ԼՂՀ նախագահը՝ ԵԱՀԿ ՄԽ-ին. Զինադադարի պահպանմանն անհրաժեշտ է նոր որակ հաղորդել

ԼՂՀ նախագահը՝ ԵԱՀԿ ՄԽ-ին. Զինադադարի պահպանմանն անհրաժեշտ է նոր որակ հաղորդել

PanARMENIAN.Net - ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 27-ին ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին (ՌԴ), Պիեր Անդրիոյին (Ֆրանսիա), Ջեյմս Ուորլիքին (ԱՄՆ), ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկին և նրանց ուղեկցող անձանց:

Հանդիպմանը քննարկվել են սահմաններում տիրող իրավիճակին և ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը վերաբերող հարցեր:

Նախագահը նշել է, որ Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը և զինադադարի ռեժիմի կոպիտ խախտումները, պաշտոնական Բաքվի կողմից ցանկացած կառուցողական առաջարկների մերժումը վտանգում են տարածաշրջանում կայունության և խաղաղության պահպանումը և այս ուղղությամբ միջնորդների կողմից իրականացվող առաքելությունը:

Երկրի ղեկավարն ընդգծել է, որ առաջին հերթին անհրաժեշտ է նոր որակ հաղորդել զինադադարի ռեժիմի պահպանման և նրա խախտումների համար պատասխանատվության մեխանիզմների հստակեցմանը՝ հավելելով, որ պաշտոնական Ստեփանակերտը պատրաստ է ըստ ամենայնի մասնակցել այդ գործընթացին:

ԵԱՀԿ ղարաբաղյան կարգավորման ՄԽ համանախագահները Հայաստանում են հոկտեմբերի 26-ից: Նրանց ընդունել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Նախագահը համանախագահներին կոչ է արել հետևողական լինել Հայաստանի հետ սահմանին և Արցախի հետ շփման գծում հրադադարի ռեժիմի կոպիտ խախտումների հետաքննության և դատապարտման գործում, որը նախագահի համոզմամբ, չափազանց կարևոր է հրադադարի ռեժիմի պահպանման, դրա խախտումների բացառման տեսանկյունից:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին ընդունել է նաև ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը: Հանդիպմանը շարունակվել են քննարկումները ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացն առաջ մղելու շուրջ։

«Ադրբեջանի կողմից սահմանային սադրանքները զուգորդվում են Բաքվում ամենաբարձր մակարդակով ռազմատենչ հայտարարություններով ու սպառնալիքներով, թշնամանքի և ատելության քարոզչությամբ։ Ադրբեջանի կողմից միջադեպերի քննության մեխանիզմ ստեղծելու համանախագահների հասցեական հրապարակային կոչի մերժումը վկայում է, որ Բաքուն ցանկանում է տապալել Հայաստանի և եռանախագահ երկրների ջանքերը՝ ուղղված ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը», - ասել է Նալբանդյանը:

Հոկտեմբերի 27-ին համանախագահները մասնակցելու են Մարտակերտ-Թարթառ ճանապարհահատվածում ԵԱՀԿ առաքելության կողմից իրականացվելիք ԼՂՀ և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի դիտարկմանը:

Դիտարկման ժամանակ Մինսկի խմբի համանախագահները և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչն անցնելու են ադրբեջանական տարածք՝ ԼՂՀ կողմից:

ԼՂՀ իշխանությունները պատրաստակամություն են հայտնել աջակցել դիտարկման անցկացմանը և ապահովել դիտարկման մասնակիցների անվտանգությունը:

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---