Չինական ընկերությունը ավելի քան €74 մլն-ով կկառուցի «Հյուսիս-հարավ» ճանապարհի 27-կիլոմետրանոց հատվածը

Չինական ընկերությունը ավելի քան €74  մլն-ով կկառուցի «Հյուսիս-հարավ» ճանապարհի 27-կիլոմետրանոց հատվածը

PanARMENIAN.Net - Չինական «Սինոհիդրո Քորփորեյշն» ընկերության և ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության միջև Երևանում ստորագրվել է աշխատանքների իրականացման երկկողմ պայմանագիր: Չինական ընկերությունը կկառուցի «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցք ներդրումային ծրագրի Տրանշ 3-ի՝ Թալին-Գյումրի ճանապարհի Լանջիկ-Գյումրի 27.5 կմ երկարությամբ հատվածը:

Ընկերությունը աշխատանքները կիրականացնի 74 մլն 66 հազար 180 եվրո գումարով: Ճանպարհահատվածը կկառուցվի Եվրոպական ներդրումային բանկի տրամադրած վարկային միջոցների, Եվրոպական Միության դրամաշնորհի և Հայաստանի Հանրապետության համաֆինանսավորմամբ:

Շինարարությունը, ըստ պայմանագրի, կմեկնարկի 2016-ի մարտ ամսից։ Ճանապարհն ամբողջությամբ նախատեսվում է կառուցել երեք տարվա ընթացքում:

556 կմ ընդհանուր երկարություն ունեցող «Հյուսիս–Հարավ» միջանցքը մուտք կապահովի դեպի Սև ծով և եվրոպական երկրներ Հայաստանի (Մեղրի–Կապան–Գորիս–Երևան–Աշտարակ–Գյումրի–Բավրա) և Վրաստանի տարածքներով։ Տրանսպորտային միջանցքի կառուցումն ամբողջովին կավարտվի 2019-ին: Ծրագրի հաշվարկային արժեքը կազմում մոտ $1,5 մլրդ:

Ամբողջ ծրագրի հաշվարկային արժեքը կազմում է մոտ 1,5 միլիարդ ԱՄՆ դոլար:

Ծրագիրը բաժանված է 5 տրանշի: Նշված ճանապարհային միջանցքի 3-րդ տրանշի ֆինանսավորման նպատակով Ասիական զարգացման բանկը տրամադրել է $100 մլն-ի վարկ: Եվս 60 մլն եվրոյի չափով վարկային միջոցներ է տրամադրել եվրոպական ներդրումային բանկը:

Ընկերության հետ տեղի ունեցած մինչպայմանագրային բանակցությունների արդյունքում՝ շինաշխատանքների կատարման ընթացքի վերաբերյալ մի քանի առանցքային հարցերի շուրջ ձեռք է բերվել համաձայնություն, ըստ որի չինական կողմը ճանապարհի կառուցման համար մեծամասամբ օգտագործելու է տեղական շինանյութեր. մասնավորապես՝ ցեմենտը, խիճը, ավազն ու այլ հանքանյութեր 100%-ով կլինեն հայաստանյան ծագմամբ:

Շինարարության ենթակապալառու ընկերությունները, ենթախորհրդատուները, շինարարության իրականացման ընթացքում ոչ հիմնական տեխնիկան, սարքերն ու սարքավորումները, աշխատանքների կազմակերպման համար անհրաժեշտ այլ նյութերն ու ապրանքները հնարավորինս ներգրավվելու ու օգտագործելու են տեղական աղբյուրներից: Եվ որ ամենակարևորն է, ճանապարհի կառուցման համար անհրաժեշտ աշխատուժի մոտ 70%-ը լինելու է Հայաստանից:

«Առաջին մեր նախապայմաններից մեկն այն է, որպեսզի աշխատուժը լինի Հայաստանի Հանրապետությունից. մոտավորապես 70 տոկոսը, և ճանապարհը հիմնականում կառուցվի մեծ մասով տեղական հումքից: «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանքը» մեր հանրապետության համար ունի կարևոր և ռազմավարական մեծ նշանակություն: Կարծում եմ, ձեր փորձը և հմտությունները կկիրառեք այս ճանապարհահատվածի շինարարության մեջ, որի արդյունքում կունենանք բարձր չափանիշները բավարարող ճանապարհ: Մենք մեծ հավատով ենք և հույս ունենք, որ դուք կանեք այն ամենը, ինչ պահանջվում է մեր Հանրապետության կողմից: Առաջին հերթին որակ, երկրորդ՝ ժամանակին աշխատանքներն ավարտել»,- ասել է ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը:

