Բաբայան. ՄԽ միջնորդների հետ կքննարկվի դիտորդների ավելացումն ու տեսագրող սարքերի տեղադրումը

Բաբայան. ՄԽ միջնորդների հետ կքննարկվի դիտորդների ավելացումն ու  տեսագրող սարքերի տեղադրումը

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների Հայաստան և ԼՂՀ այցի շրջանակում կքննարկվեն Ադրբեջանի ապակայունացնող քայլերը, շփման գծում ԵԱՀԿ դիտորդների քանակի ավելացման, տեսագրող սարքերի տեղադրման հարցերը: Այս մասին հայտնել է ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը:

ԵԱՀԿ ղարաբաղյան կարգավորման ՄԽ համանախագահները Հայաստան կայցելեն հոկտեմբերի 26-ին,այցի ընթացքում միջնորդները կհանդիպեն ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: Նրանք կլինեն նաև Լեռնային Ղարաբաղում:

«Ընդհանրապես, երբ համանախագահները գալիս են Արցախ, մենք քննարկում ենք տարբեր հարցեր` ընթացիկ, իրավիճակային, նաև նոր զարգացումների ու ակնկալիքների մասին, հատուկ ուշադրություն է դարձվում սահմաններին տիրող իրավիճակին», - ասել է Բաբայանը, մեջբերում է Armworld.am-ը:

Նրա խոսքով՝ բանն այն է, որ Ադրբեջանը այժմ ավելի քիչ է օգտագործում դիպուկահարներին, չնայած նրանք դարձյալ սահմանին են, բայց հակառակորդն ավելի շատ զինադադարի ռեժիմը խախտում է օգտագործելով խոշոր տրամաչափի զինատեսակներ` ականանետներ, թուրքական հրթիռային համակարգեր:

Բաբայանը նշել է, որ համանախագահների հետ կքննարկվի նաև Բաքվի կողմից նման զենքերի կիրառման անթույլատրելիության մասին:

Մամուլի խոսնակը հիշեցրել է, որ ԼՂՀ-ն Ադրբեջանին առաջարկել է սահմանին հաստատել լռության օրեր, հատկապես հոգևոր, ազգային, միջազգային տոների ժամանակ: Բայց Ադրբեջանը դա էլ մերժել է:

«Այսօր էլ գրեթե կասկած չունեմ, որ Բաքուն կմերժի տեսագրող սարքերի տեղադրման առաջարկը: Ադրբեջանի նման պահվածքը մեկ անգամ ևս ապացուցում է, թե ով է մեղավորը, ով է խախտում հրադադարը, ով է իրական պատասխանատուն», - ասել է Բաբայանը:

Նա ընդգծել է, որ Ադրբեջանը լրացուցիչ խոչընդոտներ է ստեղծում Մինսկի խմբի աշխատանքում:

« Բայց համանախագահող երկրների քայլերը շատ կարևոր են, նրանք հնարավորն անում են, որ չլինի լայնածավալ պատերազմ: Եվ դա անում են Արցախի ու Հայաստանի բանակի հետ միասին: Ակնհայտ է, որ տարածաշրջանում կայունության ու խաղաղության պահպանման առանցքային գործոններից են Արցախի պաշտպանության բանակը և Հայաստանի զինված ուժերը։ Շնորհիվ նրանց է, որ ռազմական գործողությունները չեն վերաճում լայնածավալ պատերազմի: Սակայն, դրանով հանդերձ, ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Ֆրանսիայի, այսինքն` համանախագահող երկրների հստակ դիրքորոշումը, համաձայն որի իրենց համար անընդունելի է ցանկացած պատերազմական գործողություն, մեզ համար շատ կարևոր է ու Ադրբեջանին զսպող հանգամանք», - ասել է ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակը:

