Բեգլարյան. Իրան-ՀՀ երկաթգծի կառուցմանը խոչընդոտում է ֆինանսական խնդիրը

Բեգլարյան.  Իրան-ՀՀ   երկաթգծի կառուցմանը խոչընդոտում է ֆինանսական խնդիրը

PanARMENIAN.Net - Իրան-Հայաստան երկաթգծի կառուցման համար ոչինչ չի խանգարում, խնդիրը պահանջվող մեծ գումարն է: Այս մասին ԱԺ-ում լրագրողներին ասել է ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը:

«Եթե Հայաստանն ունենար այդ գումարները, երկաթգիծը վաղուց կառուցված կլիներ: Մենք պետք է կարողանանք ձեռք բերել համապատասխան գործընկերներ՝ երկաթգծի կառուցման և շահագործման համար: Գործընթացը տարվում է, անընդհատ բան է փոխվում, պարզապես ծրագիրը մեծ է: Ամեն դեպքում դրական շարժ կա»,- նշել է Բեգլարյանը, գրում է Tert.am-ը:

Ըստ նախարարի՝ հիմնական խոչընդոտը ֆինանսական խնդիրներն են, իսկ «մնացածը ձեռք է բերվում քաղաքական պայմանավորվածությունների ժամանակ»:

Հայաստանի համար երկաթգծի շինարարությունը ռազմավարական նշանակություն ունի: Ծրագրվում է, որ երկաթուղու կառուցումը կիրականացվի 6 տարում։ Նախագծի արժեքը գնահատվում է $3.5 մլրդ: 2013-ին Իրանն իրազեկել է ՀՀ իշխանություններին, որ պատրաստ է կառուցել Իրան-Հայաստան երկաթուղու Ջուղա-Մեղրի իրանական հատվածը սեփական միջոցներով, երբ Հայաստանը միջոցներ գտնի իր հատվածը կառուցելու համար: 2015-ի հունիսին CCECC ընկերության խորհրդի նախագահ Վու Վանլիանգին վերահաստատել է չինական կազմակերպության հետաքրքրությունը և ցանկությունը մասնակցելու Հայաստանի հարավային երկաթուղու կառուցման ծրագրին:

«Հայաստան էր այցելել Իրանի փոխվարչապետը, Իրանի քաղաքաշինության և տրանսպորտի նախարարը և կարող եմ ասել՝ նրանք տրամադրված են, որ երկաթգիծը անպայման կառուցվի: Պայմանավորվել ենք, որ Բանդարաբասում արտոնություններ տրվեն Հայաստանին, որպեսզի Բանդարաբաս-Մեղրի ճանապարհն ավելի հեշտ աշխատացնենք»,- ասել է նախարարը՝ շեշտելով, որ Ռուսաստանը չի խոչընդոտում Իրան-Հայաստան երկաթգծի կառուցման աշխատանքներին:

Սեպտեմբերին Չինաստանի վարչապետը կոմերցիայի գծով փոխնախարարին ու Հայաստան-Չինաստան տնտեսական գործակցության հանձնաժողովի համանախագահին հանձնարարել է կոորդինացնել Իրան–Հայաստան երկաթգծի կառուցման շուրջ հարցերը: Հանձնարարվել է նաև հայկական կողմի հետ համաձայնեցնելով ուսումնասիրել երկաթգծի տեխնիկատնտեսական հիմնավորումները, այն ապրանքների ծավալները, որոնք կարող են տեղափոխվել երկաթուղու միջոցով:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 27-ի պետական այցովՉԺՀ-ում էր գտնվում: Նախագահը հայտարարել էր, որ Հայաստանն ակնկալում է չինական ընկերությունների ակտիվ մասնակցությունը Հայաստան-Իրան երկաթուղու կառուցման գործում:

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը սեպտեմբերի 22-ին Պեկինում հանդիպել է ՉԺՀ պետական խորհրդի նախագահ (վարչապետ) Լի Քեցյանի հետ: Վարչապետները մանրամասն քննարկել են Իրան–Հայաստան երկաթուղու, Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի կառուցման ներդրումային ծրագրերը: Քեցյանը վերահաստատել է չինական կողմի հետաքրքրվածությունը այս հարցում: Նա պատրաստակամություն է հայտնել համատեղ ծրագրեր իրականացնել Հայաստանի ենթակառուցվածքների զարգացման, արդյունաբերության, հումանիտար և այլ ոլորտներում:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---