The National Interest. Հանրության աջակցությունը ստանալու համար Ալիևը պոպուլիզմի է դիմում

The National Interest. Հանրության աջակցությունը ստանալու համար Ալիևը պոպուլիզմի է դիմում

PanARMENIAN.Net - Միջազգային մամուլի գլխագրերում Փարիզն ու Սիրիան են, մինչդեռ Հարավային Կովկասում անհանգստացնող գործընթացները ահազանգում են թույլ կառավարման ու պատերազմի հավանականության մասին: Այս մասին, անդրադառնալով Հարավային Կովկասին՝ «The National Interest» պարբերականում հրապարակված իրենց համատեղ հոդվածում, գրում են Հայաստանում և Վրաստանում Եվրահանձնաժողովի նախկին դեսպան Դենիս Քորբոյը, Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Ռիչարդ Կոզլարիչը և Բելառուսում ու Վրաստանում ԱՄՆ նախկին դեսպան Քենեթ Յալովիցը:

Հոդվածագիրները համոզմունք են հայտնում, որ տարածաշրջանում առկա վտանգավոր միտումների համատեքստում Արևմուտքը պետք է մեծացնի իր ազդեցությունը՝ չեզոքացնելով հավանական պատերազմը և մեծացնելով բազմակարծության վրա հիմնված քաղաքական կառավարման անհրաժեշտությունը:

«Ամենավտանգավոր մտահոգությունները կապված են Ադրբեջանի ներքին քաղաքական զարգացումների, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև Լեռնային Ղարաբաղի շուրջ պատերազմի բռնկման հավանականության հետ: Նախորդ 18 ամսվա ընթացքում Ադրբեջանը շարունակաբար ճնշումների է ենթարկել մամուլը, խոսքի ազատությունը և մարդկանց հիմնարար իրավունքները: Նոյեմբերի 1-ին տեղի ունեցած ընտրակեղծիքներով խորհրդարանական ընտրությունները իշխող կուսակցության և նրա արբանյակ ընդդիմադիրների համար ձայների ճնշող մեծամասնություն են ապահովել՝ բացառելով իրական ընդդիմության ներկայացվածությունը: Ընտրությունների ժամանակ վստահելի դիտորդություն չի իրականացվել, որքանով ԵԱՀԿ-ն ու ԵԽ-ն հետաձգեցին իրենց առաքելությունները, քանի որ նրանց Ադրբեջանը թույլ չտվեց աշխատել միջազգային չափորոշիչներին համապատասխան: Ընդդիմության առանցքային ներկայացուցիչները շարունակում են մնալ բանտարկված»,- գրում են դիվանագետները:

Վերջիններս նկատում են, որ Ադրբեջանի պաշտոնական օղակներից մեծանում է Արևմուտքի դեմ ուղղված և ռուսամետության տարրեր ունեցող հռետորաբանությունը, քանի որ Բաքվում ԱՄՆ-ին մեղադրում են իրենց մոտ մայդան կազմակերպելու փորձերի մեջ:

Շարունակելով՝ վերջիններս մտահոգություն են հայտնում նաև սահմանային լարվածության աճի վերաբերյալ՝ հավելելով, որ փոքրածավալ բախումները կարող են բերել մասշտաբային պատերազմի բռնկման:

«Գլխավոր վտանգը փոքր բախումների վերաճումն է լայնամասշտաբ էսկալացիայի, որը կարող է առաջանալ նաև այն պատճառով, որ Ալիևի հեղինակությունը նվազել է ու նա կարող է գնալ ռազմական հարձակումների՝ ազգի միասնությունը փրկելու համար: Ալիևն իհարկե պետք է նկատի ունենա Հայաստանի և Ռուսաստանի պաշտպանողական պակտը և ռազմական պարտություն կրելու հավանականությունը: Մինչ այդ նա այժմ կիրառում է պոպուլիզմ, պարանոյայի դրսևորումներ ունենում ու անում մերկ փորձեր՝ ստանալու հանրության աջակցությունը: Ալիևը նաև խափանում է Մինսկի խմբի գործընթացը, որը Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման միակ հույսն է»,- նկատում են դիվանագետները:

Դիվանագետները միաժամանակ նաև նկատում են, որ հայկական կողմը ևս պատասխաններ է տալիս Ադրբեջանի թշնամությանը՝ չնայած, որ Ադրբեջանի հետ պատերազմական վիճակը շարունակում է բացասական ազդեցություն ունենալ Հայաստանի տնտեսության վրա:

Դիվանագետները գրում են, որ թեև նավթի ու գազի գների անկման և այլ գործոնների պատճառով Արևմուտքի հետաքրքրությունը նվազել է Հարավային Կովկասի նկատմամբ, բայց տարածաշրջանի տեղակայվածությունը Ռուսաստանի, Թուրքիայի, Իրանի և Մերձավոր Արևելքի միջև Արևմուտքից պահանջում է քաղաքական ավելի մեծ ուշադրություն դարձնել Հարավային Կովկասի վրա:

Եվրախորհրդարանը սեպտեմբերի 10-ի նիստում Ադրբեջանում լրագրողների ու ակտիվիստների հիմնարար ազատությունների ու իրավունքների խախտումները դատապարտող բանաձև է ընդունել: Բանաձևի տեքստում հիշատակվում է մարդու իրավունքների աղետալի վիճակն Ադրբեջանում, նշվում է քաղաքացիական հասարակության, լրատվամիջոցների ներկայացուցիչների նկատմամբ գործադրվող ճնշումների մասին։

Եվրախորհրդարանի փաստաթուղթը կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին կատարել Եվրոպայի խորհրդի, ԵԱՀԿ-ի, ՄԱԿ-ի առաջ ստանձնած պարտավորությունները մարդու իրավունքների ոլորտում, կատարել այդ կազմակերպությունների խորհուրդները՝ իրավիճակի բարելավման համար, ավելի ժողովրդավար նախընտրական միջավայր ստեղծել։

Բազմաթիվ միջազգային կառույցների կողմից Ադրբեջանը վերջին տարիներին արժանացել է պարբերաբար կրկնվող քննադատությանը ավելի քան 100 լրագրողի, մարդու իրավունքների պաշտպանների, ընդդիմության անդամների և ժողովրդավարության համար պայքարող երիտասարդ ակտիվիստների վրա հարձակումներ կատարելու, ձերբակալելու, բանտարկելու և կտտանքների ենթարկելու համար:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---