21 դեկտեմբերի 2006 - 18:24 AMT
Եթե ընդունելի որոշում լինի Ղարաբաղի հարցով, ապա ընտրությունները դրան չեն խանգարի
Եթե Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով բանակցություններում կողմերի համար ընդունելի որոշման հասնեն, ապա դրան չի կարող խանգարել ընտրությունների անցկացումը, իսկ եթե «վատ որոշում» լինի, կարեւոր չէ արդյոք եղել են ընտրություններ, թե` ոչ: Այդ մասին դեկտեմբերի 21-ին հայտարարել է Հայաստանի խորհրդարանի խոսնակ Տիգրան Թորոսյանը` մեկնաբանելով Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունն այն մասին, թե առաջիկա ընտրությունները կդանդաղեցնեն բանակցությունների գործընթացը: Միեւնույն ժամանակ, նա ընդգծել է, որ նման մոտեցումը պետք չէ վերագրել նախագահին եւ դրանից ինչ-որ ենթադրություններ անել, քանի նույն դիրքորոշումն են ընդունում նաեւ միջազգային կառույցները: «Օրինակ, ԵԱՀԿ ՄԽ համանախագահները եւս նշում էին, որ ընտրական գործընթացները դադաղեցնում են բանակցային տեմպերը, այդ պատճառով էլ 2006 թվականը պատուհան էր համարվում Ղարաբաղյան կարգավորման հարցում»,- ամփոփել է Թորոսյանը, հայտնում է Regnum-ը: