ՀԿ-ները մտահոգված են. Արդարադատությունը մատչելի չէ

ՀԿ-ները մտահոգված են. Արդարադատությունը մատչելի չէ

PanARMENIAN.Net - Փետրվարի 17-ին ԱԺ-ում լսումներ են անցկացվել ՀՀ կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքի նախագծի և կից օրենսդրական փոփոխությունների փաթեթի վերաբերյալ:

Նախագիծը նախատեսում է ՀԿ-ների գրանցման դյուրություն, կամավորների ներգրավում, սահմանափակ թվով անդամներ ունեցող ՀԿ-ների ստեղծման հնարավորություն, ՀԿ-ների` ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու հնարավորություն և հաշվետվողականության հրապարակայնություն:

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանը հարց է ուղղել ՀԿ-ների` ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու հնարավորության վերաբերյալ: Նա ասել է` արդյո՞ք չպետք է տարբերակում մտցնել ՀԿ-ների միջև այդ հարցում, որովհետև կարող են լինել, օրինակ, իրավապաշտպան ՀԿ-ներ, որոնք չեն ցանկանա կամ չեն հասցնի զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ:

ՀՀ արդարադատության փոխնախարար Արսեն Մկրտչյանը պատասխանել է, որ ՀԿ-ների` ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելը իրավունք է, ոչ թե պարտականություն, և որ դա այդքան էլ մեծ կարգավորում չէ, որպեսզի տարբերակում մտցնեն ՀԿ-ների միջև:

Հարց է հնչել ՀԿ-ների արդարադատության մատչելիության մասին, որը նախագծով բացակայում է, մինչդեռ հինգ տարի առաջ ՍԴ-ն որոշում է ընդունել հենց այդ իրավունքի մասով:

Արդարադատության մատչելիությունը ենթադրում է, որ ՀԿ-ն կարող է իր անդամների կամ շահառուների իրավունքների պաշտպանության հարցով դիմել դատարան:

Մկրտչյանը պատասխանել է, որ ՍԴ այդ որոշումը լիարժեք ուսումնասիրված չէ, և որ արդարադատության մատչելիության հարցը կարգավորվում է դատավարական օրենքներով: «ՀԿ-ների՝ դատարան դիմելու իրավունքը բոլոր երկրներում էլ սահմանափակվում է, և ցանկացած ՀԿ ցանկացած հարցով չի կարող դիմել դատարան»,- նկատել է նա, գրում է Yerkir.am-ը:

Իրավապաշտպան Մերի Խաչատրյանը նշել է, որ րդարադատության մատչելիության իրավունքը պետք է սահմանված լինի օրենքով, հատկապես` իրավապաշտպան ՀԿ-ները պետք է հնարավորություն ունենան դիմելու դատարան իրենց անդամների իրավունքների պաշտպանության հարցով:

«Եթե ՀԿ-ն իր չունի իրավունք իր անդամների շահերի հարցով դիմելու դատարան, ապա դա մտահոգիչ է: Այն, որ գործադիրը հինգ տարի է՝ չի ուսումնասիրել ՍԴ որոշումն այդ հարցով, ես ցավում եմ: Առաջարկում եմ հետաձգել օրենքի նախագծի ընդունումը ամբողջությամբ, եթե այս կարևոր իրավունքը բացակայում է»,- ասել է Խաչատրյանը: Նա նաև հարցրել է , թե ձեռնարկատիրությամբ զբաղվող ՀԿ-ներն արդյո՞ք օգտվելու են հարկային արտոնություններից, և արդյո՞ք կամավորների աշխատանքը գրանցվելու է` որպես աշխատանքային ստաժ:

Փոխնախարարը պատասխանել է , որ բոլոր հարցերը չէ, որ այս օրենքը պետք է կարգավորի: Նա կրկնել է, որ արդարադատության մատչելիության ապահովման հարցը կարգավորվում է դատավարական օրենքներով:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---