Վարդան Պետրոսյանը 2 մլն դրամ կվճարի ավտովթարից տուժածներին

Վարդան Պետրոսյանը 2 մլն դրամ կվճարի ավտովթարից տուժածներին

PanARMENIAN.Net - Դերասան Վարդան Պետրոսյանի և իր մասնակցությամբ ավտովթարից տուժող կողմի միջև մարտի 3-ին համաձայնագիր է ստորագրվել: Այս մասին տեղեկացրել է դերասանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը:

«Համաձայնության բովանդակությունն այն է, որ Վարդան Պետրոսյանը համաձայնում է վճարել 2 մլն դրամ գումար, իսկ տուժող կողմը հրաժարվում է բոլոր տեսակի պահանջներից», - հայտնել է պաշտպանը, գրում է Tert.am-ը:

Նա նաև ասել է, որ համաձայնագիրը ստորագրվել է, մնում է, որ դատավորը այն հաստատի մարտի 15-ի նիստում:

Ավտովթարի առթիվ հարուցված քրգործի նախաքննությունը պաշտոնապես ավարտվել էր հունվարի 23-ին: Գործով դատաքննությունը մեկնարկել էր 2014-ի մարտի 12-ին: Վարդան Պետրոսյանին մեղադրանք էր առաջադրվել, քանի որ 2013-ի հոկտեմբերի 20-ին՝ ժամը 22:10-ի սահմաններում, Կոտայքի Սարալանջ գյուղից դեպի Երևան վարել է իր անձնական «ԲՄՎ-320» մակնիշի, 04 ավտոմեքենան ու, հասնելով Եղվարդ-Երևան ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածին, ոչ պատշաճ, վտանգավոր երթևեկություն իրականացրել:

Ավտոմեքենան վարել է բնակավայրում սահմանված թույլատրելի առավելագույնը գերազանցող առնվազն՝ 71 կմ/ժ արագությամբ և երթևեկության ընթացքում օգտվելով հեռախոսակապից, զրկել իրեն ավտոմեքենայի լիարժեք կառավարումն իրականացնելու տեխնիկական հնարավորությունից:

Ըստ առաջադրված մեղադրանքի, Պետրոսյանը ճանապարհային երթևեկության կանոնների 65 և 66 կետերի, ինչպես նաև «ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքի 23 հոդվածի 3-րդ կետի, 24 հոդվածի 7-րդ կետի «Զ» ենթակետի պահանջներին հակասող գործողություններով վթարային իրադրութուն է ստեղծել, որի արդյունքում ավտոմեքենան դուրս է բերել երթևեկելի մասից դեպի աջ և առջևի մասով ընդհարվել հողածածկ կողնակում կանգնած վիճակում գտնվող «Վազ 21214» մակնիշի ավտոմեքենայի հետևի մասին:

Բախման հետևանքով «Վազ 21214»-ի ուղևորներ էդվարդ ու էդգար Հակոբյանները մահացել են, Տաթևիկ Հակոբյանի առողջությանը կյանքին վտագ սպառնացող ծանր վնաս է պատճառվել, Հայկ ու էմմա Հակոբյանների, ինչպես նաև վարորդ Արթուր Հակոբյանի առողջությանը՝ առողջության տևական քայքայումով միջին ծանրության վնաս:

Պետրոսյանին մեղադրանքն առաջադրվել է ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով՝ «ճանապարհային երթևեկության կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ»:

Մայիսին վերաքննիչ քրեական դատարանն անփոփոխ է թողել Վարդան Պետրոսյանի գործով առաջին ատյանի դատարանի՝ 5 տարվա ազատազրկման վճիռը: Դերասանն իրեն առաջադրված մեղադրանքում մեղավոր չի ճանաչում:

Նա պատիժը բաց ռեժիմով է կրում:

Տեղեկություններ կան, որ Պետրոսյանը արդեն 20 հազար դոլար է տրամադրել տուժող կողմին, մինչդեռ վերջիններս պնդում են, որ դա ծախսվել է հուղարկավորության, այլ ոչ թե բուժման համար: Պետրոսյանը հայտնել է, որ պատրաստ է շարունակել օգնել տուժող ընտանիքին, եթե նրանք ընդունեն, որ տեղի ունեցածը դժբախտ պատահար էր:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---