Վարդենիս-Մարտակերտ ճանապարհը նախատեսվածից երկար կվերակառուցեն. Այն պատրաստ կլինի 2016-ի ավարտին

Վարդենիս-Մարտակերտ ճանապարհը նախատեսվածից  երկար կվերակառուցեն.    Այն պատրաստ կլինի 2016-ի ավարտին

PanARMENIAN.Net - Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհի վերակառուցման աշխատանքները շարունակվում են 2-րդ փուլով: Ծրագրի իրականացմանն են նպատակաուղղվել Հեռուստամարաթոն 2013 և 2014-ի հանգանակությունները: Ձեռնարկը ավարտին հասցնելու նպատակով միջոցներ են հատկացվել նաև Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի կառավարությունների կողմից: Ճանապարհի շինարարությունը կշարունակվի են «Հայաստան» համահայկական հիմնադրամի ռազմավարական և նպատակային ծրագրերին զուգահեռ, և կավարտվի 2016-ի վերջին, հայտնում են հիմնադրամի մամուլի ծառայությունից:

2015-ի մայիսին «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը լրագրողներին հայտնել էր, որ Հայաստանն Արցախին հետ կապողՎարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհի վերակառուցումը կավարտվի 2016-ի սկզբին:

«Հաջորդ տարեսկզբին Վարդենիս-Մարտակերտ մայրուղին լիովին պատրաստ կլինի։ Բյուջեով նախատեսված է մոտ 9 մլրդ դրամ հատկացնել»,- ասել է Վարդանյանը:

Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհի վերակառուցումն իրականացվում է միաժամանակ հինգ ճանապարհաշինարարական կազմակերպության կողմից` 12 տեղամասով: Նախկինում դժվարանցանելի մոտ 116 կմ երկարությամբ ավտոճանապարհն ունի 10 և ավելի մետր լայնություն, որից 7 մետրը կկազմի ասֆալտապատ երթևեկելի հատվածը:

2014-ի ընթացքում կառուցվել են արհեստական կառուցվածքներ, այդ թվում ջրահեռացման խողովակներ, ափապաշտպան կառույցներ, հենապատեր ու եզրաքարեր, ինչպես նաև վերանորոգվել են 17 մեծ ու փոքր կամուրջը: Ներկայումս ընթանում են ճանապարհի ասֆալտապատման աշխատանքները: Բնակավայրերով անցնող հատվածներում` մասնավորապես Գետավանում և Եղեգնուտում, կառուցվում են մայթեր:

«Նոյեմբերի 1-ի դրությամբ ամբողջ ճանապարհն ունի ավելի քան 49կմ ասֆալտի երկշերտ ծածկույթ: Մնացած հատվածներում իրականացվում են ճանապարհի հիմնատակի կառուցման աշխատանքներ: Շուրջօրյա` միջինը +10 ջերմության պայմաններում ճանապարհի կառուցման աշխատանքները կշարունակվեն: Ձմռան շրջանում կիրականացվեն նախապատրաստական աշխատանքներ, մասնավորապես խճի, ավազի, և այլ անհրաժեշտ նյութերի պահեստավորում, ինչպես նաև ասֆալտբետոնե գործարանի և ճանապարհաշինարարական մեքենաների և սարքավորումների վերանորոգում և համալրում` գարնանը աշխատանքները վերսկսելու նպատակով: Ավելորդ չէ նշել, որ շինարարության ողջ ընթացքում ճանապարհը երթևեկելի է եղել նաև մարդատար մեքենաների համար:

Ուղիղ կապ ապահովելով Հայաստանի և Արցախի հյուսիսային շրջանների միջև, նոր մայրուղու գործարկումը ոչ միայն զգալիորեն կկրճատի այն ժամանակահատվածը, որն այսօր անհրաժեշտ է Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհով մի հանրապետությունից մյուսն ուղևորվելու համար, այլ կամրապնդի միջհամայնքային կապերը, կնպաստի հարակից համայնքների տնտեսական զարգացմանը, կխթանի զբոսաշրջությունը` աշխուժացնելով մեր երկու հանրապետությունների սոցիալ-տնտեսական կյանքը: Ճանապարհը հնարավորություն կտա նաև ծանոթանալ մեր պատմամշակութային հուշարձաններին ու վայելել հայրենի բնաշխարհի գեղեցկությունը:

Նախորդ տարիներին ճանապարհի մերձակա համայնքներում իրականացվել են մի շարք ենթակառուցվածքներ. Քարվաճառն և Գետավանն ունեն կանոնավոր ջրամատակարարում, Չափարը, Վերին Հոռաթաղն ու Վաղուհասը` նորակառույց դպրոցներ, և այսօր համայնքային կենտրոններ են կառուցվում Գետավան և Կոճողուտ գյուղերում: Բարեկարգ ավտոմայրուղու առկայությունը հնարավորություն կտա ոչ միայն կյանքի կոչել շրջակա համայնքների կյանքն ու կենցաղը բարելավող սոցիալ-տնտեսական ենթակառուցվածքներ, այլև զարկ կտա բիզնես և զարգացման ծրագրերին` գյուղացուն ապահովելով կայուն եկամտով` փոխելով նրա կյանքի որակը:

116 կմ երկարություն ունեցող Վարդենիս (Հայաստան) - Մարտակերտ (ԼՂՀ) ավտոճանապարհի շինարարությունը «Հայաստան» հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի կողմից հաստատված ռազմավարական ծրագիր է։ Ավտոճանապարհը Հայաստանի և Արցախի միջև այլընտրանքային կապ կապահովի։

Ավտոճանապարհի գործարկումն առանցքային ռազմավարական և սոցիալ-տնտեսական նշանակություն ունի։ Նոր ճանապարհը ոչ միայն կակտիվացնի ճանապարհի երկայնքով ձգվող 22 մանր ու մեծ համայնքի կյանքը, այլև կնպաստի երկու երկրի զբոսաշրջության և տնտեսության զարգացմանը։

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---