ԱՄՆ կոնգրեսականները կոչ են անում կառավարությանը ստիպել Բաքվին հրաժարվել սադրանքներից

ԱՄՆ կոնգրեսականները կոչ են անում կառավարությանը ստիպել Բաքվին հրաժարվել սադրանքներից

PanARMENIAN.Net - ԱՄՆ կառավարությունը չպետք է խուսափի Ադրբեջանի հասցեին մեղադրանքներից ղարաբաղյան հակամարտության գոտում մարտեր հրահրելու և զինծառայողների մահվան համար: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսը ԼՂՀ անկախության 24-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ ունեցած ելույթում:

Կոնգրեսականը հորդորել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին ճնշում գործադրել Ադրբեջանի հանդեպ` երաշխավորելու համար հրադադարի ռեժիմի պահպանումը ԼՂ հակամարտության գոտում:

ԱՄՆ մեկ այլ կոնգրեսական Ադամ Շիֆը «ԼՂՀ ազատությունն ու ժողովրդավարությունը» միջոցառման ընթացքում ևս անհանգստություն է հայտնել Ադրբեջանի ագրեսիվ ու վտանգավոր ռազմական գործողությունների վերաբերյալ, ինչպես նաև ԱՄՆ ներկային քաղաքականության առնչությամբ:

«Ես նաև իմ անհանգստությունն եմ հայտնել առ այն, որ ԱՄՆ-ն ի պատասխան այդ գործողությունների կեղծ հավասարության նշան է դնում ադրբեջանական ու հայկական կողմերի գործողությունների միջև: Եթե մենք ձգտում ենք հակամարտության խաղաղ կարգավորման, ապա չենք կարող անտեսել Ադրբեջանի ռազմատենչ հռետորությունն ու սադրիչ գործողությունները: Մեր լռությունը միայն խրախուսում է նրանց»,-ընդգծել է Շիֆը, հայտնում է Armenia Today-ը:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսը պատրաստվում է հատուկ ճեպազրույց կազմակերպել, որի շրջանակում ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի հետ կքննարկի ԼՂ սահմանային գոտում ադրբեջանական ագրեսիայի ընդարձակման, ինչպես նաև բռնությունների կասեցմանն ուղղված կոնկրետ քայլեր ձեռնարկելու հարցերը: Ճեպազույցի ընթացքում անդրադարձ է կատարվելու ավելի վաղ` հոկտեմբերի 26-ին, Ռոյսի, բարձրաստիճան կոնգրեսական Էլիոթ Էնջլի և նրանց 80 այլ գործընկերի կողմից ամերիկացի համանախագահին ուղղված նամակին, որում պաշտոնյաններն առաջարկում են 3 հիմնական քայլ` ԼՂ սահմանային լարվածությունը թուլացնելու և բռնության դեպքերը հնարավորինս կանխելու համար:

Իրադրությունն առաջնագծում մնում է լարված: Հակառակորդը շարունակում է զենիթային կայանքներից և ականանետերից արկակոծել ՊԲ մարտական դիրքերը:

Հակառակորդի կողմից դիպուկահար հրացանից արձակված կրակոցից դեկտեմբերի 11-ին՝ ժամը 20:40-ի սահմաններում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական հենակետում մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1995-ին ծնված Կարեն Արմենի Գրիգորյանը:

Ընդհանուր առմամբ, դեկտեմբերի 11-ին և լույս 12-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ավելի քան 120 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 (11 արկ), 82 (66 արկ), 120 (14 արկ)

միլիմետրանոց ականանետերից և ՀԱՆ-17 (16 արկ) տիպի նռնականետից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է մոտ 1100 կրակոց: Հակառակորդը կիրառել է նաև ԶՈւ-23-2 տիպի զենիթային կայանք (35 կրակոց):

ԼՂՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ հակառակորդի սադրիչ գործողությունները անպատիժ չեն մնալու: Ստեղծված իրադրության ողջ պատասխանատվությունն ընկնում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության վրա:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---