Թուրքիայի ԱԳՆ. Փերինչեքի գործով ՄԻԵԴ վճիռը կարող է նախադեպային դառնալ

Թուրքիայի ԱԳՆ.   Փերինչեքի գործով ՄԻԵԴ վճիռը կարող է նախադեպային դառնալ

PanARMENIAN.Net - Թուրքիայի արտգործնախարարությունը հոկտեմբերի 15-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) գերագույն պալատի «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով հրապարակած դատավճռի մասին հայտարարություն է արել, որում նշվում է, թե այս որոշումը նմանատիպ դեպքերի համար կարող է նախադեպային դառնալ:

Նշվում է, որ դատավճռով արձանագրվել է, որ խախտվել է ցեղասպանությունը ժխտած Դողու Փերինչեքի խոսքի ազատությունը:

Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը հոկտեմբերի 15-ին որոշում ընդունեց «Դողու Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով: Դատարանը եզրակացրել է, որ Շվեյցարիան խախտել է Փերինչեքի՝ ազատ խոսքի իրավունքը: Որոշումը վերջնական է ու ենթակա չէ վերանայման:

Եվրոպական դատարանը Փերինչեքի գործով վճիչը կայացրել է դատավորների 10 կողմ և 7 դեմ ձայնի հարաբերակցությամբ:

«Որոշումը դիտարկում ենք որպես խիստ զգուշացում ցեղասպանության մասին «պնդումները» միակ ճշմարտություն ընդունելու և այդ «պնդումները» կասկածի տակ դնելն արգելող նախաձեռնությունների համար»,- ասվում է հայտարարության մեջ, գրում է Ermenihaber.am-ը:

Թուրքիայի ԱԳՆ-ն որոշումը բնութագրել է որպես կարևոր ձեռքբերում ժողովրդավարության, խոսքի ազատության, մարդու իրավունքների և հատկապես Թուրքիայի կողմից ցեղասպանության հարցով վերջին տարիներին տարվող պայքարի տեսանկյունից:

Ըստ թուրքական ԱԳՆ-ի՝ եվրոպական դատարանի որոշումն արձանագրել է «1915-ի դեպքերի» վերաբերյալ տարբեր կարծիքների արտահայտման ազատությունը: «Ինչպես նաև 1915-ին կատարվածը երբեք չի կարելի համեմատել Հոլոքոստի հետ»:

ԱԳՆ-ն եզրափակում է, որ այս որոշումը բեկումնային է նաև պատմությունն ու օրենքը քաղաքական նպատակներով չարաշահելու դեպքերին պատասխան տալու տեսանկյունից:

Թուրք ազգայնական քաղաքական գործիչ, Թուրքիայի Աշխատավորական կուսակցության ղեկավար Դողու Փերինչեքը 2005-ի մայիս, հուլիս և սեպտեմբեր ամիսներին Շվեյցարիայում մասնակցելով տարբեր կոնֆերանսների ժխտել էր 1915-ին և դրանից հետո Օսմանյան կայսրության կողմից հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանության պատմական փաստը:Մասնավորապես, իր ելույթներում Փերինչեքը Հայոց ցեղասպանությունն անվանել է «միջազգային սուտ»:

2007-ի մարտի 9-ին շվեյցարական դատարանը Քրեական օրենսգրքի 216-րդ հոդվածով դատապարտել էր թուրք ազգայնական, «Աշխատավորական կուսակցության» ղեկավար Դողու Փերինչեքին՝ ինչպես ֆինանսական, այնպես էլ քրեական պատասխանատվության ենթարկելով Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար: Վուդի կանտոնի վերաքննիչ դատարանը և Դաշնային գերագույն դատարանը մերժել էին մարտի 9-ի դատավճռի դեմ ներկայացված բողոքը: Շվեյցարիայի դատարանների դատավճիռներում նշված է, որ Հայոց ցեղասպանությունը, ինչպես հրեաների Հոլոքոստը, ապացուցված պատմական փաստ է, որը ճանաչված է երկրի օրենսդիր մարմնի կողմից:

Հունվարի 28-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանում սկսվել էր «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով դատավարությունը, որի վերաբերյալ 2013-ի դեկտեմբերի 17-ի վճիռը բողոքարկվել էր Շվեյցարիայի կողմից, իսկ 2014-ի հունիսի 2-ին դատարանը որոշեց գործը վերաքննել դատարանի Մեծ պալատում:

2014-ի մարտի 14-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ողջունեց Շվեյցարիայի կառավարության` «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ)՝ 2013-ի դեկտեմբերի 17-ի վճիռը բողոքարկելու որոշումը: Նրա խոսքով, Շվեյցարիան միշտ էլ միջազգային ասպարեզում մարդու իրավունքների ակտիվ պաշտպաններից մեկն էր, ռասայական խտրական վերաբերմունքի դեմ պայքարում ամենաակտիվ կառավարություններից մեկը, այլատյացություն սերմանող կառույցների, մարդկանց, ընդհանրապես երևույթի դեմ պայքարող ամենաակտիվ կառավարություններից մեկը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---