Իսպանական Ալսիրան ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

Իսպանական Ալսիրան ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

PanARMENIAN.Net - Վալենսիայի մարզի Ալսիրա քաղաքը լրացրեց իսպանական այն 11 քաղաքների շարքը, որոնք պաշտոնապես ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, հայտնում է «Հայերն այսօր»-ը Վալենսիայի «Արարատ» հայկական միության վրա հղումով:

Նոյեմբերի 25-ին Ալսիրայի քաղխորհրդի նիստում բոլոր 5 կուսակցությունները («Կոմպրոմիս», Սոցիալիստական, Ժողովրդական, «Ձախ Միություն» և «Սիուդադանոս») միաձայն կողմ քվեարկեցին Արարատ հայկական միության ներկայացրած բանաձևին՝ 20-րդ դարի առաջին սպանդը որակելով ցեղասպանություն եզրույթով և դատապարտելով Թուրքիայի ժխտողական քաղաքականությունը:

Նախօրեին տեղի ունեցած հանդիպման ժամանակ, քաղաքապետ Դիեգո Գոմեսը հայկական միության ներկայացուցիչներին խոստացավ՝ բանաձևը հասցնել այլ կառավարություններին և հատկապես՝ Վալենսիայի և Իսպանիայի խորհրդարաններ: Այս հանդիպումը, որին հայկական միության կողմից ներկա էին նախագահ Արարատ Ղուկասյանը, միության անդամներ Սերգեյ Ղաղրամանյանն ու Արսեն Աբասյանը, հնարավոր էր դարձել հենց վերջինիս շնորհիվ:

Քաղխորհրդի նիստին ներկա էին հայ համայնքի ներկայացուցիչներ: Նախքան բանաձևը քվեարկության դնելը, նախագահ Արարատ Ղուկասյանը հակիրճ ներկայացրեց ցեղասպանության հետևանքներն ու պատճառները, օրվա պատմական նշանակությունը և Թուրքիայի կողմից իրագործած ոճիրը ճանաչելու անհրաժեշտությունն ու կարևորությունը բոլոր պետական կառույցների կողմից: Այնուհետև Ղուկասյանը քաղաքապետ Դիեգո Գոմեսին նվիրեց 100-րդ տարելիցի խորհրդանիշ անմոռուկի կրծքանշանը՝ հորդորելով չմոռանալ և շարունակել պայքարը մինչև տրամաբանական ավարտը:

Քվեարկությունից հետո, Երևանի պետական կոնսերվատորիայի առաջին կուրսի ուսանող, ջութակահար Էդմոնդ Հովհաննիսյանը կատարեց Կոմիտասի «Կռունկը»:

Ալսիրան դարձավ Իսպանիայի թագավորության 12-րդ քաղաքը, որը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը:

2015-ի հոկտեմբերի 27-ին Իսպանիայի Վալենսիա մարզի Ալդայա քաղաքը պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը:

2015-ի սեպտեմբերի 29-ին կայացած քաղաքային խորհրդի նիստում Իսպանիայի Վալենսիա մարզում գտնվող Սիյա քաղաքը պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը:

Քաղխորհուրդը ներկայացնող վեց կուսակցությունը միաձայն կողմ է քվեարկել՝ Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացրած ոճրագործությունը Ցեղասպանություն որակելու վերաբերյալ բանաձևին:

Իսպանիայի Սան Սեբաստիան քաղաքը միացավ Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչած իսպանական քաղաքաներին 2015-ի ապրիլի 18-ին:

2015-ի մարտի 17-ին Իսպանիայի Բետերա քաղաքի քաղաքապետարանի լիագումար խորհուրդը պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը:

2015-ի մարտի 26-ին իսպանական Պինտո քաղաքի քաղաքապետարանի լիագումար նիստը միաձայն պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը:

Հայոց ցեղասպանությունը ճանաչել են նաև Իսպանիայի Բուրխասոտի, Չիրիվելյա քաղաքները:

2014-ի ապրիլի 17-ին Բասկերի խորհրդարանը դատապարտեց Հայոց «սարսափելի» ցեղասպանությունը և Թուրքիայից պահանջել ճանաչել այն, ինչպես նաև կոչ է արել «հաշտություն հաստատել երկու երկրի միջև` ընդհանուր պատմության հիմքով»: Խորհրդարանը կոչ է արել «թափանցիկ և անկեղծ երկխոսության» սկսել թուրքերի և հայերի միջև «միասնական ապագա կառուցելու համար, որը թույլ կտա փակել պատմության այս ողբերգական գլուխը», ինչի համար կարևոր է հասկանալը, ճանաչումն ու արդարությունը:

Ցեղասպանության փաստը ճանաչել են նաև Բասկերի երկիրը, Կատալոնիան ու Բալեարյան կղզիները:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---