Ընդդիմադիր վեց ուժ հավաք ու երթ անցկացրին Մարտի 1-ի զոհերի հիշատակին

Ընդդիմադիր վեց ուժ հավաք ու երթ անցկացրին Մարտի 1-ի զոհերի հիշատակին

PanARMENIAN.Net - 2008-ի մարտի 1-ի իրադարձությունների տարելիցին ընդդիմադիր վեց ուժ Ազատության հրապարակում միասնական հավաք-երթ անցկացրին՝ «Ընդդեմ պետական ահաբեկչության» կարգախոսով:

Հավաքին մասնակցեցին ՀԱԿ, ՀԺԿ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները, Րաֆֆի Հովհաննիսյանի ու Ժիրայր Սեֆիլյանի նախաձեռնած «Նոր Հայաստան» շարժումը, Պարույր Հայրիկյանի ղեկավարած «Ազգային ինքնորոշում միավորումը», Աշոտ Մանուչարյանի «Հայաստան» նախաձեռնությունը:

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հայտարարեց, որ մարտի 1-ի իրադարձությունների հերթական տարելիցին գործի բացահայտումը նույն տեղում է, ինչ ութ տարի առաջ, չնայած քննությանը թափ հաղորդելու մասին նախագահ Սերժ Սարգսյանի կամ սայլը տեղից շարժելու՝ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի խոստումներին, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը։

«Երբ որ գործը պետք է բացահայտի նա, ով դա արել է, ի՞նչ եք կարծում, դա հե՞շտ բացահայտվող գործ է։ Շատ հեշտ բացահայտվող գործ է իրականում, և դրա մասին ԵԽԽՎ-ն իր բանաձևերից մեկում գրել է՝ ընդամենը պետք է հետազոտել հրամանի շղթան։ Էդ մարդիկ հրամաններ են ստացել ոստիկաններից, էդ կրակողներից ոչ ոք չի գործել առանց հրամանների, և հասկանալի է՝ երբ որ իշխանության են այն մարդիկ, ովքեր կանգնած են այդ հրամանների շղթայի վերջում, նրանք թույլ չեն տա, որ քննությունը գոնե մեկ քայլ առաջ կատարի դեպի այդ ոճրագործության բացահայտումը» , - ասել է Զուրաբյանը։

Նիկոլ Փաշինյանը, իր հերթին, հավաքին հայտարարեց, որ ըստ էության հայտնի է և՛ կատարողների, և՛ հրաման տվողների շրջանակը:

«Չբացահայտման միակ պատճառը քաղաքական կամքի բացահայտումն է», - ասել է նա, գրում է Tert.am-ը:

2008-ի փետրվար ամսվա վերջին, ՀՀ նախագահի փետրվարի 19 ընտրությունների արդյունքներից դժգոհ քաղաքացիները՝ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ հանրահավաքներ ու նստացույց էին անցկացնում Ազատության հրապարակում: Մարտի 1-ի վաղ առավոտյան ոստիկանության աշխատակիցները Ազատության հրապարակում զենք, զինամթերք և մոլոտովյան կոկտեյլներ հայտնաբերելու պատրվակով ներխուժեցին հրապարակ, հարձակվեցին ցուցարարների վրա և ուժով ցրեցին նրանց: Ժամեր անց ցուցարարները հավաքվեցին Մյասնիկյանի արձանին հարող հրապարակում՝ Ֆրանսիայի և Ռուսաստանի դեսպանատների առաջ, և սկսվեց ինքնաբուխ հանրահավաք։ Ավելի ուշ հայտարարվեց պարետային ժամ, մայրաքաղաք մտցվեցին բանակային ստորաբաժանումներ: Բախումների արդյունքում արդյունքում զոհվեց տասը մարդ:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---