Մեկնաբանելով ՀՀ նախագահի, ԱԳ նախարարի այն հայտարարության, թե «ռազմական գործողությունները վերսկսվելու պարագայում Հայաստանը կճանաչի ԼՂՀ-ն» ի պատասխան հնչեցրած ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի նախկին ու ներկա համանախագահներ Բրայզայի և Ուորլիքի հայտարարարությունները այն մասին, թե Հայաստանի կողմից ԼՂ ճանաչումը կարող է Ադրբեջանի կողմից վտանգավոր ռազմական գործողության հանգեցնել, նաև կասեցնել Մինսկի գործընթացը, Բաբայանը նշել է, որ ամեն ինչ շատ հստակ է. եթե սկսվեն պատերազմական գործողություններ, իհարկե, առաջին պետությունը, որը կճանաչի ԼՂՀ անկախությունը, լինելու է Հայաստանի Հանրապետությունը:

«Մյուս կողմից՝ ի՞նչ ասել է Հայաստանի կողմից ԼՂ ճանաչումը կարող է կասեցնել Մինսկի գործընթացը: Եթե պատերազմ լինի, էլ ի՞նչ բանակցությունների մասին է խոսքը, պատերազմի վերսկսման դեպքում Մինսկի խմբի մանդատը այլևս կդրվի կասկածի տակ, սա ևս բոլորի համար պարզ է ու տրամաբանական: Ուրեմն ոչ թե գործընթացը կտապալվի, եթե Հայաստանը ճանաչի ԼՂՀ-ն, այլ հենց պատերազմի վերսկսմամբ կտապալվի գործընթացը: Իսկ պատերազմի վերսկսման պարագայում խոսել` ճանաչումը ճի՞շտ է, թե՞ սխալ, չնայած ճանաչումը միանշանակ ճիշտ է, իրավական տեսանկյունից, կարծում եմ, այլևս կարևոր չի լինի», - ասել է նա:

Բաբայանի խոսքով՝ ամեն ինչ պետք է անել այնպես, որ խնդիրը խաղաղ ճանապարհով կարգավորվի: Ըստ նրա՝ Եթե Բրայզան և Ուորլիքը կարծում են, որ Հայաստանի կողմից ԼՂ ճանաչումը կարող է Ադրբեջանի կողմից վտանգավոր ռազմական գործողության հանգեցնել, ուրեմն թող մինչև Հայաստանի ճանաչելը, տարբեր երկրներ, այդ թվում և Մինսկի խմբի համանախագահող երկրները, ճանաչեն Արցախի Հանրապետությունը, որպեսզի որևէ բարդություն չլինի:

Ավելի վաղ ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հայտարարել էր, որ «ամենաբարձր մակարդակի հանձնառությունը վերահաստատելու անհրաժեշտություն է զգացվում` հակամարտության խաղաղ կարգավորման լուծում գտնելու համար»:

Ըստ նրա, լարվածության մակարդակը տարածաշրջանում բարձր է, և ԵԱՀԿ ՄԽ-ն զգուշացնում է կողմերին նոր սրացմանը միտված քայլերից ձեռնպահ մնալու անհրաժեշտության մասին:

«Համանախագահները կայցելեն տարածաշրջան ամսվա վերջում, հանդիպելու համար նախագահներին ու նախապատրաստելու հաջորդ գագաթնաժողովը: Մենք ակնկալում ենք, որ նրանց հանդիպումը կարող է նպաստել բանակցային գործընթացի առաջխաղացմանը և իր ավանդը կունենա անվտանգության ոլորտում իրավիճակի կայունացման մեջ»,-ասել է նա:

Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովն, անդրադառնալով ՀՀ և Ադրբեջանի նախագահների հանդիպման հարցին, ասել էր. «Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման ժամկետների և վայրի հարցում շտապել պետք չէ: Համանախագահների այցի ժամանակ այդ հարցը կքննարկվի: Երկու ճանապարհ կա. կամ նախագահները կընտրեն հանդիպման վայրը, կամ համանախագահները կժամանեն պատրաստի առաջարկով: Ամեն դեպքում մենք սպասում ենք համանախագահների այցին տարածաշրջան»:

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---