Դիարբեքիրում հայկական եկեղեցիներ են վնասվել

Դիարբեքիրում հայկական եկեղեցիներ են վնասվել

PanARMENIAN.Net - Թուրք-քրդական բախումների ընթացքում վնասվել են հայկական եկեղեցիները

Ավելի քան երկու ամիս Դիարբեքիրի Սուր վարչական շրջանում թուրքական իրավապահ մարմինների և քուրդ զինյալների միջև չդադարող բախումների հետևանքով մի շարք շենքերի, բնակելի տների թվում վնասվել են նաև այդ տարածքում տեղակայված հայկական եկեղեցիները:

Օրերս համացանցում տարածվեցին Սուր վարչական շրջանում գտնվող հայկական եկեղեցիներից մեկի կիսաքանդ շենքի լուսանկարները, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:

Դիարբեքիրի Սբ. Կիրակոս հայկական եկեղեցու սպասավորներից Արմեն Դեմիրճյանը նշել է, որ պայթյունների հետևանքով վնասված եկեղեցինՍբ. Սարգիս հայկական կաթոլիկ եկեղեցին է.

«Իրոք, հայկական կաթոլիկ եկեղեցին ավերակի է վերածվել․ քանդվել են պատերը, զանգակատունը: Տուժել է նաև Սուրբ Կիրակոսը, եկեղեցու պատերից մեկի վրա մեծ անցք է բացվել, ապակիները կոտրվել են: Չգիտենք, թե ինչ վիճակում է, քանի որ ոչ ոք չի կարողանում ներս մտնել»:

Դիարբեքիրի քաղաքապետարանի աշխատակիցներից մեկը, ով չի ցանկացել ներկայանալ, հաստատել է, որ Սուր վարչական շրջան մտնել հնարավոր չէ․ տարածքը փակ է, ներս ու դուրս անելը` արգելված: Տեղի վիճակի և ավերածությունների մասին միայն լուրերից են տեղեկանում:

Թեև Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Դիարբեքիրի Սուր վարչական շրջանի 6 թաղամասում գործողությունները ավարտվել են, մարդիկ դեռ չեն կարողանում վերադառնալ իրենց տներ:

Դիարբեքիրի նահանգապետարանի հաղորդմամբ` Սուր վարչական շրջանում բնակվող մոտ 24 հազար քաղաքացի հիմնականում տեղափոխվել են այլ շրջաններ:

Տեղական իշխանությունները պնդում են, թե ամեն ինչ արվում է վիճակը կայունացնելու համար, չնայած ցայսօր այդ ուղղությամբ գործադրված բոլոր ջանքերը ապարդյուն են եղել:

Դիարբեքիրի 4 թաղամասում հայտարարվել է պարետային ժամ: Թուրքական ԶՈՒ-ն պարետային ժամի ընթացքում իրականացրել է լայնածավալ գործողություններ` քուրդ գրոհայինների փորած խրամատները ծածկելու, բարիկադները հեռացնելու և ինքնաշեն ռումբերը հայտնաբերելու ուղղությամբ:: Թուրք ուժայինները արգելք են դրել փողոց դուրս գալու վրա: Ջիզրեում և Սուրում շարունակվում են փողոցային բախումները:

Փետրվարի 1-ի առավոտյան Թուրքիայի Դիարբեքիր նահանգի Սուր շրջանում տեղի է ունեցել հերթական զինված բախումը քրդերի և թուրքերի միջև: Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ-PKK) գրոհայինները սպանել են 3 թուրք զինվորի: Եվս 2 ոստիկան վիրավորվել է:Հունվարի 31-ին էլ Թուրքիայի սահմանամերձ հարավարևելյան Շըրնաք նահանգի Ջիզրե շրջանում, ՔԱԿ-ականների և թուրքական ուժերիմիջև տեղի ունեցած բախումների ժամանակ սպանվել էր 1 թուրք զինվոր և 2 ոստիկան:

Ըստ Թուրքիայի գլխավոր շտաբի տվյալների, դեկտեմբերի կեսից ոչնչացվել է ավելի քան 750 քուրդ գրոհային: Քուրդ ակտիվիստները պնդում են, որ զոհերի մեծ մասը խաղաղ բնակիչներ են:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---