Հերթապահության 175 օրն իզուր չէր. «Արմեն» որբանոցը վերադարձվել է հայ համայնքին

Հերթապահության 175 օրն իզուր չէր. «Արմեն» որբանոցը վերադարձվել է հայ համայնքին

PanARMENIAN.Net - Ստամբուլի Թուզլա շրջանում գտնվող «Արմեն» որբանոց-ճամբարը հոկտեմբերի 27-ին վերադարձվել է հայ համայնքին: Ստամբուլից ստացված լուրերի համաձայն` ճամբարի սեփականության վկայականը հանձնվել է Գեդիկփաշայի հայ բողոքական եկեղեցու հիմնադրամին:

Լուրը հաստատել է նաև հիմնադրամի փաստաբան Սեբու Ասլանգիլը, գրում է Ermenihaber.am-ը:

Հոկտեմբերի 27-ին լրացավ ապամոնտաժումը թույլ չտալու նպատակով ճամբարում սկսված հերթապահության 175-րդ օրը: Այդ ընթացքում ճամբարը չքանդելու համար պայքարող քաղաքացիների վրա երկու հարձակում է իրականացվել, որոնցից մեկի արդյունքում երկու մարդ էր վիրավորվել: Հարձակվողները փայտերով էին զինված:

«Արմեն» հայկական որբանոց-ճամբարը թուրքական իշխանությունների կողմից ապօրինաբար խլվել է հայ համայնքի ձեռքից:

2015 մայիսի 6-ի առավոտյան ճամբարի ներկայիս սեփականատիրոջ նախաձեռնությամբ սկսվել էր ճամբար-մանկատան ապամոնտաժումը, սակայն կարճ ժամանակ անց Թուրքիայի հայկական համայնքի սկսած բողոքի լայնածավալ միջոցառումների շնորհիվ շինության ապամոնտաժումը ժամանակավորապես հնարավոր եղավ դադարեցնել:

«Արմեն» հայկական որբանոց-ճամբարը Ստամբուլի Թուզլա շրջանում գտնվող լքյալ ու կիսաքանդ մի շինություն է: Ներկայումս ավերակի վերածված շինությունը ժամանակին եղել է չքավոր ու որբ հայ երեխաների ամառային ճամբարը: 8.552 քմ տարածք զբաղեցնող կառույցը 1961-ին գնվել է Հայ բողոքական եկեղեցու հիմնադրամի կողմից և ծառայել է որպես ամառային ճամբար: Հայտնի է, որ այստեղ են մեծացել նաև 2007-ին Թուրքիայում սպանված հայտնի հայ լրագրող Հրանտ Դինքը և նրա կին Ռաքել Դինքը:

«Արմեն ճամբար»-ը, որը կառուցվել է հայ որբերի աշխատանքով, թուրքական պետության որոշումով փակվել է 1983-ին: Ճամբարում բնակվող երեխաները մասնակցել են շինարարական աշխատանքներին. նրանք ավազ են կրել ծովից, որով էլ կառուցվել է այն: Իշխանությունները երբեք թույլ չեն տվել վերանորոգել որբանոցը, ինչի պատճառով այն գտնվում է անմխիթար վիճակում:

Մանկատան հողատարածքի սեփականատեր Սեիթ Դուրմազի երեխաներից մեկը հետագայում հաջողացրել է որբանոցից 600 քմ տարածք գնել: 1974-ին այդ տարածքը գնած կապալառուի կողմից բացված դատական գործընթացի արդյունքում նա կարողացել է զարտուղի ճանապարհով ճամբարի տարածքը կցել իր կողմից գնված 600 քմ -ին: 1977-ին փոքրամասնությունների հիմնադրամների մասին ընդունված նոր օրենքով հայ որբերի ճամբարը բռնագրավվել է:Ստամբուլում մայիսի 6-ին բուլդոզերները և հատուկ մեքենաները սկսել են քանդել հայ որբերի «Արմեն ճամբար» ամառային որբանոցը: Դրա դեմն առնելու նպատակով Թուրքիայում գործունեություն ծավալող մի շարք կազմակերպություններ և պարզապես անհատներ շտապել են այնտեղ` կասեցնելու որբանոցի շենքի կործանումը: Ներկայում որբանոցի շենքի քանդումը մասամբ դադարեցված է: Որոշ ժամանակ անց որոշումը ժամանակավորապես կասեցվել է:

Թուրքիայում 2011-ին օրենք է ընդունվել ազգային փոքրամասնություններին պատկանող հիմնադրամների` 79 տարի բռնագրավված անշարժ գույքը վերադարձնելու մասին, սակայն, «Արմեն ճամբար» ամառային ճամբար-մանկատունը չի ընդգրկվել օրենքով վերադարձման ենթակա գույքի ցուցակում:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---