Բրյուսելում մեկնարկել են Հայաստան-Եվրամիություն նոր իրավական փաստաթղթի շուրջ բանակցությունները

Բրյուսելում մեկնարկել են Հայաստան-Եվրամիություն նոր իրավական փաստաթղթի շուրջ բանակցությունները

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 7-ին Բրյուսելում Հայաստանի արտգործնախարար Էդվարդ ‪‎Նալբանդյան‬ը և Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, Եվրոպական միության միասնական արտաքին քաղաքականության և պաշտպանության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա ‪‎Մոգերինի‬ն ազդարարել են Հայաստանի և Եվրոպական միության միջև նոր իրավական շրջանակային փաստաթղթի շուրջ բանակցությունների մեկնարկը, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։

ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն իր խոսքում ասել է. «Ուրախ եմ գտնվել Բրյուսելում՝ միասին ազդարարելու Հայաստանի և Եվրոպական միության միջև բանակցությունների մեկնարկը»:

Նախարարը նշել է, որ հայկական կողմը վաղուց իր պատրաստակամությունն է արտահայտել Եվրոպական միության հետ շրջանակային համաձայնագրի շուրջ բանակցությունները սկսելու վերաբերյալ, որն ըստ արժանվույն կարտացոլի մեր համագործակցության խորությունն ու էությունը: «Մենք ուրախ ենք, որ մեր հարաբերությունների իրավական նոր հիմքի շուրջ բանակցություններ սկսելու Եվրոպական միության խորհրդի որոշումը մեզ հնարավորություն է տալիս առաջ գնալ այս ճանապարհով»,-ասել է նա:

«Հայաստանը սերտ կապեր ունի Եվրոպական միության հետ և մտադիր է ավելի զարգացնել և ամրապնդել համապարփակ համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում՝ նկատի ունենալով մեր պարտավորություններն այլ ինտեգրացիոն ձևաչափերում: Այս նպատակաուղղվածությունը խորը արմատներ ունի: Հայաստանի նախագահի բնորոշմամբ՝ «հայ ժողովուրդը եվրոպական քաղաքակրթության անբաժանելի մասն է՝ իր անցյալով, մշակույթով, ներկա նպատակներով և իղձերով»,-հավելել է նախարարը:

Նալբանդյանը հիշեցրել է, որ որքան հին է եվրոպական քաղաքակրթությունը, այնքան և հին են նրա հետ Հայաստանի և հայ ժողովրդի կապերը, որոնք գալիս են դարերի խորքից՝ այն ժամանակներից, երբ հայ ժողովրդի լուսավորյալ զավակներն իրենց ներդրումն էին բերում այն արժեքային համակարգի ձևավորման գործում, որն այսօր կոչում են եվրոպական արժեքներ:

«Հենվելով այդ ընդհանուր արժեքների վրա` մենք հանձնառու ենք մարդու իրավունքների և օրենքի գերակայության շարունակական խթանմանը, ժողովրդավարական հաստատությունների ամրապնդմանը և դատական համակարգի բարելավմանը, արդյունավետ կառավարմանը, կոռուպցիայի դեմ պայքարին, քաղաքացիական հասարակության ամրապնդմանը: Այս առումով մենք շնորհակալ ենք Եվրոպական միությանն իր արժեքավոր աջակցության համար:

Հայաստանում Սահմանադրական բարեփոխումները, որոնք Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովի կողմից արժանացել էին ամենաբարձր գնահատականի և բնորոշվել էին միջազգային չափանիշներին համահունչ, ևս մեկ կարևոր քայլ է՝ ուղղված այս նպատակներից շատերի իրագործմանը: Այդ բարեփոխումները երեկ տեղի ունեցած հանրաքվեի նախնական արդյունքներով հաստատվել են։

Առևտրի ու ներդրումների ընդլայնման համար միջավայրի հետագա կատարելագործումը և ոլորտային համագործակցության ընդլայնումը մեր ընդհանուր օրակարգի առաջնահերթությունների թվում են»,-ասել է Նալբանդյանը:

ԱԳ նախարարը նկատել է, որ հայկական կողմը Եվրոպական հանձնաժողովի համապատասխան մարմինների հետ ներգրավված է եղել ԵՄ տարբեր նախաձեռնություններում մեր մասնակցության վերաբերյալ բանակցություններում: «Մենք մեծապես կարևորում ենք մարդկային շփումները, և մեր քաղաքացիների ազատ շարժունակությունը դիտարկում ենք որպես կարևոր նախադրյալ՝ մեր հասարակություններն իրար ավելի մոտ դարձնելու համար: Արդեն երկու տարի է, ինչ գործում են ԵՄ-Հայաստան մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման և հետընդունման համաձայնագրերը: Մենք համոզված ենք, որ հասունացել է պահը՝ առաջ գնալու և սկսելու մուտքի արտոնագրային ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսությունը:

Ելնելով նախորդ ամիս տեղի ունեցած բարեհաջող բանակցություններից՝ մենք ակնկալում ենք մոտակա օրերին համաձայնագրեր ստորագրել մի շարք ԵՄ նախաձեռնություններում Հայաստանի մասնակցության վերաբերյալ, ինչպես օրինակ` «Հորիզոն 2020»-ը և Փոքր և միջին ձեռնարկությունների մրցունակության ծրագիրը (COSME): Տրանսպորտի ոլորտում Հայաստանի կառավարությունն իր պատրաստակամությունն է հայտնել Եվրոպական միության հետ ստորագրել «Ընդհանուր ավիացիոն տարածքի» համաձայնագիրը, որն ուղղված է «Բաց երկնքի» քաղաքականության միջոցով ավիացիոն շուկայի ազատականացմանը»,-ասել է նախարարը:

Էդվարդ Նալբանդյանը հավելել է, որ Հայաստանը քաջ գիտակցում է տարբեր ձևաչափերում ընդգրկուն համագործակցության կարևորությունը։ «Մենք վաղուց ավելի հեռատեսական մոտեցում որդեգրելու կողմնակից ենք եղել՝ օգտվելու այն լայն հնարավորություններից, որոնք ընձեռնվել են ինտեգրացիոն շրջանակների կողմից, և օգտագործելու նրանց ընձեռած առավելությունները՝ համագործակցության ու գործընկերության ոգուն համահունչ»,-ասել է նա:

Նախարարը նշել է նաև. «Ես հավատացած եմ, որ մենք այսօր նոր խոստումնալից էջ ենք բացում Հայաստան-Եվրոպական միություն փոխշահավետ հարաբերություններում: Շատերը, ովքեր երկու կողմից պետք է ներգրավվեն բանակցային գործընթացում, նորեկներ չեն և հարուստ փորձ են կուտակել անցյալում: Ես հավատացած եմ, որ նրանց գիտելիքները և նպատակաուղղվածությունը լավագույնս կծառայի ընդհանուր գործին: Ես հաջողություն եմ մաղթում մեր համատեղ ջանքերին և վստահ եմ, որ մենք կշարունակենք առաջ ընթանալ ճիշտ ուղղությամբ»:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---