ԱԺ-ն ընդունել է 2016-ի պետբյուջեն

ԱԺ-ն ընդունել է 2016-ի պետբյուջեն

PanARMENIAN.Net - Ազգային ժողովը դեկտեմբերի 9-ին քվեարկությամբ ընդունել է ՀՀ 2016-ի պետական բյուջեն:

Գլխավոր ֆինանսական փաստաթղթին կողմ է քվեարկել 97, դեմ՝ 12, ձեռնպահ՝ 3 պատգամավոր: ԱԺ-ն ծափահարությունների ներքո ընդունել է պետական բյուջեի նախագիծը, գրում է Panorama.am-ը:

2016-ի պետական բյուջեին կողմ են քվեարկել ՀՀԿ և ԲՀԿ խմբակցությունները, իսկ «Ժառանգություն» և «Օրինաց երկիր» խմբակցությունները քվեարկել են դեմ, ՀԱԿ-ից ներկա երկու պատգամավորը՝ Հրանտ Բագրատյանը և Նիկոլ Փաշինյանը ևս դեմ են քվեարկել:

ՀԱԿ խմբակցության մյուս պատգամավորները բոյկոտել և չեն մասնակցում ԱԺ նիստերին:

Քվեարկությունից առաջ վարման կարգի վերաբերյալ ելույթ է ունեցել ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը` հայտնելով, որ ՀՅԴ-ն չի մասնակցելու քվեարկությանը:

«Մեր գնահատականը բյուջեին հայտնի է, աննախադեպ համեստ ցուցանիշներ են: Այս դեպքում, երբ կարևոր է դառնում կառավարման արդյունավետությունը կտրուկ, որակապես բարձրացնելը և քանի որ լինելու են հերոսաբար դեմ ու կողմ քվեարկողներ, մեր խմբակցությունն ուղղակի չի քվեարկի»,- նշել է Վարդանյանը:

ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն էլ հայտարարել է. «Կարծում եմ, որ այստեղ հերոսության դրսևորման շքահանդես չէ, և «Բարգավաճ Հայաստան»-ը, ոչ թե հերոսաբար, այլ սթափ և պրագմատիկ կողմ է քվեարկում պետական բյուջեի նախագծին»:

2016-ի բյուջեի նախագծի վերջնական տարբերակում եկամուտները կազմում են 1 տրիլիոն 186.3 միլիարդ դրամ, ծախսերը՝ 1 տրիլիոն 377 միլիարդ դրամ, դեֆիցիտը՝ 197 միլիարդ դրամ:

Տնտեսական աճը՝ 2.2%:

Համեմատության համար, ՀՀ 2015-ի բյուջեի նախագծով նախատեսվում է 4,1 % տնտեսական աճ:

«Տարվա գլխավոր ֆինանսական փաստաթուղթը ոչ միայն ֆինանսական, այլ քաղաքական առաջնահերթությունների, հնարավորությունների և ցանկությունների հնարավորինս համադրման փաստաթուղթ է: Ինչպես աշխարհի ցանկացած երկրում, Հայաստանի Հանրապետությունում տարեկան պետական բյուջեն երբևէ հնարավորություն չի ունենում ընդգրկել բոլոր ցանկությունները», Ազգային ժողովում 2016-ի պետական բյուջե նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ եզրափակիչ իր ելույթում:

Նրա խոսքով` կարելի է ունենալ այլ մարտավարություն, ամրագրել տնտեսական աճի շատ հավակնոտ նիշ, իսկ հետո փորձել հիմնավորել, թե ինչու այն հնարավոր չեղավ իրականացնել:

«Հիմնավորումներ, այն էլ այսօր՝ հաշվի առնելով թե համաշխարհային տնտեսական ռիսկերը, թե աշխարհաքաղաքական զարգացումները, որքան ասես հնարավոր կլիներ գտնել: Լինել անկեղծ. բյուջետային քննարկումների ժամանակ եղել է այդ կարգի մոտեցում ևս, գնալ նման ռիսկի և տնտեսական աճը բյուջեում կանխատեսել ոչ թե իրատեսական՝ 2.2 տոկոս, այլ հայտարարել ավելին: Սակայն իմ մոտեցումները անփոփոխ են՝ իրավիճակի ճշմարիտ, առանց գունազարդումների ներկայացում, միաժամանակ նախանշելով մեր տեսլականն ու առաջնահերթությունները, երկրի կարևորագույն քաղաքական հարթակում հնարավոր զարգացումների վերաբերյալ ունենալ ազնիվ և անկեղծ երկխոսություն ժողովրդի, քաղաքական ուժերի, պատգամավորների հետ», - նշել է վարչապետը:

Աբրահամյանը նկատել է, որ 2014-ի վերջին տնտեսությունը հայտնվել է տարածաշրջանային նոր զարգացումների ազդեցության ներքո և ներկայիս արտաքին մարտահրավերները ի տարբերություն 2008-2009-ի մարտահրավերների, իրենց բովանդակությամբ միայն տնտեսական չեն, այլև քաղաքական կամ աշխարհաքաղաքական, իսկ դա նշանակում է, որ դրանք ոչ միշտ են կանխատեսելի և հաշվարկելի:

Կառավարությունը 2014-ի նոյեմբերի 27-ին հավանություն է տվել 2015-ի պետական բյուջեի փոփոխված նախագծին, ըստ որի՝ 13,5 միլիարդ դրամի ծախսային ծրագրեր են ավելացել՝ մասնավորապես կուտակային համակարգի ներդրման ծախսերն ավելացել են 5 մլրդ դրամով, Հյուսիս-Հարավ ավտոմայրուղու կառուցման համաֆինանսավորման համար՝ 3 մլրդ դրամ, Հայոց ցեղասպանության 100-ամյակի միջոցառումների համար՝ 2 մլրդ դրամ, Քննչական կոմիտեի համար՝ 1,2 մլրդ դրամ, սահմանամերձ գյուղերի համար՝ 900 մլն դրամ:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---