Կալաձե. Վրաստանը չի ցանկանում գնել թանկ իրանական գազը

Կալաձե. Վրաստանը չի ցանկանում գնել թանկ իրանական գազը

PanARMENIAN.Net - Վրաստանը չի բանակցում Իրանի հետ գազի առաքումների վերաբերյալ գազի բարձր գնի պատճառով: Այդ մասին Բաքվում հայտարարել է Վրաստանի փոխվարչապետ, էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն, հայտնում է «Գրուզիա Օնլայնը»:

«Իրանական գազի առաքումը Վրաստան հնարավոր է 2 ճանապարհով` Ադրբեջանի և Հայաստանի տարածքով, սակայն քանի որ գները մրցունակ չեն, ուստի իրանական գազի գնումների մասին մենք կարող ենք խոսել միայն ապագայում»,-հայտարարել է Կալաձեն:

Մինչդեռ, իրանական գազի արտահանմամբ զբաղվող NIGEC ընկերության ղեկավար Ալիռեզա Քամալը հայտարարել է, որ Իրանը քննարկում է առաջիկա 7 ամիսներին 200 մլն խմ գազ Վրաստան առաքելու հարցը: Բացի այդ, ըստ նրա, Թեհրանն ու Թբիլիսին քննարկում են երկարաժամկետ պայմանագրի հարցը:

Փետրվարի 24-ին ՀՀ էներգետիկայի ու տրանսպորտի նախարար Երվանդ Զախարյանը հայտարարեց, որ Հայաստանը կարող է ապահովել տարեկան մինչև 500 մլն խորանարդ մետր գազի տարանցում Իրանից Վրաստան: Զախարյանը նշել էր նաև, որ կոնկրետ համաձայնություններ դեռևս չկան, հարցը քննարկվում է:

Ավելի վաղ Կալաձեն հայտարարել էր նաև, որ Վրաստանն ակնկալում է, որ Ադրբեջանի հետ կհաջովի պայմանավորվել գազի լրացուցիչ ծավալների առաքման մասին: Ըստ նրա, Վրաստանն արդեն մի քանի ամիս է բանակցում է «Շախդենիզ» կոնսորցիումի հետ դեպի Վրաստան գազի առաքումների ավելացման վերաբերյալ:

Ադրբեջանական SOCAR նավթագազային պետական ընկերության նախագահ Ռովնագ Աբդուլլաևն իր հերթին Բաքվում ընթացող «Հարավային գազային միջանցքի» խորհրդակցական խորհրդի շրջանակում հայտարարել է, որ Ադրբեջանը լրացուցիչ տարեկան մինչև 500 մլն խմ գազի առաքում կապահովի դեպի Վրաստան:

Վրաստանում գազի տարեկան սպառումը մոտ 2,4 մլրդ խմ է: Վրաստանը «Շախդենիզ« հանքավայրից ստանում է տարեկան 750-800 մլն խմ գազ, 1,4 մլն խմ` SOCAR-ից և ևս 200 մլն խմ` Ռուսաստանից:Այդպիսով` Վրաստանը սպառվող գազի 88% ստանում է Ադրբեջանից, իսկ 12%-ը` Ռուսաստանից:Ռուսական գազը Վրաստանը ստանում է որպես վարձ իր տարածքով դեպի Հայաստան գազի առաքման համար: 2016-ի առաքումները դեռ ճշտվում են` կախված սպառման մակարդակից::

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---