«Մուսա լեռան հերոսամարտը» մշտական ցուցադրությունը` մուսալեռցիների մասին նոր նյութերով

«Մուսա լեռան հերոսամարտը» մշտական ցուցադրությունը`  մուսալեռցիների մասին  նոր նյութերով

PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանը Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի, Մուսա լեռան հերոսամարտի 100-ամյակի նշումը կազմակերպող հոբելյանական հանձնաժողովի անդամների հետ նոյեմբերի 14-ին Արմավիրի մարզում մասնակցել է Մուսա լեռան հերոսամարտի 100-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր միջոցառումներին, որոնց ներկա են եղել նաև ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանության, ինչպես նաև Ֆրանսիայի ՊՆ պատվիրակության ներկայացուցիչներ, մուսալեռցիներին փրկած նավերի նավապետների հարազատները, մարզի բնակիչները և բազմաթիվ հյուրեր:

Նախագահը միջոցառման մասնակիցների հետ ծաղիկներ է դրել Մուսա լեռան հերոսամարտի 18 նահատակի հիշատակին նվիրված հուշակոթողին և հարգանքի տուրք մատուցել, որից հետո Հայ Առաքելական եկեղեցու Արմավիրի թեմի առաջնորդի կողմից կատարվել է «Ի հիշատակ սուրբ նահատակների» արարողակարգը:

Հերոսամարտի հոբելյանի առթիվ կազմակերպված հանդիսավոր միջոցառումների շրջանակում Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր, Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության թանգարանն իր «Մուսա լեռան հերոսամարտի և մուսալեռցիների ազգագրության թանգարան» մասնաճյուղի ցուցասրահում կազմակերպել է «Մուսա լեռան հերոսամարտը» խորագրով մշտական ցուցադրություն` շրջանառության մեջ դնելով նոր ուշագրավ նյութեր: Մուսա լեռան հերոսամարտի պատմությունը ներկայացնող նոր ցուցադրության հիմնական նպատակն է՝ հանրությանը ներկայացնել մուսալեռցիների հերոսական պայքարը, հավերժացնել հերոսամարտում զոհված մուսալեռցիների հիշատակը և սերունդներին դաստիարակել այդ հերոսների ոգով: Հանրապետության նախագահը և միջոցառման մասնակիցները շրջել են թանգարանի՝ ինքնապաշտպանական մարտերին նվիրված ցուցասրահում, ծանոթացել ցուցադրանյութին, որը ներկայացվել է դիզայներական նոր լուծումներով՝ Մուսա լեռան և ծովեզերքի եռաչափ անիմացիայով:

Հուշարձանի կամարի տակ տեղադրվել են Մուսա լեռան հերոսամարտի 18 նահատակի հիշատակին նվիրված «Փառապանծ սուր» տուֆե հուշակոթողը և «Մասունք Մուսա լեռան հերոսամարտի նահատակաց» տապանաքարը:

Մուսա լեռան քառասուն օրը դյուցազներգության հեղինակ Ֆրանց Վերֆելի ծննդյան 125-ամյակի կապակցությամբ և ի նշան նրա նկատմամբ երախտագիտության ու հարգանքի` հուշահամալիրի տարածքում տեղադրվել են նաև ամբողջ աշխարհում Մուսա լեռան հերոսներին փառաբանած ավստրիացի գրող Ֆրանց Վերֆելի և չորս հազարից ավելի մուսալեռցիների փրկած ֆրանսիացի ծովակալ Լուի Դարթիժ դյու Ֆուրնեի դիմաքանդակները:

Հանդիսավոր միջոցառումների ծրագրի շրջանակում Արմավիրի մարզի Մուսալեռ և Փարաքար գյուղական համայնքներում տեղի է ունեցել մի շարք փողոցների անվանակոչում Լուի Դարթիժ դյու Ֆուրնեի, Շառլ-Տիրան Թեքեյանի, Տիգրան Անդրեասյանի և Մովսես Տեր-Գալուստյանի անուններով, իրականացվել են Մուսա լեռան հուշահամալիրի հիմնանորոգման և տարածքի բարեկարգման աշխատանքներ: Օրվա խորհրդի ներքո հուշահամալիրում նոյեմբերի 14-ին կազմակերպվել է նաև տոնական համերգ:

Մուսա լեռան հուշահամալիրում կայացած միջոցառման ժամանակ նախագահն ելույթ է ունեցել՝ անդրադառնալով Փարիզում տեղի ունեցած ահաբեկչական գործողություններին:

