Ուկրաինայում ՀՀ դեսպանը հերքում է իր մասին հրապարակումը. Նա ոչ մեկին անձեռնմխելիություն չի ապահովում

Ուկրաինայում ՀՀ դեսպանը հերքում է իր մասին հրապարակումը. Նա ոչ մեկին անձեռնմխելիություն չի ապահովում

PanARMENIAN.Net - Ուկրաինայում Հայաստանի դեսպան Անդրանիկ Մանուկյանը հերքում է պնդումները, թե ուկրաինացի նախկին պաշտոնյայի առանձնատունն ընտրելով իր նստավայր՝ ապահովել է վերջինիս ունեցվածքի անձեռնմխելիությունը։ «Ես ի՞նչ կապ ունեմ այդ տան հետ։ Ես նախ այդ մարդուն չեմ ճանաչել, ես նրան ոչ տեսել եմ, ոչ գիտեմ ով է»,- ասել է դեսպանը։

Նոյեմբերի 19-ին ուկրաինական СorruptUA պարբերականը գրել է, որ Ուկրաինայի պաշտոնանկ արված նախագահ Վիկտոր Յանուկովիչի մտերիմ ընկերոջ շքեղ առանձնատունը դարձել է Հայաստանի դեսպան Անդրանիկ Մանուկյանի նստավայրը: Մայրաքաղաք Կիևում Միչուրինի թիվ 31 հասցեում գտնվող առանձնատան դարպասին «Ուկրաինայում Հայաստանի դեսպանի նստավայր» գրությամբ ցուցանակ է հայտնվել: Ուկրաինական լրատվամիջոցը փաստում է՝ առանձնատան սեփականատերը Մարինա Ժուրավլյովան է՝ Յանուկովիչի իշխանության տարիներին Անտառային ռեսուրսների գործակալությունը ղեկավարած Վիկտոր Սիվեցի կինը:

Հոդվածագիրը պնդում է՝ սեփականության իրավունքի ռեեստրում չկա տեղեկություն այն մասին, որ առանձնատունը վարձով է տրվել: Վկայակոչելով անշարժ գույքի շուկայի մասնագետների մոտավոր հաշվարկները՝ պարբերականը նշում է, որ Կիևի կենտրոնի էլիտար թաղամասում գտնվող այդ առանձնատան միջին գինը կազմում է 2 միլիոն 400 հազար դոլար: Անդրանիկ Մանուկյանի այդ թանկարժեք նստավայրի և դրանում դեսպանի բնակության ժամկետի մասին լրատվամիջոցի պաշտոնական հարցումը դեսպանությունն անտեսել է: Պարբերականը բացում է փակագծերը. դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիայի համաձայն՝ դեսպանի նստավայրը, ինչպես նաև դեսպանության տարածքն անձեռնմխելի են, հետևաբար՝ Յանուկովիչի դաշնակից և դեռևս ուկրաինական իրավապահների ուշադրության կենտրոնում գտնվող Սիվեցը այդ կերպ իրեն պաշտպանում է իրավապահների խուզարկությունից:

Թերթը հիշեցնում է նաև, որ փակված չէ Ուկրաինայի նախկին գլխավոր անտառապետի մասնակցությամբ այսպես կոչված մարկետինգային ծառայությունների սխեմաների գործը, որով նա որպես կասկածյալ է անցնում: Քրեական այս գործը վերաբերում է բազմամիլիոնանոց գործարքների, որոնք կնքվել են օֆշորային տարբեր ընկերությունների հետ: Թերթի հավաստմամբ՝ միլիոններ կուտակած Սիվեցի ամբողջ ունեցվածքը գրանցված է կնոջ անունով: Մայդանից հետո Մոսկվայում հաստատված Սիվեցի բիզնեսների մեծ մասը դեռևս հայրենիքում է. դրանցով հիմնականում զբաղվում է Ժուրավլյովան, ով ժամանակ առ ժամանակ այցելում է Ուկրաինա և իջևանում հենց այն տանը, որն էլ այժմ Ուկրաինայում Հայաստանի դեսպան Անդրանիկ Մանուկյանի նստավայրն է, գրում է թերթը։

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում դեսպանը համոզմունք է հայտնել, թե այս պատմության ետևում թուրքերն ու ադրբեջանցիներն են, որոնք նպատակ ունեն սևացնել իր անունը։

«Ախր ես չեմ հասկանում՝ իմ կատարած հանցանքը ո՞րն է»,- հարցնում է Մանուկյանը.- «Ի՞նչ հանցանք եմ կատարել... որ տո՞ւն եմ վարձել։ Ուրեմն էդ դեպքում բոլոր մարդիկ հանցագործ են, ինչպես վարձակալելն է հանցագործություն, նույն կերպ էլ տանը ապրելը»։

Իրականում, Մանուկյանի խոսքերով, ինքը առանձնատունը վարձակալել է մինչև ուկրաինական հեղափոխությունը։ Ավելին՝ չի ճանաչում Սիվեցին, ոչ էլ գիտեր Ժուրավլյովայի ով լինելը։ Պնդում է՝ իր մտքով չի էլ անցել, որ վարձակալելով այդ շենքը՝ ինչ-որ մեկի համար անձեռնմխելիություն է ապահովում։

«Ես այդ տունը վարձակալել եմ 2013-ի սեպտեմբերին։ Էն ժամանակ Յանուկովիչն էլ էր իշխանության, որևէ մեկը չէր գուշակում, որ Յանուկովիչը կարող է դավաճանի էս երկրին, փախնի, սրիկայություն անի ժողովրդի հանդեպ։ Ես կնքել եմ պայմանագիրը տանտիրոջ հետ՝ Մարինա Ժուրավլյովայի։ Իմիջիայլոց, վճարում եմ անձամբ իմ գումարներից, պետական միջոցներից չեմ վճարում։ Վճարում եմ այնքան, որքան վճարում էի մեծ բնակարանի համար։ Բայց ինձ ավելի ձեռնտու է մասնավոր տունը, որովհետև ընդունելություններ են լինում։ Պայմանագիր եմ կնքել, վարձակալ եմ։ Ես ի՞նչ կապ ունեմ այդ տանտիրոջ հետ։ Ես այդ մարդուն չեմ ճանաչել, ոչ տեսել եմ, ոչ գիտեմ՝ ով է»,- ասել է դեսպանը։

Նա նաև շեշտել է, որ եթե Ուկրաինայի իշխանությունները խնդիր ունեն այդ մարդկանց հետ, ապա թող պարզեն, իսկ ինքը հաճույքով դուրս կգա այդ բնակարանից:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---