Թուրքիայի հայ համայնքի համար գլխավորը կառավարության հետ հարաբերությունները չբարդացնելն է

PanARMENIAN.Net - Արքեպիսկոպոս Մեսրոբ Մութաֆյանը պետք է հայտարարություններ անի Ստամբուլի հայ համայնքի անունից, քանի որ նրա առաջնորդն է: PanARMENIAN.Net գործակալությանն այդպես է մեկնաբանել Եվրամիության ղեկավարներին հղված Մութաֆյանի նամակը` Թուրքիայի հետ բանակցությունները շարունակելու անհրաժեշտության մասին, ՀՀ ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, թրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը: Նրա խոսքերով, Կոնստանդինոպոլսի թեմի համար կարեւորը կառավարության հետ հարաբերությունները չբարդացնելն է: Միեւնույն ժամանակ Ռ.Սաֆրաստյանն ընդգծել է, որ Թուրքիայի քաղաքականությունը Հայաստանի հանդեպ սպասողական բնույթ է կրում: «Թուրքիան գտնում է, որ Հայաստանը վաղ թե ուշ կհամաձայնվի նորմալացնել հայ-թուրքական հարաբերություններն առանց նախապայմանների, որից գլխավորը Հայոց ցեղասպանության ճանաչումն է: Ցանկանում են հիշեցնել, որ 1991 թվականին Թուրքիայի նախագահ Սուլեյման Դեմիրելը ճանաչեց ՀՀ անկախությունը` ընդգծելով, որ չի ճանաչում երկրի արտաքին քաղաքականության կուրսը, ուղղված Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը»,-ընդգծել է ՀՀ ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտի տնօրենը:
 Ուշագրավ
---