«Այսօր մենք այստեղ ենք՝ նշելու Մուսա լեռան ինքնապաշտպանության 100-ամյա հոբելյանը: Այն 1915-ի Հայոց պատմության հերոսական դրվագներից մեկն է, որտեղ անգնահատելի ավանդ ունեն ֆրանսիացի մեր եղբայրները: 100 տարի է անցել, բայց մեր երախտագիտության զգացողությունը փոքր-ինչ անգամ չի նվազել:

Ցավոք, ճակատագրի հեգնանքով մենք այս գիշեր ականատեսը եղանք Ֆրանսիայի սրտում՝ Փարիզում, իր մասշտաբներով աննախադեպ ահաբեկչական գործողությունների իրականացմանը: Բոլորս խորապես ցնցված ենք: Խստագույնս դատապարտում եմ այդ զարհուրելի ու զազրելի գործողությունները, որոնք բազմաթիվ մարդկային անմեղ կյանքեր խլեցին:

Վերջին տարիներին աշխարհի տարբեր երկրներում այսօրինակ անմարդկային բնույթի բռնությունների աճը լուրջ մտահոգությունների տեղիք է տալիս: Վստահ եմ, որ քաղաքակիրթ հանրության յուրաքանչյուր անդամ պարտավոր է միանալ բոլորիս պատուհասած այս չարիքի դեմ պայքարին: Մենք չենք կարող թույլ տալ, որ բռնությունը, ծայրահեղականությունը, անհանդուրժողականությունը գերիշխեն: Մենք պարտավոր ենք համատեղ ջանքերով բացահայտել և արմատախիլ անել այն գործոնները, որոնք ծայրահեղականության նման սարսափազդու դեպքերի պատճառ են հանդիսանում:

Այս դժվար պահին Հայաստանը եղբայր Ֆրանսիայի կողքին է և պատրաստ է ամենայն աջակցության», - ասել է Սարգսյանը:

Ավելի վաղ ՀՀ նախագահը ցավակացական հեռագիր էր հղել Ֆրանսիայի նախագահին:

Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում նոյեմբերի 13-ի երեկոյան 7 ահաբեկչական հարձակում է իրականացվել։ Ըստ վերջին տվյալների, «Բատակլան» թատրոնում, «Ստադ դե Ֆրանս» ստադիոնի մոտակայքում ու Փարիզի ևս 5 այլ կետում միաժամանակյա հարձակումների ընթացքում զոհվել է 127 մարդ։ Ֆրանսիայի մայրաքաղաքի երկնքում ուղղաթիռներ են պտտվում, երկրում նախագահի հրամանով ատրակարգ դրություն է հայտարարված: Վաղ առավոտից Երևանում Ֆրանսիայի դեսպանատան մոտ մարդիկ ծաղիկներ են դնում` հարգելով Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությունների զոհերի հիշատակը:

Մուսա լեռում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Փարիզում տեղի ունեցած ՀՀ պաշտպանության նախարար ահաբեկչություններիննախարար Սեյրան Օհանյանն ասել է, որՖրանսիան մշտապես եղել է հայ ժողովրդի կողքին, աջակցել է հայ ժողովրդին, և Մուսա Լեռան օրերից սկսած գրկաբաց ընդունել է հայ ժողովրդին:

Նրա խոսքով, այսօր Հայաստանի ու Ֆրանսիայի ներպետական հարաբերությունները, ռազմաքաղաքական, ռազմական առումով բարձր մակարդակի վրա են գտնվում:

«Ինչ կատարվեց Փարիզի տարբեր վայրերում, պարզապես դժվար գնահատելի երևույթ է: ամբողջ հայ ժողովուրդը ֆրանսիացիների կողքին է: Մենք դատապարտում ենք ահաբեկչությունը և գտնում ենք, որ պետք է ոչ թե հուսահատվել, այլ միջազգային հանրությունը, առաջադեմ ուժերը, բոլորս պետք է համախմբվենք միջազգային ահաբեկչության դեմ պայքարում»,- ասել է Օհանյանը, մեջբերում է Panorama.am-ը:

Պաշտպանության նախարարն ընդգծել է, որ Իսլամական պետության դեմ պայքարը, որ այսօր մղվում է առաջատար պետությունների կողմից, անհրաժեշտություն է աջակցելու Մերձավոր Արևելքի ժողովրդին, պետություններին:

Կարդացեք նաև՝ Օլանդն ԻՊ-ին է մեղադրում ահաբեկչությունների համար, իսլամիստները սպառնում են նոր գրոհներով

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան դիմաց քաղաքացիները ծաղիկներ են դնում [ֆոտոռեպորտաժ]

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---