Freedom House. ՀՀ-ն ազատ ինտերնետով երկրների շարքում է

Freedom House. ՀՀ-ն ազատ ինտերնետով երկրների շարքում է

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 28-ին Freedom House միջազգային իրավապաշտպան ընկերությունը հրապարակել է աշխարհի երկրներում ինտներնետի ազատության 2015-ի զեկույցը։ Համացանցի ազատության ցուցանիշով ԱՊՀ-ի անդամ երկրներից ազատ է համարվել միայն Հայաստանը:

Freedom House-ի 2014-ի զեկույցի համաձայն՝ ՀՀ-ն ԱՊՀ միակ երկիրն էր ազատ համացանցով:

Ըստ 2015-ի զեկույցի՝ մասամբ ազատ են Ադրբեջանը, Ուկրաինան և Ղրղըզստանը, իսկ Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ուզբեկստանը ոչ ազատ երկրների շարքում են:

Freedom House-ը նշում է, որ արդեն 5-րդ տարին է, ինչ աշխարհի մասշտաբով նկատելի է ինտերնետի ազատությունների սահմանափակում: Ավելի շատ կառավարություններ են գրաքննության ենթարկում հանրային հետաքրքրություն ներկայացնող ինֆորմացիան, ընդլայնվում են նաև վերահսկողությունը և անհատական գաղտնապահության խախտումները, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:

Ըստ Freedom House-ի զեկույցի` ինտերնետից օգտվողների 61%-ն ապրում է այնպիսի երկրներում, որտեղ կառավարության, բանակի կամ գերիշխող ընտանիքների մասին քննադատական նյութերը գրաքննության են ենթարկվում:

Ինտերնետում առաջին հերթին գրաքննության են ենթարկվում իշխանություններին քննադատող նյութերը, հակամարտությունների մասին լուրերը, բարձրաստիճան պաշտոնյաներին կամ խոշոր գործարարներին կոռուպցիայի մեջ մեղադրող հրապարակումները, ընդդիմադիր կայքերը։ Երգիծանք պարունակող նյութերը ևս գրաքննվել են ուսումնասիրված երկրների մեկ երրորդում:

Ըստ զեկույցի` ուսումնասիրված 65 երկրից 42-ի իշխանությունները մասնավոր ընկերություններից կամ ինտերնետ օգտատերերից պահանջել են սահմանափակել կամ հեռացնել քաղաքական, կրոնական կամ սոցիալական խնդիրների մասին նյութերը: Նախկինում այդպիսի երկրները 37-ն էին: 65 երկրից 40-ում բանտարկված մարդիկ կան, որոնք կալանավորվել են վերը նշված բովանդակությամբ նյութեր տարածելու համար:

Նախկինում այդպիսի երկրները 38-ն էին: 14 երկրի իշխանությունները նոր օրենքներ են ընդունել՝ ուժեղացնելու համար ինտերնետի վերահսկողությունը:

Ինտերնետի ազատությունների ամենախիստ սահմանափակումները Չինաստանում են, Սիրիայում և Իրանում։ 32 երկրում ինտերնետի ազատության անկում է գրանցվել, այդ թվում՝ Ֆրանսիայում, Լիբիայում, Ուկրաինայում: Ուկրաինայում արդեն երկրորդ տարին անընդմեջ է ինտերնետի ազատությունների սահմանափակում արձանագրվում՝ Ռուսաստանի հետ հակամարտության պատճառով:

Freedom House-ը ինտերնետի ազատության բարելվում է արձանագրել Շրի Լանկայում, Զամբիայում, որտեղ կառավարություն է փոխվել, ինչպես նաև Կուբայում: Միացյալ Նահանգների հետ հարաբերությունները կարգավորող Կուբայում չնայած բարելավում է նկատվել, սակայն մեծամասնության համար ինտերնետը դեռևս հասանելի չէ:

2014-ին Freedom House կազմակերպությունը հրապարակել է «Համացանցի ազատությունը 2014-ին» զեկույցը, որտեղ գնահատվել է աշխարհի 65 երկրում համացանցի ազատության մակարդակը: Հայաստանը 100 հնարավոր միավորից ստացել է 28-ը, ինչը նշանակում է, որ այն դասակարգվել էր երկրների շարքում, որտեղ համացանցի ազատության մակարդակն «ազատ» է գնահատվում: 2013-ի արդյունքի համեմատ (29 միավոր) Հայաստանը 2014-ին նույնիսկ բարելավել էր իր դիրքը:

2014 թվականի դրությամբ ինտերնետի ծածկույթի մակարդակով Հայաստանն աշխարհի առաջատար երկրներից մեկն է։ Տարածքի 99 տոկոսը ծածկված է լայնաշերտ անլար ինտերնետով` 3G տեխնոլոգիաներով, այսինքն` հասանելիության խնդիրը լուծված է, հարկավոր է ավելացնել թողունակությունը:

Freedom House-ը ոչ կառավարական կազմակերպություն է, որը զբաղվում է քաղաքական և քաղաքացիական ազատությունների ուսումնասիրությամբ:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---