21 դեկտեմբերի 2015 - 11:53 AMT
ՀՀ նախագահը վարելու է ՀԱՊԿ-ի գագաթնաժողովի նիստը. Կառույցի նոր գլխավոր քարտուղար կնշանակվի

Դեկտեմբերի 21-ին Կրեմլում տեղի են ունենալու Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանն ու Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը:

ՀԱՊԿ-ի գագաթնաժողովի նիստը վարելու է Սերժ Սարգսյանը, քանի որ ներկայումս կազմակերպության նախագահողը Հայաստանն է, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:

ՀԱՊԿ-ի պաշտոնական կայքէջի հաղորդագրության համաձայն՝ կազմակերպության անդամ երկրների ղեկավարները այսօր քննարկելու են միջազգային անվտանգությանը վերաբերող մի շարք խնդիրներ: Նախատեսված է, որ նախագահները միջազգային ահաբեկչության դեմ պայքարին վերաբերող հռչակագիր կստորագրեն և մի շարք կազմակերպչական փաստաթղթեր կընդունեն:

Ինչպես դեկտեմբերի 18-ին հայտարարել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը, դեկտեմբերի 21-ին պետք է որոշվի, թե ով է լինելու ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարը՝ ով է այդ պաշտոնում փոխարինելու Նիկոլայ Բորդյուժային, քանի որ ավելի վաղ կազմակերպությունը որոշել է, որ 2016-ից այդ պաշտոնում պետք է ռոտացիոն կարգով նշանակվեն անդամ պետությունների ներկայացուցիչները՝ երեքական տարով:

«Ամենայն հավանականությամբ, գլխավոր քարտուղարի պաշտոնում կնշանակվի Հայաստանի ներկայացուցիչը, համենայն դեպս՝ սա տրամաբանական է», - ասել է ՌԴ նախագահի օգնականը:

Կրեմլում նախատեսված՝ Եվրասիական տնտեսական միության գագաթնաժողովին ներկա է լինելու նաև Հայաստանի նախկին վարչապետ, Միացյալ Նահանգներում Հայաստանի գործող դեսպան Տիգրան Սարգսյանը, ով փետրվարից գլխավորելու է Եվրասիական տնտեսական հանձնաժողովը՝ Վիկտոր Խրիստենկոյի փոխարեն:

Իսկ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Էդվարդ Նալբանդյանը Մոսկվայում կմասնակցի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) ԱԳ նախարարների խորհրդի նիստին։

Նալբանդյանը ներկայումս ՀԱՊԿ-ի ԱԳ նախարարների խորհրդի նախագահն է: ՀԱՊԿ-ինանդամակցում են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղըզստանը և Տաջիկստանը: