Փերինչեքի գործով վերջնական վճիռը կհրապարակվի հոկտեմբերի 15-ին

Փերինչեքի գործով վերջնական վճիռը կհրապարակվի հոկտեմբերի 15-ին

PanARMENIAN.Net - Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հոկտեմբերի 15-ին կհրապարակի «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով վճիռը:

Գործի վերաքննությունը ՄԻԵԴ Մեծ պալատում տեղի ունեցավ 2015-ի հունվարի 28-ին, որտեղ Հայաստանը ներկայացնում էին ՄԻԵԴ-ում ՀՀ կառավարության ներկայացուցիչ, ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը, Լոնդոնի Doughty Street փաստաբանական պալատի հիմնադիր Ջեոֆրի Ռոբերթսոնը, միջազգային հայտնի փաստաբան Ամալ Քլունին:

Գործում որպես երրորդ կողմ, բացի Հայաստանից, ներգրավված են նաև Թուրքիան և Ֆրանսիան:

Թուրք ազգայնական քաղաքական գործիչ, Թուրքիայի Աշխատավորական կուսակցության ղեկավար Դողու Փերինչեքը 2005-ի մայիս, հուլիս և սեպտեմբեր ամիսներին Շվեյցարիայում մասնակցելով տարբեր կոնֆերանսների ժխտել էր 1915-ին և դրանից հետո Օսմանյան կայսրության կողմից հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանության պատմական փաստը:

Մասնավորապես, իր ելույթներում Փերինչեքը Հայոց ցեղասպանությունն անվանել է «միջազգային սուտ»:

2007-ի մարտի 9-ին շվեյցարական դատարանը Քրեական օրենսգրքի 216-րդ հոդվածով դատապարտել էր թուրք ազգայնական, «Աշխատավորական կուսակցության» ղեկավար Դողու Փերինչեքին՝ ինչպես ֆինանսական, այնպես էլ քրեական պատասխանատվության ենթարկելով Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար: Վուդի կանտոնի վերաքննիչ դատարանը և Դաշնային գերագույն դատարանը մերժել էին մարտի 9-ի դատավճռի դեմ ներկայացված բողոքը: Շվեյցարիայի դատարանների դատավճիռներում նշված է, որ Հայոց ցեղասպանությունը, ինչպես հրեաների Հոլոքոստը, ապացուցված պատմական փաստ է, որը ճանաչված է երկրի օրենսդիր մարմնի կողմից:

Հունվարի 28-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանում սկսվել էր «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով դատավարությունը, որի վերաբերյալ 2013-ի դեկտեմբերի 17-ի վճիռը բողոքարկվել էր Շվեյցարիայի կողմից, իսկ 2014-ի հունիսի 2-ին դատարանը որոշեց գործը վերաքննել դատարանի Մեծ պալատում:

2014-ի մարտի 14-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ողջունեց Շվեյցարիայի կառավարության` «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ)՝ 2013-ի դեկտեմբերի 17-ի վճիռը բողոքարկելու որոշումը: Նրա խոսքով, Շվեյցարիան միշտ էլ միջազգային ասպարեզում մարդու իրավունքների ակտիվ պաշտպաններից մեկն էր, ռասայական խտրական վերաբերմունքի դեմ պայքարում ամենաակտիվ կառավարություններից մեկը, այլատյացություն սերմանող կառույցների, մարդկանց, ընդհանրապես երևույթի դեմ պայքարող ամենաակտիվ կառավարություններից մեկը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---