Fitch-ը 2016-ին Հայաստանի ՀՆԱ աճի կանխատեսումը նվազեցրել է մինչև 2%

Fitch-ը 2016-ին Հայաստանի ՀՆԱ աճի կանխատեսումը նվազեցրել է մինչև 2%

PanARMENIAN.Net - Fitch Ratings միջազգային վարկանիշային գործակալությունը 2016-ին Հայաստանի ՀՆԱ աճի կանխատեսումը նվազեցրել է մինչև 2%, նշվում է գործակալության պաշտոնական կայքում։

Հուլիսյան ամփոփագրում գործակալությունը կանխատեսում էր, որ հայկական տնտեսությունը կաճի 2,5 տոկոսով, հայտնում է ԱՌԿԱ գործակալությունը։

«Fitch–ը 2016-ին Հայաստանի տնտեսության աճը կանխատեսում է 2 տոկոսի, իսկ 2017 թ.–ին` 2,8 տոկոսի սահմանում, միաժամանակ կանխատեսումները կախված են արտաքին պայմաններից», – նշվում է հաղորդագրության մեջ։ Fitch–ը նաև վերանայել է 2015 թ. Հայաստանի ՀՆԱ–ի աճի կանխատեսումը` 1,5 տոկոսից դարձնելով 2,7 տոկոս։

Գործակալության գնահատականների համաձայն` հանրապետությունում ներքին պահանջարկը նվազել է 4,9 տոկոսով, իսկ զուտ առևտուրն աճ է գրանցում։ Հայաստանի ներկրումը 9 ամսում նվազել է 26 տոկոսով, իսկ արտահանումն` ընդամենը 1 տոկոսով, ինչը հիմնականում պայմանավորված է Թեղուտ պղնձա–մոլիբդենային հանքավայրի բացմամբ և գյուղատնտեսական արտադրանքի ակտիվ աճով։

Ինչպես նշվում է զեկույցում, հայկական տնտեսության վրա ազդում են արտաքին ազդակները, ինչպես նաև Ռուսաստանի տնտեսության անկումն ու հումքի համաշխարհային գների նվազումը, ինչը 2014-ի վերջին հանգեցրեց ֆինանսական լուրջ ճնշման և 2015-ին ներքին պահանջարկի կտրուկ նվազման։

2014 թ. Ռուսաստանին բաժին է ընկել Հայաստան իրականացրած դրամական փոխանցումների 80 տոկոսը (ՀՆԱ–ի 14 տոկոս), արտահանման 20 տոկոսը և ուղիղ օտարերկրյա ներդրումների 44 տոկոսը, պղնձի արտահանմանը բաժին է ընկնում 22 տոկոս, այլ մետաղներին, հանքաքարերին և ոսկուն` 26 տոկոս։

Դրամական փոխանցումները 2015-ի 9 ամսում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, կրճատվել են 33 տոկոսով (ՀՆԱ–ի 4,5 տոկոսը), իսկ պղնձի գինը 2015-ի դեկտեմբերին նվազել է 28 տոկոսով։

«Այդուհանդերձ, Հայաստանը նկատելիորեն կայուն է ցնցումների նկատմամբ` գրանցելով առևտրի բարձր ցուցանիշներ, ունենալով հասանելիություն միջազգային ֆինանսավորման նկատմամբ և իրականացնելով արձագանքման արդյունավետ քաղաքականություն ԱՄՀ–ի ծրագրի աջակցությամբ։ Քանի որ նավթի, ռուբլու և պղնձի գները շարունակում են մնալ միջին ցուցանիշներից ցածր մակարդակում, դեռևս վաղ է խոսել արտաքին գործոնների չեզոքացման մասին», – նշում է գործակալությունը։

Fitch Ratings միջազգային վարկանիշային գործակալությունը «В+» մակարդակում հաստատել է արտարժույթով և ազգային արժույթով Հայաստանի էմիտենտի դեֆոլտի երկարաժամկետ վարկանիշերը։ Վարկանիշերի կանխատեսումը չի փոխվել` «կայուն»։

Պետբյուջեի համաձայն` Հայաստանի ՀՆԱ–ի աճը 2015 թ.–ին նախատեսված է 4,1 տոկոսի սահմանում։ 2016 թ.–ի հաստատված պետբյուջեի համաձայն` ՀՆԱ–ի իրական աճն ընթացիկ տարում նախատեսված է 2,2 տոկոսի սահմանում։ ՀԲ–ի վերջին կանխատեսմամբ` Հայաստանի ՀՆԱ–ի աճը 2016 թ.–ին կկազմի 2,2 տոկոս։ ՎԶԵԲ–ի կանխատեսմամբ` Հայաստանի տնտեսությունը կաճի 2,2 տոկոսով։

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---