«Տաշիր գրուպ»-ի համար ՀԷՑ-ի գնումը և բիզնես է, և աջակցություն հայրենիքին

«Տաշիր գրուպ»-ի համար ՀԷՑ-ի գնումը և բիզնես է, և աջակցություն հայրենիքին

PanARMENIAN.Net - «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն լավ ընկերություն է և երկարաժամկետ ակտիվ, իսկ «Տաշիր գրուպ»-ի կառավարմամբ այն շատ ավելի լավը կդառնա, հայտարարել է «Տաշիր գրուպ» հոլդինգի ղեկավար Սամվել Կարապետյանը ՌԲԿ-ին տված հարցազրույցում:

«Մի կողմից մենք ցանկանում ենք կարգի բերել ընկերությունը, մյուսից` հասկանում ենք, որ այն ռազմավարական ակտիվ է երկրի համար, որն ազդում է ներդրումային կլիմայի վրա: Վաստահ եմ, մենք կարող ենք այն փոխել»,-ասել է Կարապետյանը:

Գործարքի պահի դրությամբ ՀԷՑ-ը մոտ $220 մլն պարտք ուներ, որի 20% վճարվել է «Տաշիրի» միջոցներից: «Այո, ընկերությունը պարտքեր ուներ, մոտ 220 մլն դոլարի: Ակտիվը գնել են պարտքերը փակելու համար: Ընկերությունը մենք ստացանք շատ ծանր վիճակում: Այն վնասով էր աշխատում, բայց շահութաբեր կդառնա»,-հավաստիացրել է Կարապետյանը` հրաժարվելով, սակայն, հրապարակել գործարքի պայմանները:

Սեպտեմբերին հայտնի դարձավ, որ «ԻնտերՌԱՕ»-ն վաճառել է ՀԱՑ-ն ու Հրազդանի ՋԷԿ-ը ռուսաստանցի գործարար Սամվել Կարապետյանին պատկանող «Տաշիր գրուպ» ընկերությանը: Կարապետյանը հայտարարեց, որ կառավարության հետ հավասար կսուբսիդավորի սակագների տարբերությունը մինչև 2016-ի օգոստոս: «Տաշիր»-ը նաև ամբողջությամբ իր վրա է վերցրել ՀԷՑ-ի կառավարման պարտականությունը, ընկերության կառավարումն էլ կլինի «պարզ, հանրության համար հասկանալի ու թափանցիկ՝ հիմնված կորպորատիվ պատասխանատվության բաղկացուցչի վրա»:

Սամվել Կարապետյանը հավելել է, որ Հայաստանում մարդիկ կանոնավոր կերպով վճարում են էլեկտրականության համար: «Այժմ բնակչության կողմից էլէներգիայի սպառման համար վճարումները կազմում են մոտ 99,8%: Մենք դեռևս մարժայի մասին չենք մտածում, առաջիկա 5 տարում հաստատ չենք մտածելու: Դա երկարաժամկետ ակտիվ է, մշտական»,-ասել է գործարարը:

Այն հարցին, թե ով է առաջարկել նրան գնել ՀԷՑ-ը, «Տաշիրի» սեփականակտերն ասել է, որ նման առաջարկ է իրեն արել «Ինտեր ՌԱՕ» ընկերության վարչության անդամներից մեկը, իսկ վերջնական որոշումը կայացվել է ՀՀ իշխանությունների խնդրանքով:

«Հայաստանի էլցանցերի գնումը» մենք դիտարկում ենք համալիր` որպես բիզնես և աջակցություն հայրենիքին»,-ասել է Կարապետյանը:

Նա նաև անդրադարձել է ՀԷՑ-ի գնման պարագայում օֆշորային սխեմայից օգտվելուն: «Ոչ մի տարօրինակ բան այստեղ չեմ տեսնում: Ինչ վերաբերում է ՀԷՑ-ի գնմանը, ապա դա շատ բարդ միջազգային գործարք էր, գնում էինք «Ինտեր ՌԱՕ»-ի դուստր ձեռնարկությունից: Մաքուր գործարք կնքելու համար էլ գնացինք օֆշորային իրավասության»,-ասել է գործարարը:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---