«Նաիրիտ» գործարանի բաժնետոմսերը կվերադարձվեն պետությանը

«Նաիրիտ» գործարանի բաժնետոմսերը կվերադարձվեն պետությանը

PanARMENIAN.Net - Առաջիկա շաբաթներին «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի բաժնետոմսերը կրկին կդառնան Հայաստանի Հանրապետության սեփականությունը:

Ինչպես հայտնել է ԱՌԿԱ գործակալությունը, այդ մասին հոկտեմբերի 28-ին խորհրդարանում կառավարական ժամի ընթացքում հայտարարել է էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը: Ըստ նրա, նախարարությունը սպասում է ԱՊՀ Միջպետական բանկի կողմից ընթացակարգերն ավարտելու մասին հայտարարությանը, որտեղ գրավ են դրված ձեռնարկության բաժնետոմսերը:

«Նրանք հայտնել են, որ առաջիկա շաբաթներին վերջնական որոշում կկայացվի, որից հետո բաժնետոմսերը կվերադարձվեն պետությանը»,-ասել է Զախարյանը:

Ինչպես նշել է նախարարը, դրանից հետո արդեն պետությունը կկարողանա հայտարարություն անել ձեռնարկության հետագա ճակատագրի մասին:

«Կառավարությունը կողմ է, որ գործարանը վերսկսի աշխատանքը, եթե համապատասխան ներդրող գտնվի: Ժամանակը ցույց կտա`եթե կլինեն ներդրողներ, մենք պատրաստ ենք բանակցել «Նաիրիտի» վերագործարկման մասին:

«Նաիրիտ» կաուչուկի գործարանի լուծարումը կամ սնանկացումը բոլորովին ձեռնատու չէ ՀՀ կառավարության համար, որովհետև կառույցի պահպանման, անվտանգության ապահովման, ապա՝ վնասազերծման հետ կապված ծախսվող գումարները բավականին մեծ են։ Ազգային ժողովի և կառավարության միջև հարց ու պատասխանի ընթացքում նման հայտարարությամբ հանդես եկավ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը՝ պատասխանելով ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի հարցադրմանը։

Նախարարը նաև շեշտել է, որ որոշ անձանց առաջարկությունները, ըստ որոնց «Նաիրիտ»-ը հնարավոր է վերագործարկել 50-60 մլն դոլար ներդրումներով, բացարձակ չհիմնավորված են ու գործից անտեղյակ լինելու հետևանք։ Զախարյանի կարծիքով, $50-ից 60 մլն-ի ներդրումները չեն կարող ապահովել անգամ գործարանի 1-2 ամսվա շրջանառու միջոցները։

Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի աշխատակազմը հունիսի 24-ին ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն է ներկայացրել «Նաիրիտ»-ի հետագա շահագործման, տեխնիկական և ֆինանսական կենսունակության վերաբերյալ վերջնական հաշվետվությունը և խորհուրդ տվել լուծարել գործարանը։ Ըստ ՀԲ-ն՝ «Նաիրիտը» շարունակում է վատնել կառավարության ռեսուրսները:

«Նաիրիտ» գործարանի աշխատողների աշխատավարձի պարտքն օգոստոսի 4-ի դրությամբ ամբողջությամբ մարվել է: Մոտ 2400 աշխատողի պարտքը կազմում էր 5 մլրդ 310 մլն դրամ, որը կուտակվել էր վերջին 4 տարվա ընթացքում: Գործարանի աշխատակիցները մոտ 8 ամիս պայքարում էին՝ ցույցեր անցկացնելով կառավարության շենքի և նախագահական նստավայրի մոտ, փողոցներ փակելով:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---