The Telegraph. ՀՀ-ն գոհ է ՄԻԵԴ վճռից, քանի որ իր պահանջները բավարարվել են

The Telegraph. ՀՀ-ն գոհ է ՄԻԵԴ վճռից, քանի որ իր պահանջները բավարարվել են

PanARMENIAN.Net - Բրիտանական The Telegraph պարբերականն անդրադարձել է օրերս ՄԻԵԴ-ի կողմից «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» դատական գործով կայացրած վճռին՝ նկատելով, որ դատարանը ընդգծել է, որ իրավասություն չի ունեցել վիճարկելու Հայոց ցեղասպանության եղելության հարցը, հայտնում է Panorama.am-ը:

Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը հոկտեմբերի 15-ին որոշում կայացրեց «Դողու Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով: Դատարանը եզրակացրել է, որ Շվեյցարիան խախտել է Փերինչեքի՝ ազատ խոսքի իրավունքը: Որոշումը վերջնական է ու ենթակա չէ վերանայման: Դատարանը եզրակացրել է, որ հայկական համայնքի իրավունքները պաշտպանելու համար Փերինչեքին քրեականորեն պատժելու անհրաժեշտություն չկար: Այս եզրակացությանը դատարանը եկել է՝ հաշվի առնելով մի քանի հիմունքներ, ներառյալ հետևյալը. Փերինչեքի հայտարարությունները կապ ունեին հանրային հետաքրքության խնդրի հետ և դրանք հեռու էին ատելության կամ անհանդուրժողականության կոչ լինելուց:

Անդրադառնալով դատարանի որոշմանը՝ պարբերականը գրում է, որ համաձայն այդ որոշման, Շվեյցարիայում Փերինչեքի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը չի հարուցել ռասայական խտրականություն և ատելություն, այդ իսկ պատճառով էլ շվեյցարական դատարանը խախտել է թուրք գործչի խոսքի ազատության իրավունքը:

Պարբերականը նկատում է, որ Հայաստանը դատական գործում որպես երրորդ կողմ էր ներկայացված ի դեմս միջազգային կարգի փաստաբանների: Հայկական կողմի պահանջն էր դատարանի ստորին պալատի կողմից տրված ձևակերպումների հերքումը, որոնք կասկածի տակ էին դնում Հայոց ցեղասպանության եղելությունը:

Այս կապակցությամբ պարբերականը մեջբերում է դատարանում Հայաստանի կառավարության շահերը ներկայացնող միջազգային փաստաբան Ամալ Քլունիի խոսքն այն մասին, որ Հայոց ցեղասպանության եղելությունը կասկածի տակ դնող ձևակերպումները անթույլատրելի են:

Այս համատեքստում պարբերականը նախ նկատում է, որ ՄԻԵԴ-ի որոշումից Հայաստանի կառավարությունը գոհ է, քանի որ բավարարվել են իրենց պահանջները և ապա մեջբերում է ՀՀ Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի խոսքը. «Դատարանի վճիռը լավ արդյունք էր Հայաստանի և հայության համար»:

Պարբերականի դիտարկմամբ՝ այս տեսակետին է նաև Հայաստանի կառավարությունը դատարանում ներկայացրած բրիտանացի հայտնի իրավապաշտպան Ջեոֆրի Ռոբերթսոնը, ով, ըստ պարբերականի, շեշտել է, որ դատարանի որոշմամբ՝ հայ ժողովուրդը իրավունք ունի պաշտպանելու իր նախնիների և նրանց սերունդների արժանապատվությունը:

Թուրք ազգայնական քաղաքական գործիչ, Թուրքիայի Աշխատավորական կուսակցության ղեկավար Դողու Փերինչեքը 2005-ի մայիս, հուլիս և սեպտեմբեր ամիսներին Շվեյցարիայում մասնակցելով տարբեր կոնֆերանսների ժխտել էր 1915-ին և դրանից հետո Օսմանյան կայսրության կողմից հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանության պատմական փաստը:Մասնավորապես, իր ելույթներում Փերինչեքը Հայոց ցեղասպանությունն անվանել է «միջազգային սուտ»:

2007-ի մարտի 9-ին շվեյցարական դատարանը Քրեական օրենսգրքի 216-րդ հոդվածով դատապարտել էր թուրք ազգայնական, «Աշխատավորական կուսակցության» ղեկավար Դողու Փերինչեքին՝ ինչպես ֆինանսական, այնպես էլ քրեական պատասխանատվության ենթարկելով Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար: Վուդի կանտոնի վերաքննիչ դատարանը և Դաշնային գերագույն դատարանը մերժել էին մարտի 9-ի դատավճռի դեմ ներկայացված բողոքը: Շվեյցարիայի դատարանների դատավճիռներում նշված է, որ Հայոց ցեղասպանությունը, ինչպես հրեաների Հոլոքոստը, ապացուցված պատմական փաստ է, որը ճանաչված է երկրի օրենսդիր մարմնի կողմից:

Հունվարի 28-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանում սկսվել էր «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով դատավարությունը, որի վերաբերյալ 2013-ի դեկտեմբերի 17-ի վճիռը բողոքարկվել էր Շվեյցարիայի կողմից, իսկ 2014-ի հունիսի 2-ին դատարանը որոշեց գործը վերաքննել դատարանի Մեծ պալատում:

2014-ի մարտի 14-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ողջունեց Շվեյցարիայի կառավարության` «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ)՝ 2013-ի դեկտեմբերի 17-ի վճիռը բողոքարկելու որոշումը: Նրա խոսքով, Շվեյցարիան միշտ էլ միջազգային ասպարեզում մարդու իրավունքների ակտիվ պաշտպաններից մեկն էր, ռասայական խտրական վերաբերմունքի դեմ պայքարում ամենաակտիվ կառավարություններից մեկը, այլատյացություն սերմանող կառույցների, մարդկանց, ընդհանրապես երևույթի դեմ պայքարող ամենաակտիվ կառավարություններից մեկը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---