ՀՀ-ում բարոյական վնասի հատուցման ինստիտուտ կներդրվի

ՀՀ-ում բարոյական վնասի հատուցման ինստիտուտ կներդրվի

PanARMENIAN.Net - Կառավարությունը հավանություն է տվել «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, որով նախատեսվում է ամբողջապես ներդնել բարոյական կամ ոչ նյութական վնասի հատուցման ինստիտուտը:

Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը տեղեկացրել է, որ նախատեսել էին իրավունքների ոչ սպառիչ, ոչ ամբողջական ցանկ, որով հնարավոր էր պահանջել ոչ նյութական կամ բարոյական վնասի հատուցում:

Մասնավորապես դրանք էին՝ կյանքի իրավունքը, խոշտանգման արգելքը, անձնական ազատության իրավունքի խախտումը և ապօրինի դատապարտման հետևանքով կրած ոչ նյութական վնասը: Նախարարի խոսքով՝ այժմ ավելացվում են նաև արդար դատաքննության, անձնական կամ ընտանեկան կյանքը հարգելու, բնակարանի անձեռնմխելիության, մտքի, խղճի և կրոնի ազատության, սեփական կարծիքն ազատ արտահայտելու, հավաքների և միավորման ազատության, իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների և սեփականության իրավունքները։

Բացի այդ, նախատեսվում է կատարել ևս մի քանի կարևոր փոփոխություններ, որոնք վերաբերում են հատուցման չափերին. դրանք կավելացվեն և կհապատասխանեցվեն եվրոպական չափանիշներին: Այսպիսով՝ նախագծի ընդունմամբ բարոյական վնասի կամ ոչ նյութական վնասի հատուցման ինստիտուտն ամբողջությամբ կներդրվի Հայաստանում:

Կարևորելով ներկայացված օրինագիծը՝ վարչապետ Հովիկ Աբրահամյանը նշել է, որ ՀՀ քաղաքացիները կունենան իրենց հիմնական իրավունքների խախտման դեպքում բարոյական վնասի հատուցում պահանջելու և ստանալու ավելի լայն հնարավորություն:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---