Նախագահ. Մշակվել է ռադիոակտիվ թափոնների և վառելիքի անվտանգ կառավարման ռազմավարությունը

Նախագահ. Մշակվել է ռադիոակտիվ թափոնների և վառելիքի անվտանգ կառավարման ռազմավարությունը

PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 27-ին Կառավարությունում հանդիպել է ՀՀ նախագահին կից ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի (ԱԷԱԽ) նախագահ Ադոլֆ Բիրկհոֆերի հետ, ով Հայաստան է ժամանել անվտանգության խորհրդի հերթական՝ 14-րդ նիստին մասնակցելու նպատակով:

Հանրապետության նախագահը և Ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի նախագահն անդրադարձել են ՀԱԷԿ-ի անվտանգության մակարդակի բարձրացման ուղղությամբ իրականացված ծրագրային աշխատանքներին, ատոմային էլեկտրակայանի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման ծրագրով նախատեսված միջոցառումներին, նաև՝ ՀԱԷԿ-ի նոր էներգաբլոկի կառուցման հետ կապված հարցերին, ՄԱԳԱՏԷ-ի հետ գործակցությանը, այդ թվում՝ «ՕՍԱՐՏ» առաքելության շրջանակում:

Հանդիպումից հետո Սարգսյանը Բիրկհոֆերի հետ Կառավարության ընդունելությունների տանը մասնակցել է Ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի նիստին և հանդես եկել բացման խոսքով:

«Եվրամիության տեխնիկական աջակցության շրջանակում «Ռադիոակտիվ թափոնների և աշխատած միջուկային վառելիքի անվտանգ կառավարման ռազմավարության» մշակումը գործնականորեն ավարտված է: Իրականցվել է ընթացիկ իրավիճակի վերլուծություն: Անցկացվել է գործող օրենսդրության վերլուծություն: Կառավարության կողմից ռազմավարության հաստատումից հետո կմշակվի և կհաստատվի դրա իրականացման ծրագիրը», - ասել է Սարգսյանը՝ հավելելով, որ «Աշխատած միջուկային վառելիքի հետ անվտանգ վարվեցողության և ռադիոակտիվ թափոնների հետ անվտանգ վարվեցողության միացյալ կոնվենցիա»-ի դրույթների համաձայն` Հայաստանը 2015-ի մայիսին ՄԱԳԱՏԷ-ում ներկայացրել է առաջին ազգային զեկույցը:

«ՕՍԱՐՏ» առաքելության կողմից արված նկատողությունները վերացնելու համար Հայկական ԱԷԿ-ում մշակվել է «Ծրագիր և վարվեցողություն Հայկական ԱԷԿ-ի ռադիոակտիվ թափոնների հետ» փաստաթուղթը: Ծրագրի նպատակն է Հայկական ԱԷԿ-ի ռադիոակտիվ թափոնների կիրառման մակարդակը հասցնել ժամանակակից պահանջներին: Պլանավորված է ծրագրի փուլային իրականացում 2016-2019թթ. ժամանակահատվածում` օգտագործելով շահագործման ժամկետը երկարաձգելու ծրագրի վարկային միջոցները:

ՄԱԳԱՏԷ առաքելությունն իրականացրել է Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի սեյսմիկ անվտանգության հավանական վերլուծության փորձաքննություն:

«ՄԱԳԱՏԷ-ի առաջարկություններն ամբողջությամբ իրականացվել են և արտացոլվել վերջնական զեկույցում: Կարելի է արձանագրել, որ Հայկական ԱԷԿ-ի սեյսմիկ անվտանգությունը համապատասխանում է անվտանգության ժամանակակից պահանջներին և գոյություն ունեցող ատոմակայանների նպատակային ցուցանիշներին», - ասել է Սարգսյանը:

Նա նշել է, որ Երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետը երկարաձգելու ծրագրի առաջին փուլով արդեն ավարտվել են 4.500 միավոր սարքավորումների, համակարգերի և բաղադրիչների հետազոտությունները: Առաջին փուլի զեկույցը կավարտվի 2016-ի մարտին: Զուգահեռաբար սկսվել է երկրորդ փուլի աշխատանքը:

Նախագահն ընդգծել է, որ նոր ատոմային էներգաբլոկի շահագործման ժամկետը, համաձայն ՀՀ կառավարության 2014-ի հուլիսի 31-ի «Հայաստանի Հանրապետության էներգետիկ անկախության ապահովման հայեցակարգի դրույթների իրականացմանն ուղղված 2014-2020թթ. միջոցառումների ծրագրի հաստատման» վերաբերյալ որոշման, համաչափվում է գործող էներգաբլոկի շահագործումից հանման ժամկետի հետ: Այսպիսով, Հայաստանը հաստատում է իր մտադրությունը ատոմային էներգետիկայի զարգացման գործում, և այդ ուղղվածությունը զբաղեցնում է առանցքային տեղ էներգետիկայի զարգացման ծրագրում:

