16 դեկտեմբերի 2006 - 13:08 AMT
Ադրբեջանի խորհրդարանը հրաժարվել է քննարկել Ղարաբաղի շուրջ բանակցությունների մանրամասները
Ադրբեջանի միլի մեջլիսի ղեկավարությունը հավանություն չի տվել ընդդիմության առաջարկին առաջիկայում ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ բանակցությունների մանրամասները փակ նիստում քննարկելու վերաբերյալ: «Մենք չենք կորցրել բանակցություններում արդյունքի հասնելու հույսը: Բանակցությունները փակ են ընթանում, սակայն եթե արդյունքի հասնելու հույս չլիներ, այդ մասին կհայտարարվեր»,-ուրբաթ օրը կայացած խորհրդարանական նիստի ժամանակ ընդդիմության առաջարկին այսպես է արձագանքել ԱՀ միլի մեջլիսի խոսնակ Օկտայ Ասադովը` հիմնավորելով իր կարծիքը խորհրդարանի շենքում կարգավորման խնդիրը քննարկելու անհրաժեշտության բացակայությունը:

Օկտայ Ասադովին սատարեց Եվրոպայի Խորհրդի խորհրդարանական վեհաժողովում ադրբեջանական պատվիրակության ղեկավար Սամեդ Սեիդովը: «Մենք հիանալի գիտենք, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը քննարկման առարկա չէ: Ադրբեջանցի փախստականները եւ բռնի վերաբնակեցվածները պետք է վերդառնան իրենց հողերը, հայկական զորքերը պետք է դուրս բերվեն Ադրբեջանի տարածքից, եւ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը պետք է լուծվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության սահմաններում»,-հայտարարել է նա: Նրա կարծիքով, տվյալ փուլում բանակցային գործընթացների մանրամասների հրապարակումը «կարող է խնդիրներ առաջացնել»: Բացի այդ, մերժվել է ընդդիմության առաջարկը Լեռնային Ղարաբաղում կայացած հանրաքվեի արդյունքները քննարկելու վերաբերյալ, քանի որ, ըստ խոսնակի, այդ հարցի շուրջ արդեն իր հայտարարությունն արել է Ադրբեջանի ԱԳՆ-ն, հաղորդում է Day.az-ը: