Փոխվարչապետ. Հազարամյակի զարգացման ծրագիրը պետք է շարունակել և կատարելագործել

Փոխվարչապետ. Հազարամյակի զարգացման ծրագիրը պետք է շարունակել և կատարելագործել

PanARMENIAN.Net - ՄԱԿ-ի կողմից հռչակված Հազարամյակի զարգացման նպատակների ծրագիրը ամփոփվում է 2015-ին: Չնայած Հազարամյակի զարգացման նպատակների իրականացման առումով ակնառու նվաճումներին, մենք հասկանում ենք, որ անելիքները դեռ շատ են, այդ գործընթացն անհրաժեշտ է շարունակել և կատարելագործել, հոկտեմբերի 23-ին ասել է ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում կազմակերպութկան 70-րդ տարեդարձի միջոցառման ժամանակ:

«Այս մոտեցումն է հիմք հանդիսացել Հայաստանի համար ՄԱԿ-ի զարգացման նոր` ավելի համապարփակ և ընդգրկուն ծրագրի մշակմանը` «Ձևափոխելով աշխարհը. կայուն զարգացման օրակարգ 2030», առաջին իսկ օրից մասնակցելու համար: Նոր օրակարգն իր 17 նպատակով և 169 թիրախով կոչված է ապահովել աշխարհի բնակչության կյանքի որակի կայուն զարգացում բոլոր բնագավառներում», - ասել է Գաբրիելյանը:

ՀՀ Կառավարության 2015-ի հուլիսի 31-ի նիստում ստորագրվել է «Հայաստան-ՄԱԿ. 2016-2020-ը զարգացման աջակցության ծրագիր»-ը: Հնգամյա ծրագրի բյուջեն կազմում է $119 մլն: 2015-ին ՄԱԿ-ն ամփոփում է իր կողմից հռչակված Հազարամյակի զարգացման 8 նպատակի (ՀԶՆ) կատարումը: Նպատակները ծագել են ՄԱԿ-ի Հազարամյակի հռչակագրից, որն ընդունվել է 2000-ի Հազարամյակի գագաթնաժողովի շրջանակում:

ՄԱԿ-ի մշտական համակարգող Բրեդլի Բուզետոն հոբելյանին նվիրված պաշտոնական ընդունելության ընթացքում նշել է, որ Հայաստանը ՄԱԿ-ի անդամ է հենց հանրապետության հիմնումից սկսած, և ՄԱԿ-ը ևս ի սկզբանե ակտիվ է եղել Հայաստանում:

«Մենք հպարտ ենք մեր ձեռքբերումներով՝ ավելի վաղ շրջանում հակամարտությունից տուժած մարդկանց ցուցաբերած օգնությունից մինչև աղետներին պատրաստվածություն, երեխաների իրավունքների բարելավում, մանկական մահացության դեպքերի կրճատում, գենդերային հավասարության ամրապնդում և մարդու իրավունքների պաշտպանություն», - ասել է նա:

ՄԱԿ-ի 70-րդ տարեդարձը նշելու համար աշխարհի տարբեր ծայրերում հուշարձաններ և շենքեր լուսավորվում են կազմակերպության լապույտ գույնով: Հայաստանը ևս միացել է «Ներկիր աշխարհը ՄԱԿ-ի կապույտով» համաշխարհային արշավին: Երևանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը, Վաղարշապատի 5-7-րդ դարի Սուրբ Գրիգորի տաճարը (Զվարթնոց), Դիլիջանի 19-20-րդ դարի «Թուֆենկյան հին Դիլիջան» համալիրը և Գյումրու «Մայր Հայաստան» հուշարձանը աշխարհի ավելի քան 65 երկրից մոտ 300 հուշարձանների, շենքերի, թանգարանների, կամուրջների ցանկում են, որոնք հոկտեմբերի 23-ին և 24-ին կլուսավորվեն կապույտ գույնով:

Հայաստանը ՄԱԿ-ի անդամ է դարձել 1992-ի մարտին:

Հայաստանը խոստացել է մինչև 2015-ն իրագործել ՄԱԿ-ի Հազարամյակի զարգացման հետևյալ տեղայնացված նպատակները.

1. Ծայրահեղ աղքատության և սովի վերացում: Կիսով չափ նվազեցնելով օրական $1 պակաս եկամուտ ունեցող մարդկանց թիվը և թերսնումը:

2. Տարրական ընդհանուր կրթության ապահովում: Ամբողջական տարրական կրթության ապահովումը բոլոր երեխաների համար:

3. Գենդերային հավասարության խթանում և կանանց լիազորությունների ընդլայնում: Վերացնել սեռերի միջև խտրականությունը տարրական և միջնակարգ կրթության ոլորտներում:

4. Երեխաների մահացության նվազեցում: Երկու երրորդով կրճատել մինչև 5 տարեկան երեխաների մահացության մակարդակը:

5. Մայրական առողջության բարելավում: Երեք քառորդով կրճատել մայրական մահացության մակարդակը:

6. Պայքար ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, մալարիայի և այլ հիվանդությունների դեմ: 7. Շրջակա միջավայրի պահպանման ապահովում: Կիսով չափ կրճատել անվտանգ խմելու ջրին հասանելիություն չունեցող մարդկանց թիվը:

8. Զարգացման նպատակով համաշխարհային գործակցության ձևավորում: Բարեփոխել օգնությունն ու հատուկ վերաբերմունքն ամենաաղքատ երկրներին:

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---