9 հունվարի 2007 - 15:50 AMT
Բաքվի վանդալիզմը Նախիջեւանում 2006 թվականին գտնվել է ՀՀ ԱԳՆ սեւեռուն ուշադրության կենտրոնում
Հարաբերությունները Ադրբեջանի հետ 2006 թվականին կրել են սահմանափակ բնույթ եւ հիմնականում ընթացել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի շրջանակում: Որոշ շփումներ են եղել նաեւ միջազգային կազմակերպություններում, ինչպես նաեւ հասարակական կազմակերպությունների ու ԶԼՄ-երի ներկայացուցիչների մակարդակով: Միեւնույն ժամանակ, զեկույցում նշվում է, որ մտահոգիչ հարցերից շարունակում է մնալ Ադրբեջանի իշխանությունների կողմից Նախիջեւանում Հին Ջուղայի հայկական գերեզմանատան հուշարձանների ոչնչացումը, ինչը հարցականի տակ է դնում է Ադրբեջանի ցանկությունն` ընթանալ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ճանապարհով: «Հայաստանն առանձնապես կարեւորում է ադրբեջանական իշխանությունների կողմից Նախիջեւանում հայկական մշակութային ժառանգության միտումնավոր ոչնչացման հարցը, քանի որ վանդալիզմի այդ դրսեւորումները ոչ միայն ոչնչացնում են մշակույթի հուշարձանները, այլ նաեւ չեն նպաստում վստահության մթնոլորտի ձեւավորմանը երկու ժողովրդների միջեւ: Ադրբեջանի գործողությունները Նախիջեւանում 2006 թվականին եղել են ՀՀ ԱԳՆ ուշադրության կենտրոնում: Այդ առնչությամբ միջոցներ են ձեռնարկվել մի քանի ուղղություններով: Հայաստանի ԱԳՆ-ն տեղեկացրել է միջազգային հանրությանը վանդալիզմի այդ ակտերի մասին, որոնք դատապարտվել են Եվրոպական խորհրդարանի, ՅՈՒՆԵՍԿՕ-ի, Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի կողմից: Ներկայումս ադրբեջանական կողմը հրաժարվում է թույլ տալ որեւէ միջազգային առաքելության այցը Նախիջեւան` խաչքարերի վիճակը գնահատելու համար»,-ասվում է զեկույցում: