Հունաստանին կարող են հեռացնել Շենգենի գոտուց. Աթենքը դեմ է պատասխանատվությունը «ցինիկաբար» իր վրա բարդելուն

Հունաստանին կարող են հեռացնել Շենգենի գոտուց. Աթենքը դեմ է պատասխանատվությունը «ցինիկաբար» իր վրա բարդելուն

PanARMENIAN.Net - Հունաստանը, որի տարածքով է Եվրոպա հասնում փախստականների մեծ մասը, 3 ամսից կարող է Շենգենի գոտուց դուրս հայտնվել, հայտնում է «Ռոսիյսկայա գազետան»:

Ըստ ԵՄ արտաքին սահմանների իրավիճակի մասին Եվրահանձնաժողովի զեկույցի, Աթենքը «լրջորեն խախտել է» Շենգենի գոտու մասնակից երկրների համար սահմանված պահանջները, չի կատարում իր պարտավորությունները առանց վիզաների եվրատարածքի վերաբերյալ և կարող է հեռացվել գոտուց արդեն ընթացիկ տարվա գարնանը:

Ինչպես հայտնի դարձավ, Բրյուսելում տարածվել է ԵՄ փորձագետների զեկույցը, որոնք նախորդ տարվա նոյեմբերին ոչ հրապարակավ ուսումնասիրել են վիճակը թուրք-հունական սահմանին, ինչպես նաև Էգեյան ծովի հունական կղզիներում: Արդյունքում, ստուգողները համոզվել են, որ ոստիկանների քանակը բավարար չէ, ինչպես նաև ափամերձ հսկողությունը, արդյունավետ չէ նույնականացման գործընթացն ու ժամանող ներգաղթյալների գրանցումը: «Մատնահետքերի մասին տվյալները կանոնավոր չեն մուտքագրվում համակարգ, իսկ անձը հաստատող փաստաթղթերի վավերականությունը կանոնավոր կերպով չի ստուգվում անվտանգության բազաների միջոցով: Միայն նոյեմբերից է Հունաստանը սկսել աշխատել Շենգենի կանոնների պահպանման վրա, սակայն դա դեռ բավարար չէ»,-ասվում է փաստաթղթում:

«Զեկույցում ասվում է Հունաստանի կողմից պարտավորությունների խախտման և լուրջ թերությունների մասին արտաքին սահմանների հսկողության ապահովման գործում: Եթե թերությունները չշտկվեն, սահմանները ժամանակավորապես փակելու անհրաժեշտություն կառաջանա»,-մեկնաբանել է զեկույցը Եվրահանձնաժողովի փոխնախագահ Վալդիս Դոմբրովսկիսը: Ընդ որում, սահմանին խստացումը կարող է տևել մինչև 2 տարի` ըստ նախկինում երբեք չկիրառված Շենգենի օրենսդրության 26-րդ հոդվածի, սահմանները թույլատրվում է փակել 6 ամսով` երկարացնելով ժամկետը 3 անգամ:

Փաստացի հաստատվում է այն տեղեկությունը, որ Բրյուսելում, Բեռլինում և ԵՄ մյուս մայրաքաղաքներում մշակում են բալկանյան երկրները փախստականների համար մի հսկա ճամբարի վերածելու ծրագիրը: Ինչպես հունական ԶԼՄ-ներիn հայտնել է Հունաստանի միգրացիոն քաղաքականության նախարար Յանիս Մուզալասը, Բելգիայի ՆԳՆ ղեկավար Յան Յամբոն հարց է դրել Աթենքում 400 հազար փախստականների տեղակայման համար ճամաբար բացելու մասին:

Այդ հեռանկարը, ճիշտ է, ինչ-որ տեղ սարսափեցրել է նաև փորձագետներին, քանի որ այդպիսի քանակի փախստականների հուսալի հսկողության համար տասնյակ հազարավոր ոստիկանների կարիք կլինի: Մինչդեռ Աթենքում կարծում են, որ եվրոպացիները «ցինիկաբար» ջանում են պատասխանատվությունը բարդել Աթենքի վրա»:

«Երբ մենք դեռ 2014-ին զգուշացնում էինք փախստականների նոր ալիքի մասին, մեզ ոչ ոք չէր լսում: Երբ դա իրողություն դարձավ, և մենք լրացուցիչ ռեսուրսներ խնդրեցինք ԵՄ-ից` մեզ մերժեցին: Այժմ մեզ հանդիմանում են, որ մենք չենք կարողանում հսկել ընդհանուր սահմանները և ահաբեկում են Շենգենի գոտուց հեռացնելու հեռանկարով»,-ասել է աղբյուրը Հունաստանի կառավարությունում:

Ըստ պաշտոնական տվյալների, փախստականների վրա Հունաստանի կառավարությունն արդեն 1 մլրդ եվրո է ծախսել, այն դեպքում, երբ տարբեր եվրոպական հիմնադրամներից Աթենքին հասել է միայն 83 մլն եվրո:

Մինչդեռ ըստ ԱՄՀ կանխատեսումների, առաջիկա 3 տարում ներգաղթյալների հոսքը ԵՄ կլինի տարեկան 1,3 մլն մարդ: Նման թվեր է հրապարակել նաև ՄԱԿ-ը` հաջորդ տարի մոտ 1 մլն մարդ կփորձի ներգաղթել Եվրոպա Մերձավոր Արևելքից, Աֆրիկայից և Ասիայից:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---