Լոնդոնում անցկացվել են հայ-բրիտանական ռազմաքաղաքական խորհրդակցություններ

Լոնդոնում անցկացվել են հայ-բրիտանական ռազմաքաղաքական խորհրդակցություններ

PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետության և Միացյալ Թագավարության պաշտպանության նախարարությունների միջև պաշտպանական բնագավառում համագործակցության շրջանակներում Լոնդոնում հունվարի 14-ին անցկացվել են հայ-բրիտանական երկրորդ ռազմաքաղաքական խորհրդակցությունները, որին հայկական կողմից մասնակցել է ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը:

Խորհրդակցությունների ընթացքում ամփոփվել են 2015թ. երկկողմ համագործակցության արդյունքները և քննարկվել են հայ-բրիտանական պաշտպանական բնագավառում 2016-2017թ.թ. համագործակցության հեռանկարները:

Քննարկումների արդյունքում ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալը և քննարկումներին մասնակցող բրիտանական պատվիրակության ղեկավար, Միացյալ Թագավորության միջազգային անվտանգային քաղաքականության (Director International Security Policy) տնօրեն Նիք Գըրը ստորագրել են Հայաստանի Հանրապետության և Միացյալ Թագավարություն պաշտպանության նախարարությունների միջև պաշտպանական բնագավառում 2016-2017 թվականների համագործակցության պլանը:

Այն ընդգրկում է համագործակցության մոտ երկու տասնյակ ուղղություններ, որոնք հիմնականում առնչվում են ռազմական կրթությանը և վերապատրաստմանը, տարբեր ոլորտներում փորձի փոխանակմանը և այլն: ՀՀ Սահմանադրության փոփոխությունների ընդունումից հետո նախատեսվող ՀՀ պաշտպանությանը և անվտանգությանը վերաբերող օրենսդրության վերանայման նպատակով, հաշվի առնելով վերոնշյալ ոլորտներում Մեծ Բրիտանիայի խորհրդարանական կառավարման մեծ փորձը՝ համագործակցության պլանով նախատեսվում է խորհրդատվական աջակցություն:

Ռազմաքաղաքական խորհրդակցությունների ամփոփումը իրականացվել է Միացյալ Թագավորության պաշտպանության նախարարության պահեստազորի և միջազգային պաշտպանական համագործակցության հարցերով պետական նախարար պարոն Ջուլիան Բրեյզերի հետ հանդիպման ընթացքում:

Նույն օրը տեղի է ունեցել ՀՀ ՊՆ պատվիրակության հանդիպումը ՄԹ ԱԳՆ Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով դիրեկտորատի (Head of Eastern Europe & Central Asia Directorate, Foreign and Commonwealth Office) տնօրեն Մայքլ Թաթհամի հետ: Քննարկվել են երկկողմ պաշտպանական համագործակցությանը, միջազգային և տարածաշրջանային անվտանգությանը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն առնչվող հարցեր: Մասնավորապես՝ ներկայացվել է զինված դիմակայության իրավիճակը:

Հունվարի 15-ին Միացյալ Թագավորության խորհրդարանում նախատեսվում է հանդիպում ՄԹ խորհրդարանի բոլորը կուսակցությունները ներկայացնող Հայաստանի հետ բարեկամության խորհրդարանական խմբի նախագահ, ՄԹ խորհրդարանի անդամ Ստեֆան Փաունդի հետ:

Պատվիրակության աշխատանքներին իր մասնակցությունն է բերել ՄԹ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանության դեսպանորդ Արմեն Լիլոյանը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---