Չինաստանի դեսպան Թիան Էրլուն նշել է, որ չինական ընկերության մուտքը մեր երկիր և գործակցությունը տեղական ընկերությունների հետ կանդրադառնա ոչ միայն Հայաստանի տնտեսության զարգացման, այլ նաև երկու պետությունների միչև եղած բարեկամական կապերի վրա. «Չինական կազմակերպության համար մեծ հնարավորություն է մտնել հայկական շուկա և համարգործակցել տեղի կազմակերպությունների հետ: Սա ոչ միայն չինական ընկերության հաղթանակն է, այլև երկու երկրների դեսպանատների միջև համագործակցության արդյունքն է: Հայաստանի համար ռազմավարական նշանակության ծրագրում չինական ընկերության գործունեությունը մեծ ազդեցություն կարող է ունենալ հայ-չինական հարաբերությունների զարգացման վրա»,- ասել է նա:

Չինական «Սինոհիդրո Քորփորեյշն» ընկերությունը բազմամյա աշխատանքային փորձ ունի ինչպես Չինաստանում, այնպես էլ այդ երկրի սահմաններից դուրս: Այն ընդգրկված է աշխարհի մոտ 80 երկրում իրականացվող ավելի քան 500 ծրագրում: Ընկերությունը բետոնյա պատվածքով ճանապարհներ է կառուցել նաև մեր տարածաշրջանում: Նրանք աշխատել են Ղազախստանում, Տաջիկստանում և հարևան Վրաստանում:

«Սինոհիդրո Քորփորեյշն» ընկերությունը հաղթող է ճանաչվել «Հյուսիս-հարավ» ՊՈԱԿ-ի կողմից հայտարարված միջազգային բաց մրցույթի արդյունքում, որին մասնակցում էին 5 կազմակերպություն` երկու փուլով: Առաջին փուլում հանձնաժողովի կողմից գնահատվել է կազմակերպությունների որակավորումը և տեխնիկական առաջարկները: Երկրորդ փուլում՝ բացվել են գնային առաջարկները։

«Այս տարածարջանում ճանապարհների կառուցման փորձ մենք արդեն ունենք: Մասնավորապես՝ Վրաստանում մեր աշխատանքը շատ հաջող և լավ է ընթացել: Հույս ունենք, որ նույն ձևով կաշխատենք նաև Հայաստանում: Կկիրառվեն նույն տեխնոլոգիաները և տեխնիկական միջոցները: Այստեղ կհամագործակցենք նաև հայ մասնագետների հետ, ինչը, կարծում եմ, արդյունավետ ու փոխշահավետ կլինի։ Ճանապարհի որակն ու ժամկետները կպահպանվեն ըստ պայմանագրի»,- նշել է դեսպանը:

Կնքված պայմանագրի հատուկ դրույթներով աշխատանքների պատվիրատուի իրավունքների լիարժեք պաշտպանությունն ապահովելու նպատակով սահմանվել են համապատասխան մեխանիզմներ: Պայմանագրով առավել բարձրացվել է տեխնիկական հսկողությունն իրականացնող կազմակերպության պատասխանատվությունը: Հստակեցվել է նաև ճանապարհի կառուցման որակը ստուգելու համար հիմնական, կարևոր փորձարկումների անցկացման ժամանակացույցը: Ըստ այդմ՝ դրանք նախատեսվում են ոչ միայն աշխատանքի ավարտման փուլում, այլև աշխատանքների ընթացքում:

Պայմանագրի ստորագրումից հետո Գագիկ Բեգլարյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ հեռանկարում՝ «Հյուսիս-հարավ» ճանապարհի կառուցումը կնպաստի ՀՀ տնտեսության զարգացմանը, իսկ երկիրը, որպես տարանցիկ գոտի, գրավիչ կդառնան բեռնափոխադրողների համար:

«Մենք այսօր ունենալու ենք հարավից -հյուսիս մի ճանապարհ, որը 50 տոկոսով կրճատում է ժամանակը: Արագության առումով մի քանի անգամ որակը բարձրանում է։ Սա մեզ համար շատ կարևոր իրադարձություն է, բացի դրանից չինական այս կազմակերպության առաջարկը շատ լավն էր և գնի առումով և բոլոր առումներով։ Մենք նաև հետաքրքրվել ենք. աշխարհում այս կազմակերպությունը բարձր որակով աշխատանքներ է իրագործել և ես համոզված եմ, որ Հայաստանում իրենք այս աշխատանքները կիրագործեն մեր հսկողության տակ, բարձր որակով», - հայտնել է նա:

2016-ին, շինաշխատանքներ կմեկնարկեն նաև Տրանշ 3-ի հաջորդ՝ Թալին-Լանջիկ հատվածում: 18.7կմ ճանապարհի կառուցման մրցույթին մասնակցում է 6 ընկերություն: Առաջիկայում կհրապարակվի հաղթողի անունը: 2015-ի ավարտին՝ «Հյուսիս-հարավ» ծրագրի պատասխանատուները պատրաստվում են ևս մեկ կարևոր միջոցառման. լիարժեք շահագործման է հանձնվելու ճանապարհաշինական հսկայի առաջին հատվածը՝ Երևան-Արտաշատ-Երևան-Աշտարակ 31կմ ընդհանուր երկարությամբ բետոնապատ արագընթաց մայրուղին:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---