Հետտրավմատիկ սինդրոմի հետազոտություն ԱՄՆ-ում ՝ Սպիտակի երկրաշարժից տուժածների մասնակցությամբ

Հետտրավմատիկ սինդրոմի հետազոտություն ԱՄՆ-ում ՝ Սպիտակի երկրաշարժից տուժածների մասնակցությամբ

PanARMENIAN.Net - 1988-ի Սպիտակի երկրաշարժից տուժածների մասնակցությամբ Միացյալ Նահանգներում անցած հետազոտությունը կարող է լուրջ առաջընթաց արձանագրել հետտրավմատիկ խանգարումների բուժման հարցում:

Հետտրավմատիկ խանգարումները ծանր հոգեբանական սթրեսի միջով անցած մարդկանց մոտ հանդիպող հիվանդություն է: Այն հանդիպում է բռնությունների կամ բնական աղետների զոհերի, ինչպես նաև՝ պատերազմի միջով անցած զինվորականների և քաղաքացիական անձանց մոտ: Արդյունքում, հիվանդությամբ տառապող անձը հիվանդությունն առաջացրած իրադարձությունից տասնամյակներ անց դեռ շարունակում է հոգեբանական սթրես վերապրել:

Այսօր Աֆղանստանից և Իրաքից Միացյալ Նահանգներ վերադարձած զինվորականների մի մասը տառապում է հետտրավմատիկ սինդրոմից: Գիտնականների խոսքով, այս հիվանդությունն ավանդական ընկճախտ կամ հոգեկան խանգարում չէ: Հոգեբանների խոսքով, այս հիվանդության հետ կապված բազմաթիվ հարցեր մինչ օրս առեղծված էին մնում:

Հարավային Կալիֆորնիայի համալսարանի մի շարք գիտնականներ հետազոտել են 1988-ին Սպիտակի երկրաշարժից տուժած մի խումբ մարդկանց՝ փորձելով գենետիկ մակարդակով տարբերություններ գտնել հետտրավմատիկ սինդրոմով տառապող և չտառապող,աղետի գոտուց դուրս եկածների միջև, հաղորդում է «Ամերիկայի Ձայն»-ի հայկական ծառայությաւնը:

Հետազոտման արդյունքներն անսպասելի էին նույնիսկ գիտնականների համար: Պարզվել է, որ ուղեղի աշխատանքի համար պատասխանատու 2 գեն կարող է հետտրավմատիկ սինդրոմի հակում ստեղծել: Այսպես, այդ երկու գենի որոշակի ձևն ունեցող մարդիկ ոչ մի կերպ չեն կարողացել մոռանալ անցյալում իրենց հետ տեղի ունեցած հոգեբանական ծանր սթրեսը:

Գիտնականների խոսքով, արդյունքները թույլ կտան լուրջ առաջընթաց արձանագրել հետտրավմատիկ սինդրոմի բուժման հարցում ու օգնել դրա դրանից տառապող անձանց վերջապես մոռանալ անցյալի ծանր փարձությունները և վայելել լիարժեք կյանք:

27 տարի առաջ, 1988-ի դեկտեմբերի 7-ին Հայաստանը մոտ 35-45 վայրկյան ցնցվեց: Էպիկենտրոնում երկրաշարժի ուժգնությունը Ռիխտերի սանդղակով 10 բալ էր: Երկրաշարժի հետևանքով ավերվածություններ եղան Հայաստանի 21 քաղաքում և 324 գյուղում: Սպիտակ, Գյումրի, Վանաձոր,Ախուրյան, Ստեփանավան… Երկրաշարժն ավերեց հանրապետության հյուսիս-արևմտյան շրջանները:

Աղետը դարձավ, պաշտոնական տվյալներով, 25 հազար մարդու մահվան պատճառ. մահացավ 17 հազար գյումրեցի, 4000 սպիտակցի, 1200 վանաձորցի, 500 ախուրյանցի ու 125 ստեփանավանցի, 100.000-ը ստացան մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ, 19.000 մարդ դարձավ հաշմանդամ, մոտ 530.000 մարդ դարձավ անօթևան: Աղետի գոտուց 120 հազար մարդ տարհանվեց, որոնցից 75 հազարը՝ Հայաստանից դուրս: ՀՀ-ին օգնություն ցուցաբերեց ամբողջ Խորհրդային Միությունն ու աշխարհը…

27 տարի է անցել, սակայն երկրաշարժի հետքերը դեռ մնում են, դեռ կան անօթևան ընտանիքներ:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---