմով բոլորը լրացուցիչ բարդացնում են Մինսկի խմբի աշխատանքը, մինչդեռ հակառակը պիտի լինի:

«Չենք հրաժարվում մեր սկզբունքներից, ունենք մեր փաստարկներն ու հիմնավորումները: Բայց գնահատում ենք այս բարձր քաղաքական հարթակի նշանակությունն ու համաեվրոպական կարևորությունը, միջազգային հարցերում ազդեցությունը և կարևորում ենք ԵԽԽՎ որոշումների ու բանաձևերի հեղինակությունը, որոնք չպետք է տարբեր խմբերի ու խմբավորումների հատվածական շահերը պաշտպանեն, այլ պիտի համապատասխանեն մեր ժողովուրդների ընդհանրական շահերին», - պարզաբանել է պատվիրակության ղեկավարը:

Այս համատեքստում նա ընդգծել է, որ Հայաստանն ակնկալում է, թե Վեհաժողովի բոլոր պատվիրակները պատրաստ կլինեն ժողովուրդների երկխոսության, փոխադարձ վստահության հաստատման: «Ուզում եմ բոլորիդ հիշեցնել, որ ընդունում եք, թե ոչ, ճանաչում եք, թե ոչ, աշխարհում կա Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, որի քաղաքացիներն ամենից շատ խաղաղություն են ուզում, բայց ապրում են շարունակվող պատերազմի պայմաններում: Արտ են հերկում, տուն կառուցում, երեխաներ են ունենում, միջազգային դիտորդների գնահատականով՝ միջազգային չափանիշներին համապատասխան ընտրություններ են անում: Եթե մենք իսկապես շահագրգիռ ենք ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմամբ, մենք պետք է հարգենք նրանց կյանքի և զարգացման իրավունքը», - ասել է Նաղդալյանը՝ հավելելով, որ Ստեփանակերտը ԵԽԽՎ քարտեզից դուրս չէ, Եվրոպայի մի մասն է:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ, ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանն իր հերթին ելույթում հակադարձելով Ադրբեջանի պատվիրակության անդամ Ռաֆայել Հուսեյնովին, ով իր խոսքում մեջբերումներ է արել Ադրբեջան փախած Վահան Մարտիրոսյանի ասուլիսից, հայտարարել է, որ «ցանկացած երկրում կարելի է նման կենդանիներ գտնել»:

Այնուհետև, անդրադառնալով շփման գծում վերջին շրջանի լարվածությանն ու զոհերին, Զոհրաբյանը ԵԽԽՎ-ին է մեղադրել Ադրբեջանից «հակաժողովրդավարության մոնստր կերտելուն աջակցելուն» և հայտարարել, որ հրադադարի ռեժիմի խախտման ընթացքում ադրբեջանական կողմից հրետանու կիրառումը շփման գծում նոր իրադրություն է ստեղծում, ինչը լայնածավալ ռազմական գործողությունների անցման հերթական քայլն է, ուստի, հետագա զարգացումների ամբողջ պատասխանատվությունը կրելու է Ադրբեջանը:

«Մինչ դուք շարունակում եք անգլիական ջենթլմենտարիզմի ոգով թեթևակի նկատողություններ անել Ադրբեջանին, մյուս կողմից էլ աջակցում եք Լեռնային Ղարաբաղի հարցով կասկածելի մի զեկույցի պատրաստմանը, որի իրական նպատակը հայտնի է այստեղ նստած յուրաքանչյուրիս, Ադրբեջանը բոլորի աչքի առաջ վաղուց արդեն վերածվել է անազատությունների և հակաժողովրդավարության մոնստրի։ Եվ այդ մոնստր-ֆրանկենշտեյնին ծնելու գործում անուրանալի է նաև մեր Վեհաժողովի աջակցությունը։ Մինչ դուք համատեղ ուժերով Բոբ Ուոլթերի զեկույցն եք գրում, նույն այդ ժամանակ Ադրբեջանի պաշտպանության նախարար Հասանովը հայտարարում է, որ հայկական այն տարածքները, որոնք անհասանելի են հրաձգային զինատեսակների համար՝ իրենք դրանք կենթարկեն գնդակոծման խոշոր տրամաչափի զինատեսակներից։ Իսկ Ադրբեջանի նախագահ Ալիևը հայտարարում է, որ մեկ շաբաթում Հայաստանում քարը-քարի վրա չի մնալու», - ասել է հայաստանյան պատվիրակության անդամը:

2014-ի հոկտեմբերի 2-ին Մեծ Բրիտանիայից պատգամավոր Ռոբերտ Ուոլթերը Լեռնային Ղարաբաղի գծով ԵԽԽՎ զեկուցող նշանակվեց: Նա հայտնի է իր ադրբեջանամետ դիրքորոշմամբ: Նրա թեկնածությանը կողմ էր քվեարկել 35 խորհրդարանական, դեմ՝ 32-ը, երեքը ձեռնպահ էին մնացել: ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակությունը հայտարարել է, որ բոյկոտում է ԵԽԽՎ-ում ԼՂ զեկույցի պատրաստման գործընթացը, որը վերնագրվել է՝ «Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներում բռնությունների աճ»։ Այն պատրաստվում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ ադրբեջանական 2 բանաձևերի նախագծերի համատեքստում: Նախագծերը ներկայացվել էին ԵԽԽՎ ամառային նստաշրջանում. մեկը՝ ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության անդամ Էլհան Սուլեյմանովը, երկրորդը՝ ԵԽԽՎ-ում Հունաստանի պատգամավոր, Հունաստանի նախկին արտգործնախարար Թեոդորա Բակոյանիսը»:

Ըստ նրա՝ սահմանային պարբերական լարվածությունները, որոնք անմեղ զոհերի պատճառ են դառնում, մեկ լուծում ունեն՝ միջազգային իրավունքի շրջանակում հարգել այդ իրավունքի բոլոր նորմերն ու ժողովրդի ազատ ինքնորոշման իրավունքը, ինչը Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը վաղուց արել է միջազգային իրավունքին համաձայն։ Սպասել, որ երբևէ Ադրբեջանը կունենա բանական իշխանություն, որն ինքնակամ կհասկանա՝ Լեռնային Ղարաբաղը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, Զոհրաբյանի կարծիքով՝ պատրանք է։

«Պատրանք է՝ տեսնելով, թե ինչպես են ադրբեջանական բանտեր նետվում լրագրողներ ու ազատ խոսքի պաշտպաններ, ինչպես են բանտերում տանջամահ արվում իրավապաշտպաններն ու ալիևյան կլանի ընդդիմախոսները։ Ինչո՞ւ՝ որովհետև հստակ պատժամիջոցներ չկիրառելով ալիևյան կլանի հանդեպ, մենք արձակում ենք այդ երկրի քաղաքական էլիտայի ձեռքերը։ Այլապես՝ Ալիևը օրեր առաջ հերթական անգամ չէր հարձակվի եվրոպական կառույցների, Արևմուտքի ու Գերմանիայի վրա, հայտարարելով, որ իրենք չունեն Արևմուտքի կարիքը, այդ Արևմուտքն է, որ ունի Ադրբեջանի գազի ու նավթի կարիքը։ Այսքանից հետո որոշումը ձերն է՝ շարունակե՞լ շոյել Ադրբեջանին հանուն նավթի ու գազի՝ դրանով վերջնականապես այդ երկիրը դարձնելով եվրոպական և տարածաշրջանային լուրջ սպառնալիք, թե՝ ոչ», - եզրափակել է Զոհրաբյանը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---