27 հունվարի 2007 - 15:36 AMT
Իր մարտունակությամբ հայկական բանակը չի զիջում աշխարհի ամենաուժեղ բանակներին
Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը, խորհրդարանի խոսնակ Տիգրան Թորոսյանը, Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը, Լեռնային Ղարաբաղի նախագահ Արկադի Ղուկասյանը, ԼՂՀ Պաշտպանության բանակի նախարարը, Հայաստանի գլխավոր դատախազը, Ոստիկանության պետը, ԱԱԾ ղեկավարը, ուժային նախարարությունների բարձրաստիճան պաշտոնյաները, նախարարները, ղարաբաղյան պատերազմի մասնակիցները հունվարի 27-ին այցելել են Եռաբլուր պանթեոն, որտեղ իրենց հարգանքի տուրքն են մատուցել ղարաբաղյան պատերազմում զոհված ազատամարտիկների հիշատակին եւ ծաղկեպսակներ են դրել հուշարձանի մոտ: «Մենք ամեն անգամ գալիս ենք այսետղ եւ հարգանքի տուրք ենք մատուցում բոլոր նրանց, ով երկրի համար ճակատագրական պահին գնաց մարտի եւ պաշտպանեց Հայրենիքը: Համոզված եմ, որ եթե անհրաժշետ լինի կյանքը զոհել հանուն Հայրենիքի, ապա մեր տղաները կպայքարեն եւ կպաշտպանեն մեր երկիրը»,-հայտարարել է Սերժ Սարգսյանը, հավելելով, որ հայ զինակոչիկները պատրաստ են կյանքը զոհել հանուն Հայրենիքի: Ս.Սարգսյանը նշել է նաեւ, որ Հայոց բանակի առանձնահատկությունն այն է, որ բազմաթիվ սպաներ մարտական փորձ ունեն:

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Սեյրան Օհանյանը նշել է, որ Հայոց բանակի անցած 15-ամյա ուղին լի է եղել տարբեր իրադարձություններով: «Բանակը ստեղծվել է հայ ժողովրդի համատեղ ջանքերով մարտական գործողությունների ընթացքում, իսկ եթե նայենք մարտավարական տեսակետից` ստեղծվեցին բավականին պատրաստված շարժական ջոկատներ»,-գտնում է նա: Ըստ Օհանյանի, հայ ժողովրդի միասնությունն ու պատասխանատվությունը թույլ տվեցին կարճ ժամկետում բարձրացնել Հայոց բանակի մարտունակության մակարդակը: «Այս 15 տարիների նվաճումը միայն այն չէ, որ մենք կարողացանք հաղթել, բարձրացնել մեր բանակի մարտունակությունն ու մարտական հմտությունները, այլ նաեւ այն, որ շատ կարճ ժամկետում մենք հասանք նրան, որ այսօրվա դրությամբ մենք ունենք մի բանակ, որը կարող է մրցակցել տարածաշրջանի երկրների բանակների հետ եւ իր մարտունակությամբ չի զիջում աշխարհի ամենաուժեղ բանակներին»,-նշել է Սեյրան Օհանյանը: «Մենք հաջորդ սերնդին ենք փոխանցում բոլոր այն հմտությունները, գիտելիքները, որոնք ձեռք ենք բերել մարտական գործողությունների ընթացքում եւ այս 15 տարվա ընթացքում: Ես համոզված եմ, որ նրանք մեզանից ավելի կրթված եւ պատրաստված են լինելու»,-ամփոփել է Սեյրան Օհանյանը, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը: