ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակություն. Հումանիտար-տեխնիկական զեկույցին քաղաքական բովանդակություն է տրվել

ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակություն. Հումանիտար-տեխնիկական զեկույցին  քաղաքական բովանդակություն է տրվել

PanARMENIAN.Net - ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակությունը հաղորդագրություն է տարածել կառույցի հունվարի 26-ի լիագումար նիստում հակահայկական բանաձևերի քվեարկության առնչությամբ։

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը` ԵԽԽՎ-ն մերժել է Ռոբերտ Ուոլթերի՝ «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս օկուպացված տարածքներում» բնաձևը: Բանաձևին դեմ է քվեարկել 70 պատգամավոր, կողմ` 66-ը: Բանաձևը քննարկվել է հակահայկական մեկ այլ` Բոսնիայի ու Հերցեգովինայի ներկայացուցիչ Միլիցա Մարկովիչիներկայացրած «Ադրբեջանի սահմանամերձ բնակավայրերի բնակիչները կանխամտածված կերպով զրկվում են ջրից» բանաձևի հետ միաժամանակ: Մարկովիչի ներկայացրած բանաձևին դեմ է քվեարկել 71 պատգամավոր, կողմ` 98:

«Բանաձևերը մեծապես խեղաթյուրում էին Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի պատմությունն ու էությունը և անթույլատրելիորեն միջամտում խաղաղ կարգավորման գործընթացին, ինչի մասին են վկայում ԵԱՀԿ Մինսկ Խմբի համանախագահների ս.թ. հունվարի 22-ի ու ավելի վաղ արված մյուս հայտարարությունները, ինչպես նաև լիագումար նիստում բազմաթիվ պատվիրակների ելույթները։ Խորհրդարանական Վեհաժողովի անդամները, ըմբռնելով պահի պատասխանատվությունը, քվեարկության արդյունքում մերժեցին Ուոլթերի տխրահռչակ բանաձևը: Ինչ վերաբերվում է Սարսանգի վերաբերյալ բանաձևին: ԵԽԽՎ մի շարք պատգամավորներ, անտեսելով միջազգային հանրության կարծիքը, դրսևորելով միակողմանի մոտեցում, քվեարկեցին դրա ընդունման օգտին՝ այդպիսով հումանիտար-տեխնիկական բնույթի զեկույցին տալով քաղաքական բովանդակություն», - ասված է հայտարարությունում։

Նվում է, որ հարցի առնչությամբ հայկական կողմը նախապես իրականացրել էր համապատասխան աշխատանք, այդ թվում՝ հանդիպումներ ԵԽԽՎ պատվիրակների հետ ու ներկայացրել էր իր դիրքորոշումներն ու մտահոգությունները բանաձևերում տեղ գտած ձևակերպումների առնչությամբ, որոնք համահունչ չէին միջազգային հանրության ու, առաջին հերթին, ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահ երկրներ՝ Ֆրանսիայի, ՌԴ և ԱՄՆ կողմից արտահայտած դիրքորոշումներին ու հայտարարություններին։

ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակությունը երախտագիտություն է հայտնել ԵԽԽՎ այն պատվիրակներին, ովքեր ցուցաբերեցին սկզբունքային դիրքորոշում ու ԼՂ հիմնահարցի քաղաքական կարգավորման գործընթացի լիակատար ըմբռնում երկու բանաձևերի քվեարկության ժամանակ և իրենց վճռական դիրքորոշմամբ մերժեցին ԼՂ կարգավորման համար վտանգավոր Ուոլթերի զեկույցը։

ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը Twitter-ի իր միկրոբլոգում գրել է, որ«Ադրբեջանի սահմանամերձ շրջանների բնակիչները միտումնավոր զրկված են ջրից» բանաձևը ջուր է լցում ադրբեջանական քարոզչական ջրաղացին:

«Դրա նպատակն է ԼՂ խաղաղ բանակցային գործընթացի տապալումը»,- գրել է փոխարտգործնախարարը:

2015-ին ԵԽԽՎ-ում ադրբեջանցի պատգամավորները հադես են եկել նախաձեռնությամբ՝ կապված Լեռնային Ղարաբաղի Սարսանգի ջրամբարի հետ։ Ադրբեջանցի պատգամավորներն իրենց առաջարկած տեքստում նշում են, թե Ադրբեջանի սահմանամերձ գոտիներում ապրող բնակիչները միտումնավոր զրկված են ջրից։ Առաջարկության մեջ ասվում է, որ երկար տարիներ՝ հատկապես գարնանն ու ամռանը, Ադրբեջանի սահմանամերձ գոտիների ոռոգումը կատարվել է Թարթառ գետի վրա կառուցված Սարսանգի ջրամբարից, ինչը ներկայումս ամառվա ամիսներին դադարեցվում է։ Այս նախաձեռնությամբ առաջարկվում է ԵԽԽՎ-ին հետաքննություն անցկացնել և ընդունել համապատասխան բանաձև։

2013-ին ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը հայտարարել էր, որ Սարսանգի ջրամբարի և Թարթառ գետից տարբեր ուղղություններով հոսող ջրերի օգտագործումը կարող են գործակցության հիմք հանդիսանալ ԼՂՀ և Ադրբեջանի համար:

«Սարսանգի ջրամբարի հնարավորությունները ավելի մեծ են, քան մենք օգտագործում ենք, և խորհրդային տարիներին կառուցված ջրանցքները ճիշտ օգտագործելու դեպքում դրանից կօգտվեն և՛ հայկական կողմը, և՛ ադրբեջանական կողմը: Եթե Ադրբեջանը չարձագանքի համագործակցության կոչին, Արցախի կառավարությունը ստիպված է լինելու խոշոր ներդրումներ անել` հզոր պոմպակայանների միջոցով Արցախի սահմանամերձ գոտիներում գտնվող ջրային ռեսուրսները միայն սեփական տարածքներ մղելու համար», - ասել էր նա:Սակայն, Ադրբեջանը շարունակաբար անտեսում է գործակցության կոչերը և Սարսանգի ջրամբարի անվտանգության հարցը դարձնում է քարոզչական գործիք միջազգային կազմակերպություններում՝ հայտարարելով, որ Ադրբեջանի սահմանամերձ գոտիներում ապրող բնակիչները միտումնավոր զրկված են ջրից։

Ղարաբաղյան պատերազմի ժամանակ Սարսանգի ջրամբարի շրջակայքում մարտեր են տեղի ունեցել, որոնց ժամանակ կասեցվել է ադրբեջանական բանակի 1992-ի ամառային հարձակումը և ԼՂՀ Զինված ուժերի կողմից վերականգնվել է ջրամբարի նկատմամբ վերահսկողությունը։

Կարդացեք նաև՝ Ուոլթերի հակահայկական բանաձևը ԵԽԽՎ-ում տապալվել է, Մարկովիչի բանաձևն`ընդունվել

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---