ՄԻԵԴ-ը վարույթ է ընդունել 2014-ին Ադրբեջանում գերեվարված Խոջոյանի խոշտանգման գործը

ՄԻԵԴ-ը վարույթ է ընդունել  2014-ին Ադրբեջանում գերեվարված Խոջոյանի խոշտանգման գործը

PanARMENIAN.Net - Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) վարույթ է ընդունել 2014-ին Ադրբեջանում գերեվարված, ապա ազատ արձակվելուց մի քանի ամիս հետո մահացած Մամիկոն Խոջոյանի խոշտանգման և նրա նկատմամբ վատ վերաբերմունքի գործը և այդ մասին հաղորդել Ադրբեջանի կառավարությանը: Այս մասին տեղեկացնում է Ընդդեմ իրավական կամայականության (ԸԻԿ) հասարակական կազմակերպությունը:

ՄԻԵԴ-ը Խոջոյանի գործի մասին հայտնել է 2015-ի նոյեմբերի 10-ին։ Գործի հայցվորները Խոջոյանի երեք զավակներն են։ Նրանց ներկայացնում են Մարդու իրավունքների շահերի պաշտպանության եվրոպական կենտրոնը, որը գտնվում է Միդլսեքս համալսարանում, և Երևանում գտնվող Ընդդեմ իրավական կամայականության կազմակերպությունը։ «Մամիկոն Խոջոյանը 77-ամյա Հայաստանի քաղաքացի է, որ պատահաբար հատել էր Ադրբեջանի սահմանագիծը 2014-ին ու այնտեղ ենթադրաբար պահվել իշխանությունների կողմից ավելի քան մեկ ամիս. այդ ընթացքում նա, ազգային և կրոնական ատելության դրդապատճառներից ելնելով, ենթարկվել է խոշտանգումների և վատ վերաբերմունքի մի խումբ անհայտ անձանց կողմից: Նա մահացել է Հայաստանի իշխանություններին հանձնվելուց և տուն վերադառնալուց երկու ամիս անց», - ասված է հաղորդագրությունում:

Ինչպես նշում է ԸԻԿ-ը, հայցվորները բողոքում են, որ իրենց հայրը ենթարկվել է ֆիզիկական բռնության ու նվաստացուցիչ վերաբերմունքի, և որ անազատության մեջ գտնվելու ընթացքում նրան ներարկել են դեղեր, որոնք պարունակել են անձի մոտ տառապանք առաջացնող նյութեր, որոնք վտանգ են ներկայացրել նրա կյանքի համար, լրջորեն խախտվել են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի (ՄԻԵԿ) 2-րդ և 3-րդ հոդվածները:

«Նրանք պնդում են, որ այս գործողությունները, ի վերջո, հանգեցրել են Խոջոյանի մահվանը: Նրանք նաև պնդում են, որ խախտվել են երկու հոդվածի ընթացակարգային հիմնահարցերը, քանի որ Ադրբեջանի կողմից չի իրականացվել Խոջոյանի կալանավորման և նրա նկատմամբ վերաբերմունքի հանգամանքների քննություն: Ինչ վերաբերում է իրենց հոգեկան տառապանքներին, նրանք պնդում են, որ իրենց հոր վնասվածքները ինչպես անազատության մեջ գտնվելու ժամանակ, այնպես էլ ազատ արձակվելուց հետո, հեռուստատեսությամբ և ինտերնետով տեսնելը պարունակում է 3-րդ հոդվածի ևս մեկ խախտում», - նշված է հաղորդագրությունում:

Նշվում է նաև, որ Խոջոյանի զավակները պնդում են նաև, թե իրենց ծեր հայրը անօրինաբար է զրկվել ազատությունից իր 5-շաբաթյա ազատազրկման ընթացքում, և նրան չեն տեղեկացրել, թե ինչու է պահվում անազատության մեջ, ոչ էլ դատարանի առջև է կանգնել:

«Կապված սրա և վերը նշված խախտումների հետ, նրանք գտնում են, որ իրենց իրավունքների արդյունավետ պաշտպանության միջոց չեն ունեցել, որը խախտում է ՄԻԵԿ 13-րդ հոդվածը: Նրանք պնդում են, որ իրենց իրավունքները և իրենց հոր իրավունքները ոտնահարվել են Ադրբեջանի իշխանությունների կողմից նրա հայկական էթնիկ ծագման պատճառով, որը խտրականության արգելման խախտում է (ՄԻԵԿ 14-րդ հոդված)», - ասված է հաղորդագրությունում:

Ըստ ԸԻԿ-ի, Ադրբեջանի կառավարությունը պետք է պատասխանի մեղադրանքներին և դատարանի հարցերին մինչև 2016-ի մարտի 8-ը:

2014-ի մայիսի 20-ին, 77 տարեկանում մահացել է ադրբեջանական գերությունից վերադարձած Մամիկոն Խոջոյանը:

Մարտի 4-ի երեկոյան ՊՆ-ն հաղորդագրություն էր տարածել, որտեղ ասվում էր, թե մեկ ամսից ավելի գերության մեջ մնալուց հետո հոգեկան հիվանդությամբ տառապող Մամիկոն Խոջոյանը ՀՀ իշխանությունների խնամքին է հանձնվել առողջական լուրջ խնդիրներով: Հայրենադարձվելուց հետո Խոջոյանը տեղափոխվել էր Իջևանի բժշկակական կենտրոն, որտեղ անցկացված հետազոտությամբ նրա մարմնին բազմաթիվ կապտուկներ, կոտրվածքներ և վնասվածքներ են հայտնաբերվել:

Առողջապահության նախարարը 2014-ի մարտի 6-ին հանձնարարել էր բժշկական կոնսիլիում կազմակերպել՝ գերեվարությունից հայրենիք վերադարձած Խոջոյանի առողջական վիճակը գնահատելու համար։ Իջևանի բժշկական կենտրոն էր գործուղվել բժիշկ-վնասվածքաբան։

Իջևանի բժշկական կենտրոնում վնասվածքաբան Գոռ Ամրոյանի կատարած նախնական զննությամբ պարզվել էր, որ Խոջոյանի մոտ բազմաթիվ կոտրվածքներ, վնասվածքներ, ինչպես նաև բազմաթիվ վերքեր և սալջարդեր կան: Նրան մարտի 6-ին Երևան էին տեղափոխվել, որտեղ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում կազմվել էր հետազոտման պլան, կատարվել կրծքի, կոնքի, աջ բազկի և նախաբազկի ռենտգեն քննություններ, որովայնի սոնոգրաֆիա, արյան անհրաժեշտ բոլոր հետազոտությունները, ինչպես նաև` գլխի համակարգչային շերտագրում, այնուհետև նրան վիրահատել էին:

Ավելի ուշ Խոջոյանը տեղափոխվեց Երևան՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ՝ հաշվի առնելով այն, որ նեղ մասնագիտական հետազոտությունների կարիք կա։

2014-ի մարտի 6-ին ՀՀ գլխավոր դատախազությունից տեղեկացրին, որ Խոջոյանին առանձին դաժանությամբ խոշտանգելու դեպքի առթիվ քրգործ է հարուցվել։

«Մամիկոն Խոջոյանին գերի լինելու ընթացքում, ազգային, կրոնական ատելության և կրոնական մոլեռանդության շարժառիթներով դրդված մի խումբ անհայտ անձանց կողմից, առանձին դաժանությամբ, դիտավորությամբ նրա առողջությանը պատճառվել է կյանքին վտանգ սպառնացող ծանր մարմնական վնասվածքներ: Դեպքի առթիվ այսօր ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ, 6-րդ և 12-րդ կետերով, ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչությունում հարուցվել է քրեական գործ, և կատարվում է նախաքննություն»,- ասված է դատախազության տարածած հաղորդագրությունում:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---