Սարգսյանի խոսքով՝ հայկական կայանի անձնակազմի պատրաստվածության մակարդակը բարձրացնելու համար անհրաժեշտ է կայանում գործող վարժասարքը դարձնել լիարժեք, լիամասշտաբ վարժասարք: Արդեն այս տարի կայանի սեփական միջոցներից առաջիկա աշխատանքների իրականացման համար կտրամադրվեն միջոցներ: Սարգսյանը նշել է, որ Հայկական կայանը պետք է կենտրոնացնի իր բոլոր ջանքերը` և՛ ֆինանսական, և՛ տեխնիկական, հետագա աշխատանքների հաջող ավարտի համար:

Նախագահը հիշեցրել է, որ 2014-ին զբաղեցրած պաշտոններից ազատվել են Հայկական ԱԷԿ-ի որոշ ղեկավարներ՝ իրենց պարտականությունները ոչ պատշաճ կատարելու համար: Սարգսյանը ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության ուշադրությունն է հրավիրել ֆինանսական միջոցների արդյունավետ օգտագործման վրա՝ կայանի շահագործման անվտանգության և հուսալիության ապահովման ու առաջադրված խնդիրները ժամանակին իրականացնելու համար:

«Առաջնային եմ համարում Հայաստանի ատոմային էներգետիկայի բոլոր ճյուղերում կադրային քաղաքականության հարցերը: Հարկավոր է ամրապնդել և պահել բարձր որակավորում ունեցող մասնագետների, ինչպես կայանում, այնպես էլ բոլոր մասնագիտացված կազմակերպություններում», - ասել է նախագահը:

Երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետը երկարաձգելու ծրագիրն իրականացվում է երկու փուլով.

1. ԱԷԿ համակարգերի, սարքավորումների, բաղադրիչների և կառույցների հետազոտման համապարփակ ծրագիր,

2. լրացուցիչ ժամանակահատվածում շահագործման թույլտվություն ստանալու համար անհրաժեշտ փոփոխությունների իրականացում և արդիականացում, ինչպես նաև Հայկական ԱԷԿ-ի անվտանգության մակարդակի բարձրացմանն ուղղված միջոցառումների իրականացում` հաշվի առնելով Եվրոպական հանձնաժողովի տեխնիկական աջակցության շրջանակներում իրականացված սթրես-թեսթի արդյունքների վերաբերյալ ներկայացված զեկույցը:

Ռուսաստանն ու Հայաստանը դեկտեմբերի 20-ին հայկական ԱԷԿ–ի 2–րդ բլոկի շահագործման ժամկետը երկարացնելու վերաբերյալ գործակցության համաձայնագիր են ստորագրել: Հայկական ատոմակայանի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետը լրանում է 2016-ի սեպտեմբերին։ Համաձայնագրով նախատեսվում է դրա շահագործման ժամկետի երկարաձգում:

Հայաստանի տարածքում գործող միակ ատոմային էներգաբլոկի շահագործման ժամկետների երկարացման աշխատանքների անցկացման վերաբերյալ աջակցության մասին պայմանավորվածությունը ձեռք է բերվել դեռևս 2013-ին: Այդ պայմանավորվածությունների իրագործման շրջանակում Ռոսատոմի մասնագետներն արդեն անցկացրել են էներգաբլոկի նախնական զննում և հետագա գործողությունների ծրագիր կազմել։

ՀՀ կառավարությունը նոյեմբերի 19-ի նիստում հավանություն տվեց Ռուսաստանի և Հայաստանի կառավարությունների միջև վարկային համաձայնագրի նախագծին, ըստ որի` Ռուսաստանի տրամադրած 270 միլիոն դոլար վարկը ուղղվելու է Մեծամորի ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման աշխատանքների ֆինանսավորմանը: Վարկը տրամադրվել է 10 տարի ժամկետով տարեկան 3 տոկոս տոկոսադրույքով, առաջին վճարումը պետք է կատարվի 2019-ի հունվարի 15-ին:

Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկը շահագործման է հանձնվել 1980թ.-ին՝ 30 տարի շահագործման նախագծային ժամկետով: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ այդ էներգաբլոկը 1989–1995թթ. ժամանակահատվածում չի աշխատել, ինչպես նաև այն, որ նոր միջուկային էներգաբլոկի կառուցումը հետաձգվել է, ՀՀ կառավարությունը որոշել է շահագործման ժամկետի ավարտը սահմանվել է 2016թ.:

Կարդացեք նաև՝ Ատոմակայանը վերսկսել է էլէներգիայի արտադրությունը

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---