Իրանում արտադրվող դեղերը 1 ամսում կգրանցվեն ՀՀ-ում

Իրանում արտադրվող դեղերը 1 ամսում կգրանցվեն ՀՀ-ում

PanARMENIAN.Net - «Հանրային առողջության նոր մարտահրավերները» խորագրով միջազգային նախարարական համաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան է ժամանել նաև Իրանի Իսլամական Հանրապետության առողջապահության և բժշկական կրթության նախարար Հասան Հաշեմիի գլխավորած պատվիրակությունը: ՀՀ առողջապահության նախարարությունում հանդիպման ժամանակ երկու երկրի նախարարները հանգամանալից քննարկեցին հետագա համագործակցության ուղղությունները։

Նախարարները հաստատել են, որ երկու երկրի գործակցության զարգացման ուղղությամբ պետությունների ղեկավարների հաստատակամությունն առողջապահության ոլորտում ևս գործնական քայլեր իրականացնելու լավ հիմք է։

Արմեն Մուրադյանը և Հասան Հաշեմին անդրադարձել են հատկապես բուժական և դեղագործական ոլորտում գործակցության հեռանկարներին։ Փոխադարձ պայմանավորվածություն է ձեռք բերվել ԻԻՀ-ում միջազգային չափորոշիչներով արտադրվող դեղերը մեկ ամսվա ընթացքում գրանցել Հայաստանում։

Քննարկվել են նաև դեղերի ներմուծման և արտահանման խթանմանը, փորձի փոխանակմանը, ինչպես նաև գիտության և կրթության ոլորտներում համագործակցության շրջանակները։

Առողջապահության նախարար Մուրադյանը նշել է, որ վերջերս Մեղրիում բացված արդիական սարքավորումներով հագեցած բժշկական կենտրոնը պատրաստ է ժամանակակից, բարձրակարգ բժշկական սպասարկում մատուցելու նաև Իրանի հյուսիսային շրջանների բնակչությանը։

Այնուհետև ստորագրվել է առողջապահության բնագավառում գործողությունների ծրագիր:

Նախարարները պատասխանել են նաև լրագրողների հարցերին: «Մենք ունենք գործակցության հետագա ընդլայնման հստակ պայմանավորվածություններ՝ հաշվի առնելով, որ բուժական և դեղագործական բնագավառում նոր հեռանկարներ են բացվում»,- ասել է Մուրադյանը: Նրա խոսքով՝ Հայաստանի և Իրանի առողջապահության փոխնախարարների գլխավորությամբ դեռևս 2015թ. դեկտեմբերին ձևավորված աշխատանքային խմբերն արդեն ունեն համատեղ գործունեության անցած ճանապարհ և համագործակցության մատնանշած ուղղություններ:

Անդրադառնալով հայ-իրանական համատեղ բժշկական հաստատություն հիմնելու նախաձեռնությանը, Մուրադյանն ասել է, որ Իրանի առաջարկը երկկողմ հետաքրքրություն է ներկայացնում և դրա տեղայնացումն, ինչպես նաև այլ մանրամասներ այժմ քննարկման փուլում են:

«Երկու երկրի հարաբերությունները զարգացնելու և էլ ավելի բարձր մակարդակի հասցնելու մեծ ցանկություն ունենք: Բուժական և դեղագործական ոլորտները մեծ հետաքրքրություն են ներկայացնում: Առհասարակ, առողջապահության ոլորտում գործակցության զարգացման բազմաթիվ հնարավորություններ կան»,- ասել է Հաշեմին:

Իրանի Իսլամական Հանրապետության առողջապահության և բժշկական կրթության նախարարն անդրադարձել է նաև իմունականխարգելման ծրագրերին, նշեց պատվաստումների կարևորության մասին:

Հայաստանի և Իրանի առողջապահության փոխնախարարների ղեկավարությամբ գործող աշխատանքային խումբը փետրվարի 17-ին այցելել է «Լիկվոր» դեղագործական ընկերություն:Իրանի առողջապահության նախարարի տեղակալ Ռասոուլ Դինարվանդի գլխավորած պատվիրակությունը, ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանի և դեղագործական ընկերության տնօրեն Սերգեյ Մաթևոսյանի ուղեկցությամբ ծանոթացել է Հայաստանում Պատշաճ արտադրական գործունեության` GMP հավաստագիր ստացած առաջին ընկերության արտադրական ծավալներին:

GMP հավաստագրի ստացումը «Լիկվոր» ընկերությանը թույլ է տվել մեծացնել ընկերության արտահանման ծավալները 10-15 տոկոսով: Ընկերությունն արտահանում է արտադրանքի 70%-ը:

Իրանից ժամանած պատվիրակության անդամներն պատրաստակամություն են հայտնել գործակցել Հայաստանի հետ նաև դեղագործության ոլորտում: Իրանական կողմն իր գոհունակությունն է հայտնել մեր երկրում դեղերի որակի վերահսկումից և արտահանման հնարավորություններից:

Իրանը հետաքրքրված է Հայաստանի հետ առողջապահության ոլորտում համագործակցությունն ակտիվացնելու ուղղությամբ: Ընդհանուր առմամբ, այս տարիների ընթացքում երկու կողմերի միջև կազմակերպվել են բազմաթիվ փոխայցելություններ` մասնագիտական փորձի փոխանակման նպատակով, պարբերաբար իրականացվել է հիգիենիկ համաճարակային իրավիճակի մասին տեղեկատվության փոխտրամադրում և փոխօգնություն:

2015թ. դեկտեմբերին Թեհրան կատարած այցի շրջանակում ստորագրվել է «Իրանի Իսլամական Հանրապետության առողջապահության և բժշկական կրթության նախարարության և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության միջև առողջապահության և բժշկագիտության բնագավառում համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագիր: Փաստաթուղթը նպաստում է Հայաստանի և Իրանի առողջապահության նախարարությունների միջև համագործակցության արդյունավետության բարձրացմանը, ինչպես նաև բնակչության առողջության բարելավմանը:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---