Հանրաքվեին ընտրախախտումների դեպքերով ևս 2 մեղադրանք է առաջադրվել

Հանրաքվեին ընտրախախտումների դեպքերով ևս 2 մեղադրանք է առաջադրվել

PanARMENIAN.Net - Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է թիվ 10/15 ընտրատեղամասում այլ անձի փոխարեն քվեարկելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։ Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ մեղադրանք է առաջադրվել տվյալ ընտրատեղամասի հանձնաժողովի անդամին։

«Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոն-ի կայքում դեկտեմբերի 6-ին հրապարակվել էր ահազանգ, որ Երևան քաղաքի թիվ 10/15 ընտրատարածքում ընտրողը ընտրացուցակում ստորագրելիս նկատել է, որ իր եղբոր և նրա կնոջ անվան դիմաց ցուցակում ստորագրված է, սակայն հանձնաժողովը հրաժարվել է արձանագրել խախտումը։ Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել են թիվ 10/15 ընտրատեղամասի ընտրացուցակներում ընդգրկված այն ընտրողների տվյալները, որոնց փոխարեն, ըստ ահազանգի հեղինակի, մեկ ուրիշը քվեարկել է։ Դեպքի առթիվ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 153-րդ հոդվածի հատկանիշներով։ Նախաքննության շրջանակներում ձեռնարկվել են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու համար։ Ձեռք բերված ապացույցների համաձայն՝ նշված ընտրատարածքի 2 ընտրողի փոխարեն քվեարկել է նույն տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամը։

Նախնական քննության տվյալներով՝ 2015-ի դեկտեմբերի 6-ին Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի ընթացքում «թիվ 10/15 ընտրատեղամասի հանձնաժողովի անդամ Գ. Թումանյանը, նույն ընտրատեղամասի ընտրողներ Լ. Հարությունյանի և Ռ. Հարությունյանի անվան դիմաց գրանցամատյանում լրացրել է մտացածին տվյալներ, ստորագրել և քվեարկել վերջիններիս փոխարեն»:

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Թումանյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 153-րդ հոդվածով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին։ Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին։

Քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել է թիվ 8/25 ընտրատեղամասում այլ անձի փոխարեն քվեարկելու փորձ կատարած անձի ինքնությունը։

2015-ի դեկտեմբերի 6-ին «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն»-ի տեղեկատվական հարթակում հրապարակվել է նյութ առ այն, որ թիվ 112 դպրոցում տեղակայված թիվ 8/25 ընտրատեղամասում ընտրողը 2 անգամ է քվեարկել, իսկ հանձնաժողովը չի արձանագրել խախտումը:

Ըստ քննչական կոմիտեի՝ Ահազանգում մատնանշված հանգամանքներն ստուգելու ուղղությամբ ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 2015 թվականի դեկտեմբերի 6-ին՝ ժամը 12:00-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում, մի երիտասարդ, մոտենալով թիվ 8/25 ընտրատեղամասի հանձնաժողովի անդամ Մայիս Հարությունյանին, կնքելու համար վերջինիս է տվել իր անձնագիրը և քվեածրարը, որի ժամանակ հանձնաժողովի անդամը նկատել է, որ տվյալ անձն արդեն մեկ անգամ քվեարկել է, քանի որ անձնագրում արդեն իսկ առկա է եղել դրոշմակնիքը, և կանչել հանձնաժողովի նախագահին: Նույն պահին երիտասարդը վերցրել է անձնագիրը և շտապ հեռացել ընտրատեղամասից: Նշված փաստն արձանագրվել է թիվ 8/25 ընտրատեղամասի գրանցամատյանում: Նախնական քննության տվյալներով՝ նշված ընտրատեղամասում քվեարկելու փորձ է կատարել մեկ այլ՝ թիվ 8/20 ընտրատեղամասի ընտրող Գ. Խաչատրյանը։ «Ձեռք բերված ապացույցների համաձայն՝ վերջինս 2015-ի դեկտեմբերի 6-ին իր ընտրատեղամասում՝ թիվ 8/20, մասնակցել է հանրաքվեին, ապա գնացել թիվ 8/25 ընտրատեղամաս՝ փորձելով այնտեղ ևս քվեարկել, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով չի կարողացել հանցագործությունն ավարտին հասցնել», - փոխանցում է Քննչական կոմիտեն:

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 34-153-րդ հոդվածով: Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին։

ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի քարոզչության, հանրաքվեի և դրան հաջորդող գործընթացների շրջանակում ՀՀ քաղաքացիների ընտրական իրավունքի իրացմանը խոչընդոտելու վերաբերյալ ահազանգերին՝ դատախազության լիազորությունների շրջանակում պատշաճ իրավական գործընթաց իրականացնելու նպատակով ՀՀ դատախազությունում ստեղծված աշխատանքային խմբի կողմից հունվարի 11-ի դրությամբ ուսումնասիրվել է 514 տարբեր բնույթի տեղեկատվություն (ԶԼՄ-ների և ՀԿ-ների հրապարակումներ, նաև քաղաքացիների ահազանգեր և գրավոր դիմումներ):

56 դեպքով հարուցվել է քրեական գործ:

2015-ի դեկտեմբերի 6-ին Հայաստանում անցկացված սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին մասնակցել է ընտրողների 50.51%-ը: Փոփոխություններին կողմ է քվեարկել ընտրելու իրավունք ունեցողների մոտ 63%-ը՝ 825.851քվե: Դեմ է քվեարկել 421.600 ընտրող կամ մոտ 32%-ը: Սահմանադրական փոփոխությունները նախատեսում են անցում կիսանախագահական կառավարման համակարգից խորհրդարանական կառավարման համակարգի:

Կարդացեք նաև՝ Հանրաքվեի ընտրական հանձնաժողովի 2 անդամին մեղադրանք է առաջադրվել

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---